Լարիսա Հովհաննիսյան. Կարեւոր է յուրաքանչյուր երեխան - Mediamax.am

exclusive
87814 դիտում

Լարիսա Հովհաննիսյան. Կարեւոր է յուրաքանչյուր երեխան

Լարիսա Հովհաննիսյանը
Լարիսա Հովհաննիսյանը

Լուսանկարը` «Դասավանդի՛ր, Հայաստան»

Լուսանկարը`


2017 թվականի մարտից Մեդիամաքսը պատմում է «Դասավանդի՛ր, Հայաստան» (Teach for Armenia, TFA) ծրագրի ուսուցիչների մասին:

 

Հունիսին կայացավ ծրագրի առաջին շրջանավարտների «Ես դառնում եմ դեսպան» հանդիսավոր արարողությունը:

 

Մեդիամաքսը զրուցել է «Դասավանդի՛ր, Հայաստան» (TFA)-ի հիմնադիր Լարիսա Հովհաննիսյանի հետ, խնդրելով նրան պատմել առաջին արդյունքների եւ հետագա անելիքների մասին:

 

Առաջին շրջանավարտների մասին

 

Մեր մասնակիցները հաղթահարեցին իրենց կյանքի նոր եւ դժվարին փուլը: Մենք սկսեցինք աշխատել ծրագրի վրա 2013 թվականին եւ այն գործարկեցինք երկու տարի անց՝ 2015 թվականին: 2017 թվականի հունիսի 4-ը չափազանց հուզիչ օր էր մեր թիմի համար, քանի որ մենք ցույց տվեցինք չորս տարվա աշխատանքի առաջին արդյունքները:

 

Մեր գործող եւ ապագա ուսուցիչներին միշտ ասում ենք, որ Teach for Armenia-ում աշխատանքը չի սահմանափակվում այն երկու տարիներով, որոնց ընթացքում նրանք դասավանդում են մարզերում: Սա առաքելություն է ամբողջ կյանքի համար: Այդ երկու տարիների ընթացքում նրանք խորասուզվում են մեր երկրի իրականության մեջ. դա մի ուրիշ աշխարհ է, որը նրանցից շատերը երբեւէ չեն տեսել:

 

Երկամյա ծրագիրը մեր շրջանավարտներն ամփոփում են այն գիտակցմամբ, թե որքան կարեւոր է տալ այն, ինչ ստացել ես: Օրինակ՝ եթե հնարավորություն ես ունեցել արտերկրում լավ կրթություն ստանալ, հարկավոր է վերադառնալ եւ սեփական երկրի համար մի լավ բան անել: Այդ երկու տարիների ընթացքում մասնակիցների մոտ հոգեբանական առումով տեղի են ունենում կարեւոր փոփոխություններ:

 

Ուսուցչի գործը շարունակելու մասին

 

Դա հնարավոր է: Այն երիտասարդները, ովքեր եկել են TFA մանկավարժի դիպլոմով, կարող են միանգամից շարունակել աշխատել դպրոցներում: TFA-ի մասնակիցների մնացած 50-60 տոկոսը երկու տարվա ընթացքում զուգահեռաբար սովորում են Մ. Նալբանդյանի անվ. Շիրակի պետական համալսարանի մագիստրատուրայում, որի համար վճարում է մեր ծրագիրը: Այսպիսով, երկու տարի անց TFA-ի բոլոր մասնակիցները ունեն մանկավարժի դիպլոմ եւ դպրոցում դասավանդելու հնարավորություն:

 

Ոմանց թվում է, որ մեր ուսուցիչները անհավանական գումարներ են ստանում, մինչդեռ նրանց վաստակած գումարը բաղկացած է դպրոցի միջին աշխատավարձից եւ մեր կողմից տրվող որոշակի ֆինանսական աջակցությունից, որը նախատեսված է ուսուցիչների մարզերում բնակություն հաստատելու, երթեւեկելու եւ կենցաղային հարցերը հոգալու համար: Ակնհայտ է, որ ֆինանսական գործոնը որոշիչ չէ այն երիտասարդների համար, ովքեր թողնում եմ իրենց, ընդհանուր առմամբ, բարեկեցիկ կյանքը եւ երկու տարով տեղափոխվում մարզեր:

Լարիսա Հովհաննիսյանը` թիմի անդամների հետ Լարիսա Հովհաննիսյանը` թիմի անդամների հետ

Լուսանկարը` «Դասավանդի՛ր, Հայաստան»

Ասեմ ավելին. մենք հարցում ենք անցկացրել մեր մասնակիցների շրջանում, եւ շատերն ասել են, որ պատրաստ կլինեին աշխատել ավելի քիչ գումարի դիմաց: Նրանց համար կարեւոր է, որպեսզի աշխատավարձը թույլ տա հոգալ նվազագույն կարիքները, որպեսզի իրենք լիովին կենտրոնանան աշխատանքի վրա եւ ստիպված չլինեն լրացուցիչ աշխատանք փնտրել:

 

Հիմնականում մեր ուսուցիչներն ապրում եմ դժվարին պայմաններում: Գրեթե բոլորը բնակվում են տներում, որոնց զուգարանը բակում է գտնվում, կան տրանսպորտի, համացանցի, աշխարհի եւ հարազատների հետ կապի բացակայությանն առնչվող խնդիրներ: Ունենք ուսուցիչներ, ովքեր ստիպված են ամեն օր մի քանի կիլոմետր քայլել ջրի համար:

 

Նոր եւ «հին» ուսուցիչների հարաբերությունները

 

Երբ նոր էինք սկսում ծրագիրը, շատ էի մտահոգվում այն հարցով, թե ինչպես կդասավորվեն մեր մասնակիցների հարաբերությունները տնօրենների եւ տեղի ուսուցիչների հետ: Սակայն ես զարմացած եւ ոգեւորված էի մեր ուսուցիչների նկատմամբ մարդկանց ցուցաբերած վերաբերմունքից: Իհարկե, նաեւ խնդիրներ եղան, սակայն հիմնականում դրանք առաջին ամիսներին էին ի հայտ գալիս: Կամաց-կամաց բոլորը սկսեցին հասկանալ, որ երիտասարդ ուսուցիչները որեւէ գաղտնի օրակարգ կամ առանձնանալու ցանկություն չունեն:

 

Շատ տնօրեններ ինձ ասում էին. «Մի անհանգստացիր: Այս տղան կամ աղջիկը կապրեն իմ տանը»: Եվ իսկապես մեր ուսուցիչներից ոմանց իրենց տանը օթեւան են տվել հենց դպրոցների տնօրենները: Գյուղերում կան տատիկներ, ովքեր սենյակ են տրամադրում մեր ուսուցիչներին, չպահանջելով գումար, միայն խնդրում են օգնել կենցաղային հարցերում:

 

Մենք սերմանում ենք մեր ուսուցիչների մեջ այն միտքը, որ իրենք նույնպես պետք է փոխվեն եւ հարմարվեն տեղի պայմաններին, չմոռանալով, որ ինչքան էլ լավ վերաբերմունքի արժանանան, իրենք միեւնույն է հյուր են: Անգամ եթե գյուղում կան ավանդույթներ եւ սովորույթներ, որոնք ձեր համար անհասկանալի են, դա ձեզ մարդկանց դատելու իրավունք չի տալիս:

 

Մի աղջիկ ունենք, ով աշխատում է Գոշ գյուղում: Նա ասում է. «Ես ընդհանրապես չեմ պատկերացնում, ինչպես եմ հեռանալու այստեղից»: Արդեն մտածում է երրորդ-չորրորդ տարին էլ մնալ, քաջ գիտակցելով, որ TFA-ի կրթաթոշակն այլեւս չի լինի:

 

Գործընթացի շարունակական բնույթի ապահովումը

 

Մենք փորձում ենք կառուցել երկարաժամկետ համագործակցություն դպրոցների հետ, որպեսզի երկամյա ժամկետի լրանալուց հետո մեկնող ուսուցչին փոխարինի TFA-ի նոր մասնակիցը:

 

Ամեն դեպքում, վերջնական որոշումը կայացնում է դպրոցի տնօրենը: Եթե որեւէ պատճառներով դպրոցի ղեկավարը չի ցանկանում շարունակել համագործակցությունը, մենք գտնում ենք նոր գործընկեր, քանի որ հեռավոր գյուղերում առկա է ուսուցիչների մեծ պակաս: Ուզում եմ ընդգծել, որ մեր ուսուցիչները զբաղեցնում են այն հաստիքները, որոնք տարիներով թափուր են մնում, քանի որ դրանք լրացնել ցանկացողներ չկան:

 

Կրթության նախարարության հետ հարաբերությունները

 

Մենք մշտական կապի մեջ ենք եւ աշխատում ենք նախարարության հետ ստորագրված համագործակցության մասին հուշագրի հիման վրա:

 

Մենք հաճախ ենք հանդիպում, զրուցում, քննարկում ենք տարբեր նախաձեռնություններ, օրինակ՝ դպրոցների օպտիմալացման ծրագիրը:

Լարիսա Հովհաննիսյանը Լարիսա Հովհաննիսյանը

Լուսանկարը` «Դասավանդի՛ր, Հայաստան»

Որպես կանոն, կրթական նախաձեռնությունները Հայաստանում համակարգված չեն: Ի նկատի ունեմ ոչ միայն պետական ծրագրերը, այլեւ՝ մասնավոր: Շատ կցանկանայի, որ մի օր բոլորս նստեինք մի սեղանի շուրջ եւ փորձեինք որոշել այն առանցքային ուղղությունները, որոնք թույլ կտան մեր երեխաներին ստանալ որակյալ կրթություն՝ անկախ այն հանգամանքից, որտեղ են բնակվում եւ որքան գումար են վաստակում իրենց ծնողները:

 

Teach for Armenia-ի ուսուցիչներ՝ պատուհան դեպի աշխարհ

 

Մեր ուսուցիչները միայն իրենց առարկայով չեն սահմանափակվում: Դասերից հետո նրանք պարապում են երեխաների հետ, տարբեր խմբակներ կամ ակումբներ հիմնում: Մենք նրանց չենք ասում, կոնկրետ ինչով զբաղվել, քանի որ ամեն դպրոց եւ ամեն գյուղ իր առանձնահատկությունն ունի:

 

Օրինակ, Զինա Ղուկասյանը աշակերտների հետ զբոսայգի է կառուցել գյուղում, որի ֆինանսավորումը գտել էր քրաուդֆանդինգի միջոցով:

 

Մեր մյուս մասնակիցը՝ Ռուդոլֆ Հարությունյանը, կերտել է իսկական հաջողության պատմություն: Ամեն ինչ սկսվեց բիզնես-ակումբից, որը նա հիմնել էր իր աշակերտների հետ միասին: Ակումբի նպատակն էր բացահայտել Լոռու մարզի Բլագոդարնոյե գյուղի բիզնես-ներուժը: Առաջին ուղղություններից էին պանրի եւ մեղրի արտադրությունը: Ռուդոլֆը համոզել է գյուղացիներին ավելի շատ պանիր արտադրել, որը նա իրացնում է մայրաքաղաքում: Հանգստյան օրերին տանում է պանիրը Երեւան եւ հանձնում խանութներին, վաճառում է առձեռն: Պանրին այժմ գումարվել է մեղրը: Ռուդոլֆի շնորհիվ երեխաներն ու նրանց ծնողները հասկացան, որ իրենց արտադրանքը կարող է հետաքրքիր լինել մեծ շուկայում, պարզապես պետք է փորձել:

 

Մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում տղամարդ ուսուցիչների բավարար քանակին: Ցավոք սրտի, գաղտնիք չէ, որ մեր որոշ գյուղերում ապրող տղամարդիկ արտագնա աշխատանքի են մեկնում: Երբ գյուղի ուսուցիչների 90 տոկոսը կանայք են, ում միջին տարիքը 55 տարեկան է, բազմաթիվ պատանիների համար դպրոցն այնքան անհետաքրքիր է դառնում, որ նրանք պարզապես դադարում եմ այնտեղ հաճախել:

 

Մեր տղա ուսուցիչները հաճախ դառնում են պատասխանատու քաղաքացու օրինակելի մոդել. նրանց աշակերտները տեսնում են, որ ստանալով որակյալ կրթություն եւ ունենալով աշխատանքի լավագույն հնարավորություններ, այդ երիտասարդները որոշում են դասավանդել դպրոցում եւ որոշ չափով լրացնել այն բացերը, որոնք ի հայտ են գալիս տղամարդկանց միգրացիայի պատճառով:

 

Նաեւ անչափ հպարտանում եմ մեր աղջիկներով, որոնցից շատերը հաղթահարել են ծնողների արգելքները, իրենց զրկել են տարրական հարմարություններից:

 

Դոնորները

 

Մեր առաջին դոնորները՝ Սեմ եւ Սիլվա Սիմոնյաններն էին, ովքեր հավատացին իմ «խենթ» գաղափարին եւ որոշեցին օգնել: Այնուհետեւ մեզ սկսեցին աջակցել նաեւ ՀԲԸՄ-ն (Հայ ընդհանուր բարեգործական միությունը), Ռուբեն Վարդանյանը եւ Վերոնիկա Զոնաբենդը: Այսօր շատ սերտ համագործակցություն ունենք UWC Dilijan քոլեջի եւ Scholae Mundi Armenia կրթական հիմնադրամի հետ, իսկ Վերոնիկա Զոնաբենդը «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահն է:

 

Մենք ունենք նաեւ մեկ այլ կարեւոր նվիրատու, ով, նախընտրելով անանուն մնալ, օգնում է մեզ ընդլայնել նախագծի սահմանները:

Լարիսա Հովհաննիսյանը Լարիսա Հովհաննիսյանը

Լուսանկարը` «Դասավանդի՛ր, Հայաստան»

Այս առանցքային դոնորներից բացի, ունենք նաեւ գործընկերներ, ովքեր ֆինանսավորում են մեկ կամ մի քանի ուսուցիչների կրթաթոշակները: Նրանց թվում են Ռոսգոսստրախ Արմենիան, Ամերիաբանկը, AMAA-ն (Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցություն):

 

Կան մարդիկ, ովքեր 5 կամ 10 դոլար են նվիրաբերում մեր ծրագրին: Յուրաքանչյուր դոլար մեզ համար կարեւոր է: Ավելին, եղել են պահեր, երբ մենք ֆինանսական դժվարություններ ենք ունեցել, եւ այդժամ մեզ օգնում էին հենց այդ փոքր անհատական նվիրատվությունները:

 

Մենթորներ

 

Մեր Leadership Development Program նախագիծը բաղկացած է տարբեր բաղադրիչներից, որոնցից մեկը մենթորությունն է: Որպես մենթոր մենք ընտրում ենք դասավանդման մեծ փորձ ունեցող ուսուցիչներին: Ունենք մենթորներ, ովքեր 10-15 տարի շարունակ դասավանդել են պետական դպրոցներում եւ իսկական «աստղեր» են դարձել այդ ոլորտում: Մեր մենթորների մեծ մասը Վանաձորից է, հավանաբար, այնտեղ շատ ուժեղ մանկավարժական դպրոց է եղել:

 

Այժմ մենք աճում ենք, եւ մեր մենթորների շրջանակը ընդլայնվում է. նրանց թվում կան մարդիկ, ովքեր մասնակցել են մեր ծրագրին: Կան մենթորներ, ովքեր մասնագիտանում են ներառական կրթության ոլորտում, ինչը նույնպես առանցքային թեմա է մեզ համար:

 

Մենթորները օգնում են երիտասարդ ուսուցիչներին ամենատարբեր հարցերում: Օրինակ, ինչպե՞ս լեզու գտնել տնօրենի հետ, եթե ի հայտ են եկել որոշակի տարաձայնություններ: Ինչպե՞ս կազմել դասի պլանը, ինչպե՞ս անել, որպեսզի երեխաները ձեզ հետաքրքրությամբ լսեն: Մեր մասնակիցները, առաջին անգամ դպրոց ներս մտնելուց, քաջ գիտակցում են, որ այդ երկու տարիները շատ արագ են անցնելու եւ այդ պատճառով անում են ամեն բան, որպեսզի տրված ժամանակը բավականացնի դնել այն հիմքերը, որոնք երեխաներին կօգնեն հաջողության հասնել, կփոխեն կրթության հանդեպ նրանց վերաբերմունքը:

 

Ապագայի անելիքները

 

Ունենք հատուկ ռազմավարական մոտեցում՝ Proof Point Communities, բոլոր այն դպրոցների եւ համայնքների համար, որտեղ կան շատ ցածր կրթական ցուցանիշներ, առկա է ուսուցիչների պակաս եւ դժվար ֆինանսական վիճակ:

 

Մենք ցանկանում ենք այնտեղ գործուղել ոչ թե մեկ, այլ միանգամից մի քանի ուսուցչի: Ցանկալի է, որ այդ դպրոցների տնօրենները նույնպես լինեն մեր ծրագրի շրջանավարտները: Գաղափարը հետեւյալն է. հինգ տարիների ընթացքում ցույց տալ, թե ինչ արդյունքների կարելի է հասնել շատ ցածր մեկնարկային պայմաններ ունեցող դպրոցում:

 

Ամեն երեխա ունի որակյալ կրթություն ստանալու ներուժ եւ իրավունք, եւ եթե յուրաքանչյուր երեխա պետության եւ կրթության նախարարության համար առաջնահերթություն դառնա, ամեն բան վաղ թե ուշ իր տեղը կընկնի:

 

Շատ հաճախ կրթական համակարգի խնդիրները պայմանավորված են ոչ թե նրանով, որ ոլորտի պատասխանատուները չեն ցանկանում որեւէ լավ բան անել, այլ պարզապես շատերը հեռու են այն իրականությունից, որն առկա է դպրոցներում, հատկապես՝ մարզերում: Հավանաբար, նրանց մեջ կան մարդիկ, ովքեր երկար տարիներ չեն դասավանդել դպրոցներում եւ անձամբ չեն առնչվել այդ խնդիրներին: Անհնար է կազմել արդյունավետ ծրագիր կրթական ոլորտի համար, եթե չես շփվում աշակերտի հետ, ով տեսնում է հորը տարվա մեջ լավագույն դեպքում մի քանի շաբաթ, դպրոց է գալիս կիսասոված, չունի նորմալ կոշիկ եւ չգիտի, ինչպես օգնել մորը կերակրել եղբորն ու քույրերին: Ներեցեք կոպիտ արտահայտությանս համար, այդ ամենը պետք է սեփական կաշվի վրա զգալ:

 

Մենք շատ խելացի երիտասարդներ ունենք, բայց նրանք ոչ միշտ են ունենում առաջնորդի որակներ, որովհետեւ դպրոցների եւ բուհերի առջեւ նման խնդիր դրված չէ: Մեր աշխատանքի մեկ այլ կարեւոր մասն է երիտասարդների մոտ առաջնորդական ներուժի բացահայտումը: Ինչ ուղով նրան կգնան ծրագրից հետո՝ իրենց որոշումն է, սակայն ես կարող եմ հաստատել, որ նման փորձառությունից հետո շատ դժվար է չվերադառնալ մի ոլորտ, որը փոխում է մարդկանց կյանքը դեպի լավը: Ինքս ինձ վրա եմ զգացել: Մասնագիտությամբ շուկայագետ եմ, մտածում էի, որ պետք է աշխատեմ տարբեր երկրներում գործող համաշխարհային կորպորացիաներում: Սակայն երբ գիտակցում ես, որ կյանքը մեկ անգամ է տրվում, եւ դու հնարավորություն ունես առնվազն մեկ մարդու կյանքը դեպի լավը փոխել, արդեն չես կարողանում այլկերպ ապրել: Տարվում ես այդ գաղափարով, եւ մնացածը երկրորդական է դառնում:

 

Գրի առավ Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին