exclusive
27732 դիտում

Արմեն Օրուջյան. FAST-ը ցավազրկող չէ, այն հակաբիոտիկ է

Արմեն Օրուջյանը
Արմեն Օրուջյանը

Լուսանկարը` FAST


Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) նախապատրաստվում է իր առաջին միջոցառմանը, որը տեղի կունենա Երեւանում հոկտեմբերին։ Միջոցառման նախաշեմին Մեդիամաքս-ը զրուցել է FAST-ի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանի հետ։ 
  
Արմեն Օրուջյանը աշխարհի առաջատար ձեռնարկատիրական հարթակներից մեկի՝  Athgo կորպորացիայի հիմնադիրն ու նախագահն է։  Athgo-ն խորհրդատվական կարգավիճակ ունի ՄԱԿ-ի Տնտեսական եւ Սոցիալական խորհրդում, ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության բաժնում եւ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունում։

2006 թվականին Արմեն Օրուջյանը միացել է ՄԱԿ-ի ՏՀՏ եւ Զարգացման Գլոբալ դաշինքին  (GAID)` որպես հիմնադիր անդամ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից նա նշանակվել եւ մինչեւ 2013 թ. աշխատել է որպես GAID-ի համանախագահ։

2017 թվականին Արմեն Օրուջյանը դարձել է Ռայս համալսարանի Բեյքերի անվան հանրային քաղաքականության ինստիտուտի խորհրդատվական խորհրդի անդամ։ Նա նաեւ Ignited Spaces (Լոս Անջելես) ընկերության կառավարիչ-գործընկերն է։   

Ռուբեն Վարդանյանի հետ հանդիպումն ու FAST-ն առաջնորդելու առաջարկը

Ամեն ինչ սկսվեց 2016 թվականի ամռանը, երբ առաջին անգամ հանդիպեցի Ռուբեն Վարդանյանին։ Երբ նա իմացավ, որ Հայաստանում գրեթե մեկ տասնամյակ չեմ եղել, հրավիրեց ինձ գալ եւ ծանոթանալ IDeA հիմնադրամի գործունեության հետ։  

Ընդունեցի առաջարկը եւ եկա Հայաստան այս տարվա փետրվարին։ Չափազանց տպավորված էի IDeA-ի նախագծերով, դրանց արդյունքներով եւ UWC Դիլիջան քոլեջով։
Հետո երկրի մի ծայրից մյուսը գնացի՝ Տաթեւ։ Տպավորված էի՝ տեսնելով վանական համալիրի փոխակերպումը եւ ճոպանուղու պարգեւած արդյունքները։

Արմեն Օրուջյանը եւ Ռուբեն Վարդանյանը՝ գերմանացի գործարարների հետ հանդիպմանը Արմեն Օրուջյանը եւ Ռուբեն Վարդանյանը՝ գերմանացի գործարարների հետ հանդիպմանը

Լուսանկարը` FAST


Ռուբենի առաջիկա ծրագրերը եւս տպավորիչ էին, այդ թվում նրա ՝ գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտի հետ կապված գաղափարները։ Նա ինձ պատմեց FAST-ի մասին, այնուհետեւ ուղարկեց հավելյալ նյութեր, որոնց ծանոթանալուց հետո նորից հանդիպեցինք Նյու Յորքում՝ շարունակելու քննարկումները։ Կարծում եմ՝ հենց այդ ժամանակ բացվեց «Ի՞նչ ես կարծում այս նախաձեռնությունն առաջնորդելու մասին»  թեման։ Հանդիպեցի նրա գործընկերներին, ովքեր ներգրավված էին FAST-ի նախաձեռնության մեջ։ Նրանք բոլորն էլ ականավոր մարդիկ են։ Հենց դա էլ բերեց համոզմանը, որ նախաձեռնությունը կարող է կյանքի կոչվել այս մարդկանց հետ։ Այս աշխարհում ամեն ինչ կախված է մարդկանցից։ Եթե մարդիկ չկան, չկա ոչինչ, ինչի վրա կարող ես հենվել։

Մարտին ասացի՝ «փորձեմ զբաղվել սրանով 6 ամիս, վերցնեմ ձեր մտքերը եւ դրանք փոխադրեմ ինչ-որ ձեւաչափի»։

Սիրահարվելով FAST-ին

Ես սիրահարված եմ այս նախաձեռնությանը՝ կարծես ժամադրությունների շրջան է ինձ համար։ Հայաստանի, տարածաշրջանի եւ հավանաբար աշխարհի համար այս նախագծի ազդեցությունը կարող է չափազանց մեծ լինել։

Չեմ ցանկանում թերագնահատել այն, ինչ այս երկիրը ունեցել է խորհրդային ժամանակներում՝ մշակույթ, փորձառություն: Բայց այդ ամենը վաղուց անցել է։ Մնացորդները պահպանվել են, սակայն գրեթե ամեն ինչ պետք է սկսել զրոյից։ Կան ազդակներ, որ եթե իսկապես ցանկանում ես կենտրոնացնել ուշադրությունդ այստեղ, կարող ես գործը գլուխ բերել։ Եթե ներդնես քո միջոցներն ու միտքդ, դա կարելի է անել գիտության եւ տեխնոլոգիաների տարբեր ոլորտներում։ Սա հիանալի հնարավորություն է։ Իսկապես ինձ հաջողակ եմ համարում այս ամենի մասը լինելու համար։

Քիչ խոսել եւ շատ լսել

Ամենակարեւոր բաներից մեկն այն է, որ քիչ խոսեմ եւ ուշադիր լսեմ, որպեսզի կարողանամ սովորել։ Ինչպես արդեն ասացի, ես ավելի քան մեկ տասնամյակ Հայաստանում չէի եղել, սակայն նույնիսկ եթե մշտապես այստեղ ես ապրում, միեւնույն է պետք է փորձել հասկանալ, զգալ այն ամենի էությունը, ինչի հետ դու գործ ունես։  Պետք է չափազանց խորը փորել ու հասնել հիմքին, խորասուզվել, սա է իմ հիմնական նպատակը։     

Հանդիպել եմ այս ոլորտի բոլոր հնարավոր ներկայացուցիչների հետ՝ լաբորատորիաներից մինչեւ համալսարաններ եւ Գիտության կոմիտե։ Կոմիտեի նախագահի տեղակալը անդամակցում է FAST-ի Խորհրդատվական խորհրդին, ինչը առավել դյուրին է դարձնում մեր գործակցությունը։
Արմեն Օրուջյանը Արմեն Օրուջյանը

Լուսանկարը` FAST


Կան ոլորտներ, որոնք լավ են պահպանվել եւ կարելի է օգտվել դրանցից, սակայն կան նաեւ այնպիսիք, որտեղ գիտությունը առաջընթաց կապրի, եթե մի փոքր խթան տանք դրան։ Մենք հենց այդպիսի հնարավորություններ ենք փնտրում, ուզում ենք տեսնել, թե որտե՞ղ ունենք հնարավորություններ, որոնցից կարող ենք օգտվել։ Գիտության կոմիտեն եւս ցանկանում է դա։ Մեզ համար չափազանց կարեւոր է չանտեսել այս դաշտում որեւէ մեկին, այլ իսկապես հասկանալ, թե որոնք են առկա կարողությունները եւ ինչպես կարող ենք կիրառել դրանք։

Մեր թիմը խոր ուսումնասիրությամբ է զբաղվում, քանի որ ես նախընտրում եմ առաջ շարժվել՝ ձեռքիս տակ ունենալով վիճակագրություն եւ տվյալներ։ Առաջնորդվում եմ տվյալներով, թվերով, տրամաբանությամբ, փորձում եմ աշխատել առանց հույզերի։

Միջոցներ, սարքավորումներ, մարդիկ, մշակույթային խնդիրներ

Նկատել եմ չորս բան խնդիրներ՝ միջոցներ, սարքավորումներ, գիտելիք ու մշակույթ։ Եթե մեկ տեղ առկա են բոլոր այս խնդիրները, շատ դժվար կլինի այն տեղից շարժել։ Ոչ ոք չունի անսպառ միջոցներ, մենք էլ չունենք։ Մենք ունենք սահմանափակ ժամանակ եւ միջոցներ եւ ուզում ենք համոզված լինել, որ դրանք ուղղում ենք այնտեղ, որտեղ իսկապես կարող ենք համակարգել ջանքերը եւ դառնալ ոլորտը առաջ մղող լոկոմոտիվը։

Որոշ դեպքերում չունենք այս չորս խնդիրներից եւ ոչ մեկը, բայց մեծամասամբ դրանք առկա են: Երբեմն որոշ սարքավորումներ եւ տեխնիկան նախորդ դարի հիսունական կամ վաթսունական թվականների արտադրության են, եւ ոչինչ չի փոխվել, մարդիկ էլ չեն փոխվել։ Միջոցների, սարքավորումների փոփոխության խնդիրը ամենահեշտ լուծելի հարցն է, կարող ես գումար ներդնել եւ լուծել այն։  

Երբ առկա է գիտելիքների խնդիրը՝ նկատի ունեմ տեղեկատվական բացերը, դա մի բան է, որը կարող ես լրացնել, պարզապես անհրաժեշտ է կրթել եւ վերապատրաստել մարդկանց։

Մշակույթի փոփոխության խնդիրը ամենաբարդն է, քանի որ սերնդափոխություն է պահանջում։

FAST-ի նպատակները ամբողջական են

FAST-ի նպատակները ամբողջական են։ Մենք ցանկանում ենք ստեղծել ամբողջական էկոհամակարգ, որն առաջ կմղի տեխնոլոգիական նորարարությունը եւ գիտական առաջընթացը։ Դա անելու համար անհրաժեշտ է թիրախավորել բոլոր կարեւոր միջոցները՝ մտավոր, ֆինանսական, ցանցային՝ ստեղծելով «ցունամի», որն իրար հետեւից ալիքներ է բերում:

Եթե խոսում են ֆինանսական կարողության մասին, ապա պետք է մտածել միջավայրի մասին։ Այս փոքր միջավայրում կարող է լինել «հրեշտակների» կամ ոչ ֆորմալ ներդրողների ցանց, վենչուրային կապիտալ՝ նախնական եւ հետագա փուլերի ֆինանսավորման համար, այլընտրանքային ներդրումային ֆինանսավորում, տարատեսակ դրամաշնորհներ գիտության տարբեր ճյուղերի զարգացման համար, կրթաթոշակներ թեկնածուականների համար։ Եթե միջավայրն ունի այս բոլոր անհրաժեշտ ֆինանսական կարողությունները, նշանակում է, որ ամենից անհրաժեշտ գործիքներն արդեն առկա են։ Սա հսկայական փոփոխություն կբերի մտածելակերպի մեջ, մարդկանց, գիտության, տեխնոլոգիաների համար, նրանց համար, ովքեր նայում են Հայաստանին դրսից ու մտածում են․ «Արդյո՞ք սա ներդրում անելու վայր է մեզ համար» ։   

Մենք նայում ենք իրավիճակին այս հեռանկարից։ Մենք դիտարկում ենք լաբորատորիաների, նորարարական ճամբարների, ինստիտուտների ստեղծումը։

Կարճաժամկետ ձեռքբերումներ

Կարճաժամկետ ձեռքբերում կարող ենք անվանել այն, որ 2017թ. հոկտեմբերին կհայտարարենք կենսաբանական եւ ֆիզիկական գիտությունների, մաթեմատիկայի ու ճարտարագիտության ոլորտներում թեկնածուական աշխատանքների համար կրթաթոշակների տրամադրման մասին։ Պատրաստվում ենք սատարել այս ոլորտներում ուսումնառող Հայաստանի գիտության թեկնածուների լավագույն 10 տոկոսին։ Մենք ցանկանում ենք ամբողջությամբ ֆինանսավորել նրանց ուսման վճարը, տրամադրել ամբողջական կրթաթոշակներ ու թույլ տալ ուսանողներին ամբողջությամբ կենտրոնանալ իրենց աշխատանքի վրա։
Արմեն Օրուջյանը եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը Արմեն Օրուջյանը եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը

Լուսանկարը` Ա. Օրուջյանի արխիվից


Նրանք, ովքեր անցել են թեկնածուականը պաշտպանելու ճանապարհը, գիտեն, որ այն  պահանջում է շատ ժամանակ, ջանքեր եւ կենտրոնացում։ Մենք ցանկանում ենք նման հնարավորություն ընձեռել Հայաստանի երիտասարդներին։ Դա կլինի առաջին փուլը, եւ մենք պատրաստվում ենք հայտարարել, որ կֆինանսավորենք այդ ոլորտների առաջատար տասը տոկոսին, ինչպես նաեւ լավագույն տասը կին գիտնականներին։ Սա կարճաժամկետ հնարավորություն է, որը մենք կներդնենք էկոհամակարգի ձեւավորման համար։
  
Երկարաժամկետ նպատակներ

Երկարաժամկետ, խարսխային ծրագիրը, որի վրա աշխատում ենք, տարածաշրջանային բաց նորարարական ճամբարն է։ Դա մի տարածք կլինի, որը գործող էկոհամակարգի միկրոկոսմոսն է։

Օրինակ, տվյալների գիտությունը (data sciences) խարսխային նախագիծ կլինի մեզ համար։ Այն` բիոտեխնոլոգիայի, դրոնների ու ռոբոտաշինության, նոր եւ առաջատար նյութերի հետ միասին, լաբորատորիաների հետ մեկտեղ փորձարարական հարթակ կլինի, որը կունենա առաջատար տեխնոլոգիաներ, գիտելիքներ, խորը փորձով մարդիկ, որոնք կկարողանան ներգործել մեր ուսանողների վրա։

Փորձարկումից կարելի է անցնել մյուս՝ ինկուբացիոն մակարդակ։ Փորձարկման արդյունքները կարող են ավարտուն տեսք ստանալ ինկուբացիայի մակարդակում, եւ ցանկացած ոք դրսից կարող է գալ ու միանալ այս տարածքին։

Ինկուբացիայից անցում կկատարենք աքսելերացիային, ապա հաճախորդների փորձին, որպեսզի շուկան եւ մարդիկ գան ու տեսնեն արտադրանքը։ Վերջին մակարդակը սոցիալական կլաստերներն են, որտեղ գյուտարարներն ու գիտնականները կարող են միավորվել, հանդիպել եւ գուցե հանդես գալ նոր գաղափարներով։

Մենք ձգտում ենք ստեղծել նման մի միջավայր, որն ունի բոլոր անհրաժեշտ մտավոր եւ ֆինանսական գործիքները՝ գյուտարարներին ու գիտնականներին աջակցելու համար։

Բայց սա միայն Հայաստանի համար չէ՝ մենք կանխախատեսում ենք տարածաշրջանային հանգույց դառնալ։ Եթե գիտնականներն ու ուսանողները Իրանից ցանկանան ներգրավվել մի վայրում, որն առաջարկում է գերժամանակակից գիտություն ու տեխնոլոգիաներ, նրանք կդիտարկեն Հայաստանը։ Ներգրավելով տարածաշրջանի լավագույն մասնագետներին Ռուսաստանից, Արեւելյան Եվրոպայից եւ այլ երկրներից՝ կարող ենք ստեղծել նման բնույթի հարթակ։ Ծրագրում ենք այս նախագիծը կյանքի կոչել հաջորդ երկու-երեք տարիներին։

Քայլ առ քայլ եւ տրանսֆորմացիոն նորարարություն

Նորարարությունը լինում է երկու տեսակի՝ ինկրեմենտալ (քայլ առ քայլ) եւ տրանսֆորմացիոն (կամ հեղափոխական)։ Ինկրեմենտալ նորարարությունը ավելի հեշտ է մշակել։ Դրա պարագայում կան ավանդական ֆինանսավորման աղբյուրներ։

Տրանսֆորմացիոն նորարարության պարագայում պահանջվում է հստակ գործիքների շարք եւ դեռ հարց է՝ արդյո՞ք այդ ջանքերը իրականություն կդառնան, թե ոչ։  
Արմեն Օրուջյանը Արմեն Օրուջյանը

Լուսանկարը` Ա. Օրուջյանի արխիվից


X-PRIZE հիմնադրամ անունով մի հետաքրքիր խումբ կա, որը գործում է Կալիֆոռնիայում։ 2000-ականների սկզբին նրանք հիմնադրեցին Ansari X մրցանակը՝ մասնավոր ընկերությունների կողմից կառուցվող տիեզերանավերի համար։ Հաղթողը կստանար 10 միլիոն ԱՄՆ դոլար։ X-PRIZE հիմնադրամի կողմից հիմնադրված այս մրցանակի արդյունքում այսօր ունենք այնպիսի ընկերություններ, ինչպիսին են Virgin Galactic-ը, SpaceX-ը, Blue Origin-ը։ Իրականում այն նոր ինդուստրիայի զարկ տվեց։ Մենք ցանկանում ենք մասնակցել նման գործընթացներում՝ նորարարությունը ուղղելով գերժամանակակից շուկա։ Այսօր պատրաստ չենք դա անել, բայց սա մեզ համար երկարաժամկետ նպատակ կլինի։

Կառավարության ներգրավվածությունը

Մենք հանդիպեցինք Հայաստանի նախագահի հետ, եւ ես ներկայացրի ճանապարհային քարտեզը՝ նկարագրելով, թե ինչպես ենք պատկերացնում մեր գործունեությունը, որն է այն շրջանակը, որն ուզում ենք կիրառել։ Նա չափազանց գովելի որակեց այն ամենը, ինչ մենք փորձում ենք անել եւ ողջունեց մեր ջանքերը։ Հաճելի էր տեսնել, որ նա ժամանակ է տրամադրում, տարբեր հարցեր է տալիս՝ փորձելով հստակեցնել ու հասկանալ, թե ինչ ենք փորձում անել։

Պատճառը, թե ինչու եմ ես մատնանշում կառավարությանը, այն է, որ առանց կառավարության մասնակցության հնարավոր չի լինի իրականացնել այն, ինչի մասին խոսում էի ավելի վաղ։
Արմեն Օրուջյանը Արմեն Օրուջյանը

Լուսանկարը` Ա. Օրուջյանի արխիվից


Մենք հաջողակ ենք, որ կառավարությունը քայլում է մեզ հետ զուգահեռ, եւ մենք նրանից շատ բան չենք պահանջում։ Ակնկալում ենք կառավարությունից, որ այն մեղմացնի կարգավորումները այն որոշակի ոլորտներում, որտեղ ցանկանում են առաջ գնալ ու ստեղծել նորարարական գոտիներ։

Ուսումնասիրել եւ փորձարկել

Դուք մաթեմատիկա չեք սովորի՝ միանգամից պարզելով, որ երկու անգամ երկու հավասար է չորս։ Մինչ դրան հասնելը բազմաթիվ սխալներ եք անում։ Մարդկությունը երբեք չէր առաջադիմի, եթե շարունակաբար չուսումնասիրեր ու չփորձարկեր։ Մենք կարող են օգտագործել կառավարության աջակցությունը՝ ստեղծելու մեր շատ նախաձեռնությունների նախատիպերը։ Կառավարության նման դերակատարության շնորհիվ տասը տարի անց մենք կլինենք միանգամայն տարբեր երկիր։ Մենք կարող ենք առաջարկել լայնածավալ տեխնոլոգիական լուծումներ, որոնք կիրառելի կլինեն ոչ միայն Հայաստանի համար։

Ես պատկերացնում եմ, որ Հայաստանը կարող է առաջատար դառնալ գիտության այնպիսի ճյուղերում, ինչպիսիք են տվյալների գիտությունը, բիոտեխնոլոգիաները, սինթետիկ բիոտեխնոլոգիաները, արհեստական բանականությունը։ Տասը տարի անց գիտության ոլորտում մենք կարող ենք սահմանել մի այնպիսի նշաձող, որի շնորհիվ Հայաստանը կփայլի ճիշտ այնպես, ինչպես փայլում է, օրինակ, շախմատի ասպարեզում։

Մենք Advil չենք, ավելի շուտ հակաբիոտիկ ենք

Ես դիտարկում եմ FAST-ը ոչ որպես հիմնադրամ, այլ ավելի շուտ որպես զարգացման ինստիտուտ։ Եթե բժշկական լեզվին դիմեմ, մենք ավելի շուտ հակատիբիոտիկ ենք, քան պարզապես ցավազրկող։ Գլխացավերի մեծ մասը գլխում չեն սկսվում։ Դրանք ծագում են օրգանիզմի այլ մասերում որոշակի խանգարումների հետեւանքով։ Երբ գլխացավ ենք ունենում ու հակաբիոտիկ ենք ընդունում, փոփոխություն չենք զգում, գլխացավը դեռ շարունակվում է, ուստի խմում ենք Advil՝ ցավից արագ ազատվելու համար։ Գլխացավը ժամանակավորապես անցնում է, սակայն իրական խնդիրը մնում է։ 

FAST-ի իրական ազդեցությունը չի երեւալու 20 րոպեում։ Հետաքրքրված չեմ արագ արդյունք ստանալ։ Ես փնտրում եմ հակաբիոտիկի տեսակի լուծում։ Մենք գուցե այնքան տեսանելի չենք, ինչպես ուրիշները, բայց ես իսկապես չեմ մտածում տեսանելիության մասին։ Մենք հոլիվուդյան բլոքբաստեր չենք։ Նախընտրում եմ անտեսանելի մնալ այնքան ժամանակ, քանի դեռ հաջողության չեմ հասել՝ ճիշտ այնպես, ինչպես հակաբիոտիկը։
Արմեն Օրուջյանը Արմեն Օրուջյանը

Լուսանկարը` Ա. Օրուջյանի արխիվից


Որպեսզի այդ հակաբիոտիկն ազդեցություն ունենա, կան մի շարք անհրաժեշտ տարրեր, որոնց կարիքն ունենք։ Մեզ անհրաժեշտ է IDeA հիմնադրամը, «Լույս» հիմնադրամը, ԱՅԲ-ը, ԹՈՒՄՈ-ն։ Մեզ անհրաժեշտ են բոլոր այս կառույցները իրենց դերակատարությամբ։ Ռուբեն Վարդանյանը, Տ. Մեսրոպ քահանա Արամյանը, Նուբար Աֆեյանը, Արթուր Ալավերդյանը եւ մեր Խորհրդատվական խորհուրդը՝ այս մարդիկ աննկարագրելի գործեր են անում, եւ նրանց ջանքերի միավորումը ժամանակ է պահանջում։ Մենք հավաքական ջանքեր են ներդնում․այն, ինչ անում է Ռուբենը եւ իր թիմը IDeA-ում, ինչ անում են բոլոր ներգրավված մարդիկ  առանձին-առանձին, իսկ հետո միավորվում, որպեսզի FAST-ը անի իր գործը։
   
Հարեւանները մեզ այլ աչքով կնայեն

Մենք ունենք ներուժ, ունենք բոլոր գործիքները եւ ռեսուրսները, մարդկանց, եւ մենք կարող ենք Հայաստանը տեսնել միանգամայն տարբեր, քան այն կա հիմա։ Երկրի անվտանգությանը սպառնացող մարտահրավերները կարող են մեղմվել, եթե կարողանանք աշխարհում առաջատարի դեր ստանձնել գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում։ Կարծում եմ, որ մեր հարեւաններն էլ մեզ այլ աչքով կնայեն։ Կարող ենք դուրս գալ մեր կաղապարից ու օգնել ուրիշներին մեզ ու մեր իրավիճակն ավելի լավ հասկանալ, հասկանալ, թե ինչ է նշանակում գործել ու լինել խաղաղ երկիր, բարիդրացիական հարաբերություններ ունենալ հարեւանների հետ։ 

Կարծում եմ՝ մենք կարող ենք լինել այս հասարակությունն ու երկիրը, որը բերում է այդ նպաստը տարածաշրջանին։ Հույսներս չենք դնում մեծ երկրների վրա, որպեսզի վերջիններս մեզ ճանապարհ ցույց տան։ Մենք հին ազգ ենք, որը տեսել, կառուցել, արարել է։ Մենք պետք է կարողանանք ցույց տալ՝ ով ենք մենք՝ առանց հույսներս այլ երկրների վրա դնելու։ Հենց սա է, որ ուզում եմ տեսնել։

Արմեն Օրուջյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am