Անտոնիո Մարաս. «Փարաջանովին պատահաբար բացահայտեցի» - Mediamax.am

exclusive
15252 դիտում

Անտոնիո Մարաս. «Փարաջանովին պատահաբար բացահայտեցի»

Անտոնիո Մարասը
Անտոնիո Մարասը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Միլանի նորաձեւության շաբաթում վերջերս ցուցադրվեց մի հավաքածու, որի յուրաքանչյուր զգեստ ներդաշնակում էր փարաջանովյան գույներն ու ձեւերը, իսկ ձեռագործ նախշազարդերը յուրօրինակ հայկական շունչ էին հաղորդում:

 

Հավաքածուի հեղինակը իտալացի մոդելյեր Անտոնիո Մարասն էր, Kenzo նորաձեւության տան նախկին կրեատիվ տնօրենը, որի վերջին հավաքածուի համար ոգեշնչման աղբյուր էր հանդիսացել Սերգեյ Փարաջանովի արվեստը:  Նախորդ շաբաթ նա ընտանիքի հետ ժամանել էր Հայաստան` IDeA հիմնադրամի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդի հրավերով:

 

Մեզ հետ զրույցի ընթացքում Անտոնիո Մարասը պատմեց Փարաջանովի թանգարանում իր համար պատրաստված անակնկալի, հայաստանյան աշունից եւ տեսարժան վայրերից ստացած տպավորությունների մասին: Մեր զրուցակիցը խոսեց նաեւ փարաջանովյան հավաքածուի, իտալական կինոյի եւ շատ ու շատ այլ բաների մասին: Ի դեպ, հարցերին պատասխանելիս Անտոնիո Մարասը շարունակ նկարում էր իր ալբոմի մեջ: Զրույցի ավարտին նա ինձ ցույց տվեց դիմանկարս:  

 

-Պարոն Մարաս, Ձեր վերջին գարուն-ամառ 2016 հավաքածուն ունի փարաջանովյան մոտիվներ: Ե՞րբ ծանոթացաք Սերգեյ Փարաջանովի արվեստին, եւ հատկապես ի՞նչը ոգեշնչման աղբյուր դարձավ Ձեզ համար: 

 

- Իմ առաջին հանդիպումը Փարաջանովի հետ շատ պատահական ստացվեց: Իտալիայում կինոյին նվիրված մի հեռուստահաղորդում կա, որը կոչվում է «Ժամանակից դուրս» եւ հեռարձակվում է կեսգիշերին: Մի օր պատահաբար արթնացա կեսգիշերին եւ միացրեցի հեռուստացույցը: Աչքերիս առջեւ հայտնվեց ֆիլմից մի կադր, որտեղ մի կին իր դեմքին է մոտեցնում ժանյակի մի կտոր: Դեպքը 10 տարի առաջ էր, եւ այդ ժամանակ հեռուստահաղորդումը ետ տանելու հնարավորություն չկար, որպեսզի ստանայի ֆիլմի մասին ողջ ինֆորմացիան:

Անտոնիո Մարասը Անտոնիո Մարասը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սպասեցի մինչեւ հաղորդման ավարտը, որպեսզի իմանամ, թե ով է այդ գեղեցիկ պատկերների հեղինակը: Ի վերջո, լսեցի եւ գրի առա ռեժիսորի անունը՝ Սերգեյ Փարաջանով: Ֆիլմը նվիրված էր Սայաթ-Նովային եւ կոչվում էր «Նռան գույնը»: Առավոտյան սկսեցի տեղեկություններ հավաքել այդ արտիստի մասին: Իմ տեսած առաջին պատկերը՝ կինը եւ ժանյակի կտորը, շատ տպավորեց ինձ:

 

Հինգ տարի առաջ Փարիզում կրկին պատահաբար հանդիպեցի Փարաջանովին նվիրված մի ցուցահանդեսի: Ներս մտա եւ բացահայտեցի, որ նա ոչ միայն ռեժիսոր է եղել, այլեւ ունիվերսալ արտիստ: Այնտեղ բացահայտեցի, որ Փարաջանովը եղել է կոլեկցիոներ, որը կարողացել է նոր իմաստներ ու նշանակություններ տալ իրերին, եղել է կոլաժի վարպետ: Բացի այդ նա արվեստների՝ պարի, երաժշտության, թատրոնի, իտալական մշակույթի սիրահար էր, Ֆելինիի եւ Պազոլինիի, Տոնինո Գուերայի ընկերը:

 

-Դուք պլանավորո՞ւմ էիք նրա արվեստի շունչը կրող հավաքածու ստեղծել:

 

- Ոչ, չեմ պլանավորել, բայց շարունակ մտածել եմ նրա արվեստի մասին: Փարաջանովյան որոշ մասնիկներ պահպանվել էին մտքիս պահարաններում: Իմ աշխատաոճը մի փոքր նման է Փարաջանովի ոճին: Ես նույնպես հավաքում եւ խմբավորում եմ մտքեր, գաղափարներ, թերթերի եւ ամսագրերի էջեր, լուսանկարներ, իրեր, որոնք հայտնվում են իմ ձեռքերում: Ճիշտ պահին գաղափարները դուրս են թռչում մտքիս պահարաններից, ինչպես որ իմ տան պահարանից որոշ ժամանակ առաջ հայտնաբերեցի այն կատալոգը, որը գնել էի Փարաջանովի ցուցահանդեսի ժամանակ: Այդ օրը որդիս ինձանից ֆիլմի խորհուրդ հարցրեց եւ ես անմիջապես ասացի՝ «Նռան գույնը»: Հենց այդ պահից շատ բնականոն ընթացավ հավաքածուի պատրաստումը:

Անտոնիո Մարասը Անտոնիո Մարասը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ինձ հետ մեկ այլ հետաքրքիր դեպք էլ պատահեց: Ինչպես գիտեք, Փարաջանովի գործերից շատերը պատրաստված են ջարդոններից, հատկապես ճենապակու կտորներից: Մեր ընկերներից մեկը հյուրընկալվել էր մեզ մոտ Սարդինիայում եւ շատ գեղեցիկ ճենապակյա սպասք էր բերել իր հետ: Ես այն դրել էի սեղանին: Մի օր անզգուշորեն դիպչեցի եւ կոտրեցի այդ գեղեցիկ սպասքը: Մտածեցի, որ սա արդեն ճակատագիր է: Դեռ պահպանում են իմ ընկեր Իրինայի հրաշալի նվերը, թեեւ մանր մասեր են մնացել միայն:

 

- Կպատմե՞ք հավաքածուի մասին:

 

- Յուրաքանչյուր հավաքածու ծնվում է գաղափարից, պատմությունից, ինչ-որ բան ասելու եւ ինչ-որ բան տալու պահանջմունքից: Նախեւառաջ Փարաջանովին ներկայացրեցի իմ աշխատակիցներին: Ոչ ոք չէր լսել նրա մասին: Եվ բոլորը հիացած էին նրա կերպարով` հատկապես նրա ֆիլմերի գեղեցիկ պատկերների շնորհիվ: Գրավիչ են նաեւ այն կոլաժները, որոնք ստեղծելիս նա օգտագործել է ժանյակներ եւ ասեղնագործ կտորներ: Իմ հավաքածուի ձեռագործ աշխատանքը այդ ամենի կարեւոր արտահայտությունն է:

Անտոնիո Մարասը Անտոնիո Մարասը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հավաքածուներն ինձ համար կարծես մի մեծ խճանկարի փոքր կտորներ լինեն: Հավաքածուի ցանկացած մասնիկ յուրաքանչյուր կին կամ տղամարդ կարող է համադրելի դարձնել իր ճաշակին, ոգուն եւ երեւակայությանը համապատասխան: Օրինակ, կարող է միախառնել այլ գույների հետ, չպահպանելով իմ մատուցած ձեւը: Այսինքն՝ այստեղ փոխանակությունների խաղ կա, ինչն ամբողջական է դարձնում իմ մտքի խճանկարը: 

 

- Ձեր հավաքածուներում գերակշռում է ձեռքի աշխատանքը:

 

- Յուրաքանչյուր հավաքածու բաղկացած է երկու մասից: Մի մասը գործարանային աշխատանքի արդյունք է` այդ զգեստներից յուրաքանչյուրը կարող ենք թողարկել որքան ուզենք: Հավաքածուի մյուս, առանձնահատուկ մասը, պատրաստվում է Սարդինիայում գտնվող Antonio Marras լաբորատորիայում: Այնտեղ ամենը ձեռքի աշխատանք է: Ձեռագործն ու ասեղնագործը հավաքածուների ամենաճանաչելի մասն են, երբ այն տեսնում են, միանգամից հասկանում են, որ իմ աշխատանքն է: Ձեռքի աշխատանքի արդյունքում հնարավոր չէ ստանալ նույն զգեստի կատարելապես իրար նման մոդելներ, եւ դա յուրաքանչյուր աշխատանք առանձնահատուկ է դարձնում:

 

-Ձեր ոճը Kenzo նորաձեւության տնից հեռանալուց հետո փոփոխություններ կրե՞լ է:

 

- Իմ ոճը չի փոխվել, սակայն, ակնհայտ է, որ այն եւս երեւույթների բնականոն էվոլյուցիայի մի մասն է: Իհարկե, Kenzo-ն իմ կարիերայի եւ իմ կյանքի կարեւորագույն հատվածներից էր, սակայն դրանից հետո ես ավելի շատ եմ կենտրոնացել իմ աշխատանքի վրա: Կարծում եմ, ավելացել է միայն իմ եռանդն ու ծախսած էներգիայի քանակը: 

 

-Գիտեմ, որ Ձեզ հետաքրքրում է կինոն: Վերջին ֆիլմերից ո՞րն է ամենաշատը տպավորել Ձեզ:

 

- Վերջին ֆիլմը, որ ինձ տպավորել է, կոչվում է «La Grande Bellezza»: Այն ինձ համար մեծ անակնկալ էր. սովորաբար իտալացիները բավականին թերահավատ են իտալական կինոյի հանդեպ՝ հատկապես ժամանակակից կինեմատոգրաֆիայի նկատմամբ: Հզոր էր նաեւ Մատեո Գարրոնեի «L'imbalsamatore» ֆիլմը:

 

-Ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները Հայաստանից:

 

- Շնորհակալ եմ Վերոնիկային հրավերի համար: Շատ տպավորված եմ Հայաստանից: Ես եկել եմ Միջերկրական ծովի մեջտեղում գտնվող շատ փոքր կղզուց՝ Սարդինիայից: Այն քաղաքում, որտեղ մեծացել եմ, մարդիկ խոսում են կատալաներեն (Catalan): Մենք այն անվանում ենք կղզի կղզու մեջ, քանի որ մեր քաղաքը մշակութապես առանձնացված է Սարդինիայից: Մեզ մոտ յուրօրինակ ազգային առանձնահատկություն է համարվում հյուրասեր լինելը: Ձեր երկրում ես տեսնում եմ յուրահատուկ ջերմ ու բարի վերաբերմունք: Նախկինում կարծում էի, որ բացի Սարդինիայից, ուրիշ ոչ մի երկրում այդպիսի հյուրընկալություն չկա: Մենք դա միշտ համարել ենք մեր առանձնահատկությունը: Մարդկանց մտահոգելու, անհարմար իրավիճակի մեջ գցելու աստիճան հյուրընկալ ենք: Այստեղ՝ Հայաստանում, հրաշալի վերաբերմունքի ենք արժանացել:

 

Բոլորը փոքր-ինչ տխրել են եղանակի համար, որ շատ է անձրեւում եւ մառախլապատ է, սակայն ինձ այս եղանակը անչափ դուր է գալիս: Կարծում եմ, որ այս եղանակի շնորհիվ աշունն ավելի արտահայտիչ է դարձել եւ լանդշաֆտը ավելի գեղեցիկ է, գույներն ավելի տպավորիչ են: Երբ առաջին օրն այցելեցինք Գեղարդ, վանքը մառախուղի մեջ էր… Աննկարագրելի գեղեցիկ տեսարան էր:

Անտոնիո Մարասը Անտոնիո Մարասը

Լուսանկարը` Մեդիամաքս

Փարաջանովի թանգարան էինք այցելել, որտեղ մեզ ընթրիք մատուցեցին: Այնտեղ նաեւ հրաշալի նվեր ստացա: Թանգարանի տնօրենը՝ Զավենը, ինձ նվիրեց ժապավենով կնոջ լուսանկարը, ֆիլմի այն կադրի, որի շնորհիվ ես ծանոթացա Փարաջանովի հետ:

 

-Ի՞նչ կարծիք եք կազմել UWC Dilijan դպրոցի մասին:

 

- Փոքրիկ Դիլիջանում շատ անսպասելի էր բացահայտել երազանքի դպրոց, մի դպրոց, ուր ուզում ես հաճախել: Իմ դպրոցական տարիներին շատ խնդիրներ ունեի սովորելու հետ կապված: Սա սովորական դպրոց չէ, հիանալի է, որ ուսանողները կարողանում են ընտրել այն առարկաները, որոնց վրա ուզում են կենտրոնանալ:

 

Հրաշալի է, որ կարող են տեղաշարժել իրենց սեղաններն ինչպես ցանկական: Աշակերտները շատ ոգեւորված ցույց էին տալիս, թե ինչպես են սովորում եւ որտեղ են ապրում: Նրանք ասացին, որ որոշ ժամանակ առաջ անգամ չգիտեին, թե որտեղ էր գտնվում Հայաստանը: Հիմա ժամանել են այստեղ եւ աշխարհի ամենաերջանիկ մարդիկ են: Նրանք մեզ համոզեցին որ սա աշխարհի ամենալավ դպրոցն է: Կուզեի վերադարձնել իմ երիտասարդ տարիները եւ հաճախել այս դպրոց:

 

-Հայկական նորաձեւության մեջ կարծես թե ստեղծարարության պակաս կա: Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր ցանկություն ունեն զարգացնել նորաձեւության բնագավառը Հայաստանում:

 

- Նախեւառաջ, կարեւոր է լավ կրթություն ստանալ ու հասարակությանը պիտանի անհատ, լավ մարդ դառնալ: Կարելի է սովորել քիմիա, մաթեմատիկա, բայց լինել ստեղծարար: Պետք է նաեւ շատ լավ գիտակցել, թե որտեղից ես գալիս, կարեւոր է իմանալ սեփական մշակույթը: Ովքեր իսկապես ուզում են զբաղվել նորաձեւությամբ, հավատում են դրան, եւ նորաձեւությունը նրանց մտքերի, նրանց տիեզերքի կենտրոնում է: Շատ կարեւոր է, որ այդ մարդիկ բազմաթիվ արբանյակներ ունենան նորաձեւության մոլորակի շուրջ:

Մարիամ Մանոյանը Մարիամ Մանոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ինձ համար նորաձեւությունն իմ տիեզերքի կենտրոնում է, բայց նրա շուրջը պտտվում են բազմաթիվ արբանյակններ, դիսցիպլիններ, այն ամենն, ինչ ինձ երբեւէ հետաքրքրել է՝ գրականությունը, թատրոնը, բալետը, կինեմատոգրաֆիան: Իմ մոլորակը եւ նրա շուրջը պտտվող արբանյակները շարունակական փոխանակության մեջ են: Նորաձեւությամբ զբաղվող մարդիկ պետք է գիտակցեն, որ սա շատ կարեւոր է, այլապես նրանց արվեստը չի զարգանա: Կարեւոր է նաեւ շատ ճամփորդելը, միգուցե կրթություն ստանալու նպատակով, օրինակ Ֆրանսիայում, Իտալիայում կամ այլ երկրներում: Հետո, իհարկե, պետք է վերադառնալ սեփական երկիր, սեփական մշակույթին եւ արմատներին:

 

-Պատրաստվո՞ւմ եք Հայաստանում էլ Antonio Marras խանութ բացել:

 

- Հրաշալի կլիներ: Տեսա, որ Երեւանում մուլտիբրենդային խանութներ ունեք, այնպես որ, բացառված չէ:

 

Անտոնիո Մարասի հետ զրուցել է Մարիամ Մանոյանը

 

Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին