Գրեհեմ Լեմպա. Հայաստանի դիվանագիտությունը ակտիվ է սոցմեդիայում - Mediamax.am

exclusive
13169 դիտում

Գրեհեմ Լեմպա. Հայաստանի դիվանագիտությունը ակտիվ է սոցմեդիայում

Գրեհեմ Լեմպան
Գրեհեմ Լեմպան

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը`


Մայիսի 11-12-ը Երեւանում անցկացվեց ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի կազմակերպած «Էլեկտրոնային դիվանագիտություն. հեռանկարներ եւ մարտահրավերներ» համաժողովը, որին մասնակցեցին 70 դիվանագետ ու գիտնական աշխարհի 25 երկրից: 

 

Մեդիամաքսը բացառիկ զրույց է ունեցել համաժողովի ամենաակտիվ բանախոսներից մեկի՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի Թվանշային դիվանագիտության հարցերով հատուկ խորհրդատու Գրեհեմ Լեմպայի հետ:

 

- Դուք մասնակցեցիք երկօրյա այս համաժողովին, որը նվիրված էր Թվանշային դիվանագիտության հեռանկարներին ու մարտահրավերներին: Ի՞նչ եք մտածում սոցիալական մեդիաներում հայկական դիվանագիտության ներկայացվածության մասին:

 

- Հայաստանի արտգործնախարարությունը շատ ակտիվ է սոցիալական մեդիաներում: Այն առաջին նախարարությունների թվում էր, որ սկսեց ակտիվորեն կիրառել սոցիալական մեդիաները՝ հասարակայնության հետ կապերն ապահովելու նպատակով: Ես տեսնում եմ, որ նախարարության խոսնակները շատ ակտիվ են եւ անմիջականորեն գործակցում ու շփվում են մարդկանց հետ: Ինչ վերաբերում է համաժողովին, ապա ամենից շատ ինձ հետաքրքրում էին բանավեճերն այն մարդկանց միջեւ, որոնք անմիջականորեն ներգրավված են այս ոլորտում որպես գործնական աշխատողներ, եւ գիտնականների բանավեճերը, որոնք վերլուծում են սոցիալական մեդիաների կիրառման տարբեր եղանակները: Դա մեզ հնարավորություն տվեց ավելի խորը վերլուծելու սոցմեդիաների օգտագործման լավագույն ճանապարհները՝ կառավարության ու բնակչության միջեւ կապը պահպանելու տեսանկյունից: Դիվանագիտական դպրոցի սաների հետ շփումը նույնպես շատ արժեքավոր էր, քանի որ նրանք մեզ մարտահրավերներ էին նետում՝ ստիպելով մտածել մարդկանց միջեւ շփում իրականացնելու նոր ուղիների մասին, ինչպես նաեւ այն մասին, թե ինչպես է կարելի դիվանագիտությունը մոտեցնել աշխարհում առկա իրողություններին: 

 

- Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս կբնութագրեիք Թվանշային դիվանագիտությունը: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մի առիթով գրել էր, որ «Թվանշային դիվանագիտություն» առանձին եզրույթի կիրառումն ավելորդ է դարձել, քանի որ այն արդեն դիվանագիտության անբաժանելի մասն է: Ձեր կարծիքով՝ այսօր դեռ մե՞ծ է տարբերությունը թվանշային դիվանագիտության ու ինքնին դիվանագիտության միջեւ:

 

- Ես Թվանշային դիվանագիտությունը կբնութագրեի որպես ինտերնետ-տեխնոլոգիաների կիրառում՝ ընդհանուր դիվանագիտական առաքելության առաջխաղացման նպատակով: Ինչ վերաբերում է պետքարտուղար Քերիի դիտարկմանը, ապա ես կիսում եմ նրա կարծիքը: Կհավելեի նաեւ, որ սոցիալական մեդիաները շարունակում են հանրային դիվանագիտության գործիք մնալ նրանց համար, ովքեր պատասխանատու են արտասահմանյան լսարանների հետ կապի հաստատման ու ազգային սահմաններից դուրս մարդկանց միավորման համար: Կարծում եմ, որ մենք կառաջադիմենք «Թվանշային դիվանագիտությունը» «հասարակ դիվանագիտությանը» ինտեգրելու հարցում, երբ քաղաքական ու տնտեսագիտական բաժինների աշխատակիցները եւս սկսեն կիրառել սոցիալական մեդիաներն իրենց աշխատանքում: Դա նշանակում է, որ նրանք պետք է հասկանան, թե ինչ հասարակական կարծիք է տիրում այն երկրներում, որտեղ իրենք աշխատում են, որպեսզի իրենց կառավարությանն ու արտգործնախարարությանն ավելի մանրամասն տեղեկություններ ներկայացնեն տվյալ երկրի բնակիչների կարիքների ու ցանկությունների մասին:

 

- Որեւէ թերություն կամ սպառնալիք տեսո՞ւմ եք դիվանագիտության ու միջազգային հարաբերությունների ոլորտում սոցիալական մեդիաների կիրառման մեջ:

 

- Կարծում եմ՝ որոշակի վտանգ կա Թվանշային դիվանագիտության օգտագործման մեջ, եւ մենք ԱՄՆ-ում եւս որոշակի սխալներ ենք թույլ տալիս: Երբեմն, օրինակ, կրտսեր դիվանագետները համացանցում ոչ այնքան դիվանագիտորեն են իրենց դրսեւորում, որքան անհրաժեշտ է: Երբ մենք աշխատում ենք այլ երկրների հետ, ինչպիսին օրինակ, Հայաստանն է, փորձում ենք խրախուսել նրանց կիրառել Թվանշային դիվանագիտությունը: Մենք նրանց հիշեցնում ենք, որ չնայած բոլորը հետեւում են ԱՄՆ-ին, ու որոշ մարդիկ շատ կցանկանային, որ մենք թերանայինք, սակայն մեր սխալները կարելի է մեկ ձեռքի մատների վրա հաշվել, եւ երբ մենք սխալվում ենք, անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք ներողություն խնդրել:

 

Պետք է հաշվի առնել այն, որ թվանշային տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները մի քանի անգամ գերազանցում են պոտենցիալ վտանգները: Շատ կարեւոր է պատասխանատու եւ հաշվետու լինել սեփական երկրի հանրության առջեւ, ինչպես նաեւ պատասխանատու՝ այլ երկրների բնակիչների հանդեպ: Դա մեզ հնարավորություն է տալիս լսել մարդկանց ու նրանց առաջարկել այն, ինչի կարիքը նրանք ունեն: Տեխնոլոգիաները մեզ թույլ են տալիս այլ երկրների բնակիչների կարծիքները լսել ու հասկանալ, թե ինչպես ԱՄՆ-ն կարող է օգնել նրանց՝ բարելավելու նրանց կյանքն ու սեփական հասարակությունը:

 

- Որքանո՞վ է հասարակությունն ազդում դիվանագետի հաղորդագրության բովանդակության վրա: Եվ արդյո՞ք դիվանագետը պետք է հաշվի առնի լսարանի արձագանքները:

 

- Կարծում եմ, որ պրոֆեսիոնալները առաջին հերթին պետք է հասկանան, որ նրանք ծառայում են հասարակությանը: Թվանշային տեխնոլոգիաները մեզ թույլ են տալիս ավելի լավ գիտակցել, թե որ ոլորտները բարելավման կարիք ունեն, կամ որ հարցերին մասնագետները պետք է առավել մեծ ուշադրություն դարձնեն: Հասարակությունը մարտահրավեր է նետում պաշտոնատար անձանց, քանի որ մենք, որպես կանոն, կիրառում ենք դիվանագիտական բառապաշարի նրբությունները, եւ մեր խոսքը երբեմն այնքան ուղիղ չէ, որքան կցանկանար տեսնել լսարանը: Բարեբախտաբար, հասարակությունը ստիպում է մեզ ավելի հստակ արտահայտվել: Դա մարտահրավեր է մեզ համար եւ յուրաքանչյուր նախարարության համար, որ ջանում է միավորել իրական մարդկանց: 

 

- Որո՞նք են սոցիալական մեդիայի օգտագործման ընդհանուր սխալներն ու ձախողումները:

 

- Ըստ իս՝ ամենամեծ սխալը ձանձրալի լինելն է, երբ սոցիալական մեդիաները դիտարկվում են պարզապես որպես մամուլի հաղորդագրությունների տարածման միջոց: Դուք իսկապես պետք է խոսեք մարդկանց հետ, եւ դա պետք է անեք նրանց լեզվով, որպեսզի նրանք հասկանան ձեր աշխատանքի կարեւորությունը: Մարդիկ պետք է զգան, որ հրավիրված են՝ ձեզ հետ զրուցելու: Երբ դուք օգտագործում եք ձեր մասնագիտական, ընկալման համար բարդ լեզուն, մարդիկ չեն տեսնում այդ զրույցի հրավերը: Դա կարող է ստիպել նրանց մտածելու, որ իրենք «փորձագետներին» ասելու բան չունեն: Մարտահրավերը բարդ իրողությունները պարզ լեզվով բացատրելն է: Սոցիալական մեդիաները նաեւ ստիպում են կառավարություններին հաշվետու լինել, իսկ պաշտոնատար անձանց՝ ավելի պարզ արտահայտել հասարակության կյանքի բարելավման հետ կապված իրենց գաղափարները:

 

- Կոնկրետ ի՞նչ խորհուրդ կարող եք տալ «ձանձրալի» չլինելու համար: Ամեն դեպքում, սոցցանցերում ԱԳՆ-ի հիմնական առաքելությունը պաշտոնական հաղորդագրություններ տարածելն է: Ինչպե՞ս կարելի է այն ավելի զանազան եւ հետաքրքիր դարձնել:

 

- Մենք կարծում ենք, որ պետական պաշտոնյաների եւ քաղաքական առաջնորդների համար ավելի օգտակար է, երբ նրանք անձամբ են ներկայացված սոցցանցերում: Երբ մարդն ինքն իրեն է ներկայացնում, դա նրան ավելի բաց եւ հանրության համար ավելի հաշվետու է դարձնում: Այսինքն` հասարակությունը պետական ինստիտուտի հետեւում իրական մարդ է տեսնում: Երբ դուք նայում եք ԱՄՆ պետքարտուղարության կամ Հայաստանի ԱԳՆ-ի պաշտոնական օգտահաշիվները, առաջին հերթին մտածում եք շենքի կամ դրոշի մասին, սակայն սոցցանցերը պետք է օգտագործվեն մարդկանց միավորելու եւ գաղափարներ փոխանակելու համար:

 

- Ձեր կարծիքով՝ Թվանշային դիվանագիտության ինչպիսի՞ ռազմավարություն կարող են որդեգրել Հայաստանի նման փոքր պետությունները:

 

- Կարծում եմ, որ սոցիալական մեդիաները շատ պիտանի են նաեւ փոքր երկրների պարագայում: Հայաստանը մեծացնում է իր ներկայությունը սոցիալական մեդիաներում: Թվանշային դիվանագիտության մեր դասախոսության ժամանակ [որին մասնակցում էին Հայաստանի պետական գերատեսչությունների հանրային կապերի պատասխանատուները - Մեդիամաքս] ես նրանց մոտ սոցցանցերի օգտագործման մեծ ցանկություն նկատեցի: Երբ դուք օգտագործում եք այդ գործիքները պետության բրենդավորման կամ ձեր երկրի մասին երկխոսության ծավալելու համար, սոցիալական մեդիան հնարավորություն է տալիս ընդլայնել ձեր ռեսուրսները՝ դուրս գալով ձեր պետության ֆիզիկական սահմաններից դուրս:

 

Հայաստանն ունի նաեւ Սփյուռքի առավելությունը: Հաջողության բանալին կարող է լինել ձեր սփյուռքի, դեսպանությունների եւ բիզնես մարդկանց համախմբումը՝ քննարկելու ձեր մեծ ակտիվների կիրառման լավագույն եղանակները՝ ի նպաստ Հայաստանի՝ փոքր, սակայն միջազգային ասպարեզում ազդեցիկ պետության զարգացմանը:  Թվանշային դիվանագիտությունը դրան հասնելու ճանապարհներից է՝ այդ բոլոր էլեմենտները համախմբելու եւ երկխոսություն ծավալելու համար:

 

- Ինչպիսի՞ն է թվանշային դիվանագիտության ապագան: Ի՞նչ հեռանկարներ են մեզ սպասում այս բնագավառում:

 

- Ինձ թվում է, որ թվանշային ներգրավվածությունը մեզ հնարավորություն է տալիս խոսել եւ լսել բազմաթիվ մարդկանց այնպիսի միջոցներով, որոնց օգտագործումը անցյալում հնարավոր չէր: Դա նաեւ մարդկանց սեփական կառավարության հետ խոսելու հնարավորություն է ընձեռում: Թվանշային տեխնոլոգիաները մեզ համար նոր հնարավորություններ են բացում, ինչպիսին է օրինակ քրաուդսորսինգը, երբ դուք մոբիլիզացնում եք մարդկանց հանուն ինչ-որ նպատակի: Երբ մենք խրախուսում ենք մեր քաղաքական ու տնտեսական բաժինների պատասխանատուներին օգտագործել սոցցանցերը, մենք ընդգծում ենք, որ բացի նրանից, որ անհրաժեշտ է խոսել, լսելը այս պարագայում ոչ պակաս կարեւոր է: Մարդկանց լսելը լավ հնարավորություն է՝ վերլուծելու տեղի ունեցող իրադարձությունները:

 

Ես սիրում եմ ասել, որ տեխնոլոգիաները թույլ են տալիս ձեզ կարդալ մարդկանց մտքերը եւ տեսնել ապագան: Եթե դուք ճիշտ մարդկանց եք հետեւում սոցցանցերում, ապա ականատես կլինեք պատմությունների զարգացմանը՝ նախքան նրանց՝ հեռուստատեսությունում կամ թերթերում հայտնվելը: Դիվանագետների համար սա, թերեւս, սոցցանցերի ամենահետաքրքիր ասպեկտն է:

 

Գրեհեմ Լեմպայի հետ զրուցել է Արամ Արարատյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին