exclusive
20373 դիտում

Ռոուզ Գոթեմյոլեր. Մենք երբեք ոչինչ չենք թելադրում

Ռոուզ Գոթեմյոլերը
Ռոուզ Գոթեմյոլերը

Լուսանկարը` Մեդիամաքս


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլերի հարցազրույցը Մեդիամաքսին

- Տիկին Գոթեմյոլեր, հայ պաշտոնյաները հաճախ ասում են՝ «մենք չենք կարող խոստանալ այն, ինչ չենք կարող անել, սակայն մենք միշտ անում ենք այն, ինչ խոստացել ենք»: Այս բանաձեւը կիրառելի՞ է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների համար:

- Իհարկե: Դրա վառ օրինակն է տարիներ շարունակ Հայաստանի մասնակցությունը Աֆղանստանում եւ Կոսովոյում  իրականացվող խաղաղապահ առաքելություններին: Մենք դիտարկում ենք Հայաստանը որպես շատ հուսալի գործընկեր եւ գնահատում այն աշխատանքը, որը ձեր երկիրը տարիներ շարունակ կատարում է այդ առաքելությունների շրջանակում:

-Հայաստանը միակ ՀԱՊԿ անդամ պետությունն է, որն ունի բավականին խորացված կապեր ՆԱՏՕ-ի հետ եւ իր մասնակցությունն է բերում դաշինքի առաքելություններին: Այնուամենայնիվ, մեկ այլ ռազմաքաղաքական դաշինքի անդամ լինելը ենթադրում է որոշակի սահմանափակումներ: Արդյո՞ք նկատել եք դրանք Հայաստանի հետ հարաբերվելիս:

- Մենք երբեք ոչինչ չենք թելադրում: Թեւ կցանկանայինք աշխատել Հայաստանի հետ նաեւ այլ ոլորտներում, սակայն եթե Հայաստանը պատրաստ չէ կամ նպատակահարմար չի գտնում, ապա մենք երբեք  ոչինչ չենք թելադրում:

Հայաստանը պետք է ինքնուրույն առանձնացնի իր առաջնահերթությունները, նպատակներն ու անելիքները, ինչից հետո մենք կաշխատենք Երեւանի հետ, որպեսզի ամբողջացնենք այն, ինչ մենք անվանում ենք Գործողությունների ծրագիր:
Այժմ մենք գործարկում ենք Անհատական գործընկերության գործողություների նոր  ծրագիր Հայաստանի համար: ՆԱՏՕ-ն միշտ ասում է, որ յուրաքանչյուր երկիր ինքնուրույն պետք է կառուցի իր հարաբերությունները անվտանգության ոլորտում: Մենք որեւէ հակասություն չենք տեսնում Հայաստանի ՀԱՊԿ-ի անդամության եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու մեջ:

- Չնայած ՀԱՊԿ-ին անդամակցելուն, Հայաստանը կիրառում է պաշտպանական ոլորտում բարեփոխումների արեւմտյան փորձը: Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ Զինված ուժերում բարեփոխումների գործընթացը:

- Մինչ այս պահը ամեն ինչ շատ լավ է ընթացել: Այսօր ռազմական կրթության եւ ուսուցման շուրջ շատ հետաքրքիր քննարկում ունեցա Հայաստանի պաշտպանության նախարարի հետ: Շատ կարեւոր քայլեր են ձեռնարկվել ռազմականան կրթության ճկունությունն ապահովելու ուղղությամբ:

Կարծում եմ, որ Հայաստանի տնտեսության համար շատ լավ կլինի, եթե մարդիկ բանակից զորացրվեն ավելի կրթված եւ պատրաստված:

Այժմ Հայաստանը անցում է կատարում դեպի խորհրդարանական կառավարման համակարգ, ուստի շատ կարեւոր է մտածել խորհրդարանի կողմից զինված ուժերի վերահսկման տարբեր ուղիների մասին: ՆԱՏՕ-ի անդամ-երկրները մեծ փորձ ունեն այդ հարցում, եւ մենք կարող ենք կիսվել դրանով Հայաստանի հետ: Մենք սպասում ենք ազդակների Հայաստանից՝ դաշինքից ձեր երկրի ակնկալիքների վերաբերյալ:

- Ինչպես նշեցիք, Հայաստանը անցում է կատարում կիսանախագահականից դեպի խորհրդարանական կառավարման համակարգ, եւ գործընթացը ավարտվելու է հաջորդ տարվա ապրիլին: ՆԱՏՕ-ն հետեւու՞մ է այդ գործընթացին:

- Այո,մենք հետաքրքրությամբ հետեւում ենք այդ գործընթացին: Հայաստանն ինքն է որոշում, թե ինչպիսի կառավարման համակարգ պետք ունենան, սակայն այդ բարեփոխումները ենթադրում են իրավական դաշտի փոփոխություններ, որոնք, ի թիվս այլ հարցերի, վերաբերում են նաեւ զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողությանը: Այժմ Հայաստանը կունենա խորհրդարանական վերահսկողություն բանակի նկատմամբ:

Սրանք նոր զարգացումներ են Հայաստանի համար, եւ մենք պատրաստ ենք խորհրդատվություն տրամադրել այն մասին, թե ինչպես են ՆԱՏՕ-ի անդամ երկրները լուծել այդ խնդիրները:
 
Ռոուզ Գոթեմյոլերի հետ զրուցել է Թագուհի Հովհաննիսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am