Իգոր Առաքելյան. «Ավրորայի» գաղափարը բացառիկ է» - Mediamax.am

exclusive
22370 դիտում

Իգոր Առաքելյան. «Ավրորայի» գաղափարը բացառիկ է»

Իգոր Առաքելյանը
Իգոր Առաքելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Երեւանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) գործադիր տնօրեն Իգոր Առաքելյանի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքսին

 

- Երեւանի կոնյակի գործարանը Aurora Prize for Awakening Humanity մրցանակի գործընկերն է, որի հանձման արարողությունը տեղի կունենա Երեւանում ապրիլի 24-ին: Ի՞նչը ոգեշնչեց ձեզ դառնալ այս նախաձեռնության գործընկեր:

 

- Մեզ համար, իսկապես, կարեւոր է մասնակցել նման լայնածավալ մարդասիրական նախաձեռնությանը:

 

Իրականում, եթե հետադարձ հայացք գցենք ԱՐԱՐԱՏ-ի պատմությանը, դժվար չէ նկատել, որ Հայաստանի համար նշանակալից նախաձեռնությունները մշտապես եղել են Երեւանի կոնյակի գործարանի ուշադրության կենտրոնում: Հայաստանի ու ԱՐԱՐԱՏ-ի պատմությունը հաճախ սերտորեն փոխկապված է եղել:

 

Այդ պատճառով դժվարանում եմ նշել միայն մեկ պատճառ, որը մեզ «Ավրորայի» հետ համագործակցության ոգեշնչեց: Նախաձեռնությունը անչափ հետաքրքիր է թե իր հայտարարված նպատակներով, թե գաղափարային բաղադրիչով: Հայոց ցեղասպանության վերապրածների անունից 100 տարի անց փրկիչներին շնորհակալություն հայտնելու եւ նոր գլոբալ նախաձեռնությանը սկիզբ դնելու գաղափարը բացառիկ է, եւ մեզ անսահման հաճելի է մեր լուման ունենալ այս գործում: 

 

- Թերեւս առանց չափազանցնելու կարելի է ասել, որ ԵԿԳ-ն Հայաստանի վերածննդի խորհրդանիշերից մեկն է:

 

- Դա ճիշտ է, քանի որ Երեւանի կոնյակի գործարանը չի դադարեցրել աշխատանքը նույնիսկ ամենաբարդ ժամանակաշրջաններում, եւ ամեն անգամ վերածնվել է, շնորհիվ մարդկանց՝ Վարպետների, ովքեր անձնուրաց սիրել են եւ նվիրված են եղել սեփական գործին:

 

Հաջորդ սերունդներին ոգեշնչող կարեւոր օրինակ է Մարգար Սեդրակյանի՝  Երեւանի կոնյակի գործարանի կուպաժի ամենավառ վարպետներից մեկի պատմությունը: Ցեղասպանություն վերապրած այդ մարդը մեծ ճանաչում ձեռք բերեց, դառնալով Համտեսի Ասպետ եւ Սոցիալիստական աշխատանքի հերոս:

 

Հենց նա է ստեղծել ԱՐԱՐԱՏ-ի մի շարք հանրահայտ կուպաժները: Իր յուրաքանչյուր կուպաժով նա խորին հարգանքի եւ անկեղծ պատվի տուրք էր մատուցում իր առատ հողին ու ազատասեր ազգին:

 

- Թույլ տվեք Ձեզ շնորհավորել հաղթանակի կապակցությամբ. վերջերս տեղեկացանք, որ Երեւանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ կոնյակները բարձր մրցանակներ են ստացել Սան Ֆրանցիսկոյում:

 

- Միանշանակ, դա կարեւոր հաղթանակ է Երեւանի կոնյակի գործարանի ամբողջ անձնակազմի համար: Առասպելական հայկական ԱՐԱՐԱՏ կոնյակը առաջին հայկական բրենդն է, որը ներկայացրել է մեր երկիրը San Francisco World Spirits Competition մրցույթին: Իր պատմական ուղին շարունակելով եւ նոր մրցանակներ շահելով, ԱՐԱՐԱՏ-ի «Ախթամար» 10 տարի հնեցման կոնյակը ստացավ ոսկե մեդալ, իսկ 5 տարի հնեցման «Հինգ աստղ» կոնյակը ստացել է արծաթե մեդալ: Մենք հպարտ ենք, որ ԱՐԱՐԱՏ կոնյակները արժանավայել կերպով ներկայացնում են մեր երկիրը աշխարհում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին