“2008 թվականը շատ հագեցած կլինի մարքեթինգային նախաձեռնությունների առումով” - Mediamax.am

5194 դիտում

“2008 թվականը շատ հագեցած կլինի մարքեթինգային նախաձեռնությունների առումով”

Լեոնիդ Մելամեդ
Լեոնիդ Մելամեդ

Լուսանկարը`


Ռուսաստանյան MTC բջջային օպերատորի նախագահ Լեոնիդ Մելամեդի բացառիկ հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը, 2008թ., հունվար

- Անցած տարվա աշնանը MTC ընկերությունը գնեց “ՎիվաՍելի” բաժնետոմսերի 80 տոկոսը եւ կնքեց մնացած 20 տոկոսի ձեռքբերման օպցիոն պայմանագիր: Ի՞նչ նոր բան իմացաք Ձեր հայկական ձեռքբերման մասին այս մի քանի ամիսների ընթացքում:

- Նախ եւ առաջ, ցանկանում եմ օգտվել այս հնաավորությունից Հայաստանի քաղաքացիների Նոր Տարին եւ Սուրբ Ծնունդը շնորհավորելու համար, ցանկանում եմ առողջություն, երջանկություն եւ բարեկեցություն:

Մենք ուրախ ենք, որ անցած տարի “ՎիվաՍելը” դարձավ MTC խմբի անդամ: Անցած ամիսների ընթացքում մենք համոզվեցինք, որ ընկերությունն ունի լավ կարգավորված բիզնես գործընթացներ եւ կատարողական կարգապահության: “ՎիվաՍելի” մենեջմենթը շատ բանիմաց է, այն գերազանց գիտի շուկան եւ լիովին պատրաստ է մրցակցային պայքարին:

- Ի՞նչն եք համարում “ՎիվաՍելի” ուժեղ կողմն ու ինչը՞, հակառակը, բարելավման կարիք ունի:

- Ընկերության ուժեղ օղակն, ինչպես արդեն ասացի, մենեջմենթն է: Բարելավելու ենք օպերատորի տեխնիկական ենթակառուցվածքը, այդ թվում` բիլինգային համակարգերը: Նախատեսում ենք նաեւ ընդլայնել սակագնային պլանների տեսականին` հիմա այն բավականին համեստ է: Օրինակ, չկան “մարտկոցային” սակագներ, որոնք ենթադրում են խոսակցության արժեքի նվազում խոսացված րոպեների որոշ քանակից հետո: 2008 թվականին մենք առաջին հերթին նման սակագնային պլաններ կներմուծենք:

Մեր կարծիքով, նաեւ անհրաժեշտ է որոշել “ՎիվաՍելի” մարքեթինգային ռազմավարությունը, որը կպատասխանի այն հարցին, թե ո՞ր ուղղությամբ է շարժվելու ընկերությունը 2008 թվականին եւ որտե՞ղ է այն իրեն տեսնում հետագա մի քանի տարիների ընթացքում: Մոտ ապագայում “ՎիվաՍելի” ղեկավարությունը եւ MTC-ի կորպորատիվ կենտրոնի մասնագետները կավարտեն “ՎիվաՍելի” երկարաժամկետ մարքեթինգային ռազմավարության մշակումը:

- Արդյոք դա նշանակու՞մ է, որ “ՎիվաՍելը” հետագայում եւս կկառավարվի տեղական կադրերի կողմից եւ որ դուք Մոսկվայից մասնագետներ չեք ուղարկի Երեւան:

- Ընկերության ղեկավար կազմում մենք ոչ մի արմատակ փոփոխություններ չենք նախատեսում: Առայժմ միայն նախատեսում ենք ուժեղացնել “ՎիվաՍելի” մարքեթինգային թիմը, այդ թվում` MTC-ի պրոֆեսիոնալ թիմով: Մեր խմբում ստորաբաժանումների եւ երկրների միջեւ փորձի փոխանակումը շատ լավ է կարգավորված: Նախատեսում ենք Մոսկվայից տեխնիկական մասնագետներ ներգրավել “ՎիվաՍելի” առանձին նախագծերին մասնակցելու համար: Իրենց հերթին նրանց հայ գործընկերները կանոնավոր կերպով կայցելեն Մոսկվայի ուսումնական կենտրոններ` որակավորման բարձրացման համար:

- Երեւանում կայացած մամլո ասուլիսում Դուք նշում էիք, որ մինչեւ 2007 թ. վերջը “ՎիվաՍելը” կաշխատի գործող մարքեթինգային պլանների հիման վրա եւ փոփոխությունները կսկսեն 2008 թվականից: Արդյոք պե՞տք է “հեղափոխային” փոփոխությունների սպասել “ՎիվաՍելի” մարքեթինգային քաղաքականությունում:

- 2008 թվականը շատ հագեցած կլինի մարքեթինգային նախաձեռնությունների առումով: Ինչպես եւ հարկ է շուկայի առաջատարին, մենք ակտիվորեն շուկա դուրս կբերենք նոր սակագնային պլաններ եւ լրացուցիչ ծառայություններ: Կարծում եմ, մարքեթինգային ակցիաների առումով մեզ շատ հետաքրքիր եւ հագեցած տարի է սպասում:

- Այն համաձայնագրերի շրջանակներում, որոնց մասին հայտարարվել էր սեպտեմբերին, կողմերը պայմանավորվել էին, որ MTC-ը “ՎիվաՍելին” 140 մլն եվրոյի վարկ կտրամադրի` կուտակված պարտքերի մարման եւ ներդրումային ծրագրերի ֆինանսավորման համար: Ո՞ր ուղղություններն են առաջնային հայաստանյան ներդրումների համար:

- Ինչպես պարզաբանել էինք ընկերությունը ձեռք բերելու մասին հայտարարելու պահին, տրամադրված վարկի մի մասն ուղղված է “ՎիվաՍելի” կուտակած պարտքերի մարմանը: 2008 թվականին Հայաստանում ներդրումները կկազմեն մի քանի տասնյակ միլիոն դոլար: Ներդրումներն առաջին հերթին կուղղվեն ենթակառուցվածքների զարգացմանը, բիլինգի արդիականացմանը, կապի որակի բարելավմանն ու ինտերնետ-ծառայությունների զարգացմանը GPRS/EDGE-ի հիմքի վրա: Բացի այդ, նախատեսվում են ներդրումներ 3G ցանցի եւ սեփական օպտիկա-մալուխային տրանսպորտային ցանցի ստեղծման համար:

- Եթե կարելի է, ավելի մանրամասն պատմեք Հայաստանում լայնաշերտ ինտերնետի ծառայությունների մաստուցման ծրագրերի մասին:

- 2007 թ. հոկտեմբերին մենք հաճախականություն ստացանք 3G ցանցի համար եւ հիմա մանրամասն մշակում ենք երրորդ սերնդի ցանցի ներդրման բիզնես-պլանը: Ուսումնասիրում ենք, թե որտե՞ղ բարձր թողունակությամբ Ինտերնետի առավելագույն պահանջարկ կա: Դրանից է կախված, թե որտե՞ղ կզարգացնենք 3G-ի վրա հիմնված ծառայություններն առաջին հերթին` մայրաքաղաքում, թե այլ շրջաններում: Բացի այդ, մենք ուսումնասիրում ենք, թե ո՞ր ծառայությունները պահանջարկ կունենան` ձայնի փոխանցումը, տեսազանգերը, թե՞ տվյալների փոխանցումը: 3G ցանցերի առեւտրային շահագործումը սկսելու նախնական ժամկետը 2008 թվականի աշունն է: Սակայն ծառայությունների ձեւաչափի վերաբերյալ վերջնական որոշումը կընդունվի շատ շուտով:

- Սեպտեմբերին դուք ասում էիք, որ MTC-ը կուսումնասիրի “ՎիվաՍելի” անվանափոխման հարցը: Դուք արդեն անցկացրե՞լ եք այս հարցի ուսումնասիրությունը:

- “ՎիվաՍելը” շատ ուժեղ ապրանքանիշ է, ազգային ապրանքանիշների մեջ լավագույներից մեկը, ինչը մեզանից շատ զգուշավոր եւ հավասարակշռված որոշումներ է պահանջում: Մենք պետք է համոզված լինենք, որ MTC ապրանքանիշը առաջխաղացում կապահովի ընկերության բիզնեսին Հայաստանում, ինչպես դա եղավ, օրինակ, Ուզբեկստանում, Ուկրաինայում, կամ Բելառուսում: Մյուս կողմից, մենք ցանկանում ենք վստահ լինել, որ անվանափոխությունը, եթե այն անհրաժեշտ համարվի, ոչ միայն ցուցանակի եւ ապրանքանշանի փոփոխություն կլինի, այլեւ լրացուցիչ հնարավորություններ կստեղծի մեր բաժանորդների համար, օրինակ, ներկայության բոլոր երկրներում MTC-ի բաժանորդների համար միջազգային արտոնյալ զանգերի տեսքով, MTC-ի ցանցում արտոնյալ ռոումինգի եւ այլն: Այժմ մենք ուսումնասիրում ենք “ՎիվաՍելի” անվանափոխության նպատակահարմարության հարցը եւ մինչեւ այս տարվա կեսը կհրապարակենք մեր ծրագրերը:

- “ԱրմենՏելի” սեփականատերն է ռուսաստանյան “Վիմպելկոմը”, որը համարվում է MTC-ի թիվ մեկ մրցակիցը Ռուսաստանում: Արդյոք դա լրացուցիչ սրություն է տալի՞ս Հայաստանում “ԱրմենՏելի” հետ ձեր մրցակցությանը:

- “Վիմպելոկոմը” ներկա է մի շարք շուկաներում, որտեղ մենք աշխատում ենք. Ռուսաստանում, Ուկրաինայում, Ուզբեկստանում: Բոլոր շուկաներում մենք հաջողությամբ մրցակցում ենք:

- Չնայած “ՎիվաՍելի” բաժանորդների թիվը կրկնակի գերազանցում է “ԱրմենՏելի” բաժանորդներին, “ԱրմենՏելի” ARPU /մեկ բաժանորդից ստացվող միջին հասույթ/ ցուցանիշն ավելի բարձր է, քան “ՎիվաՍելինը”: Ինչո՞վ է դա պայմանավորված:

- Ես չեմ կարող մեկնաբանել այդ թվերը, քանզի ARPU հաշվարկի մեթոդները կարող են տարբեր լինել: Այնուամենայնիվ, մեկ բաժանորդից “ԱրմենՏել” ընկերության ստացված միջին ամսեկան եկամուտն մեզնից այնքան էլ բարձր չէ: Օրինակ, 2007 թ. երրորդ եռամսյակի արդյունքներով “ՎիվաՍելի” այդ ցուցանիշը կազմել է $ 15.7, իսկ “ԱրմենՏելի”` $ 17.6: Դա պայմանավորված է առաջին հերթին պատմական պատճառներով. “ԱրմենՏելը” բջջային շուկա է մտել գրեթե 10 տարի առաջ, իսկ “ՎիվաՍելը” Հայաստանում աշխատում է երկու տարուց մի փոքր ավելին, եւ դա ազդել է բաժանորդային բազայի կառուցվածքի վրա: Մենք մշակում ենք այնպիսի առաջարկներ, որոնք գրավիչ կլինեն բաժանորդների համար, կխթանեն նոր միացումները եւ կնպաստեն առկա հաճախորդների ծառայություններից օգտվելու աճին:

- Մոտ մեկ տարի առաջ ԱՖԿ “Սիստեմա” խմբի մեջ մտնող “Կոմստար” ընկերությունը ձեռք բերեց հայկական “Կորնետ” ինտերնետ-պրովայդերին, որը հայտարարում է Հայաստանում WiMAX տեխնոլոգիայի զարգացման մտադրության մասին: Հնարավո՞ր է “ՎիվաՍելի” եւ “Կորնետի” որոշ ծառայությունների կոնվերգենցիան /համակցումը/:

- Կոնվերգենտ նախագծերի իրականացումը հնարավոր է, մենք պատրաստ ենք ուսումնասիրել այդպիսի ծառայությունների իրականացման առաջարկներն ու գնահատել դրանց նպատակահարմարությունը, այդ թվում` “Կոմստար-ՕՏՍ”-ի հետ հնարավոր համատեղ նախագծերը:

- “ՎիվաՍելն” ավանդաբար մեծ միջոցներ է տրամադրում բարեգործությանը` աջակցելով ոչ միայն զուտ սոցիալական նախագծերին, այլեւ, մասնակցելով Հայաստանի շրջանների սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների վերականգնմանը: Ինչպե՞ս է MTC-ը վերաբերվում “ՎիվաՍելի” նման գործունեությանը:

- Ազգային ծավալուն նախագծերի շնորհիվ “ՎիվաՍելը” դարձել է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտի առաջատարներից մեկը: Միջնաժամկետ հեռանկարում մենք կաջակցենք այն նախագծերին, որոնք արդեն նախաձեռնվել եւ իրագործվում են: Միեւնույն ժամանակ, մենք կցանկանայինք, որպեսզի ՙՎիվաՍելի՚ ակտիվությունն այս ուղղությամբ համապատասխաներ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում MTC-ի միասնական ծրագրին: Մենք մեծ հաճույքով կուսումնասիրենք եւ կօգտագործենք մեր հայ գործընկերների փորձը, ինչպես նաեւ համատեղ կմշակենք կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում նոր ուղղություններ եւ նախագծեր:

- Ինչպիսի՞ հիմնական խնդիրներ եք դնում “ՎիվաՍելի” առջեւ 2008 թվականի համար:

- “ՎիվաՍելի” առջեւ դրված են բիզնեսի հետագա ամրապնդման խնդիրներ` բաժանորդների թվի աճ, շուկայում մասնաբաժնի պահպանում ու սպառվող ծառայությունների ծավալի մեծացում:

- Ինչպե՞ս եք գնահատում հայաստանյան շուկայի հեռանկարը: 2007թ. 3-րդ եռամսյակի արդյունքներով հայտարարվեց, որ “ՎիվաՍելի” բաժանորդների թիվն արդեն հասել է 1,1 միլիոնի. դա չի՞ նշանակում, որ շուկայի հագեցվածությունը արդեն մոտ է:

- Չնայած բջջային կապի թափանցումը Հայաստանում գերազանցել է 50 տոկոսը, շուկայի աճի հեռանկարը դեռ բավականին մեծ է: Նախ եւ առաջ, դեռեւս ցածր է ծառայություններից օգտվելու ծավալը: Եթե Ուզբեկստանում բաժանորդը բջջային հեռախոսով խոսում է միջինը ամսական 565 րոպե, Բելառուսում` 430 րոպե, Թուրքմենստանում` 299 րոպե, ապա Հայաստանում` 200 րոպեից քիչ:

Երկրորդը` Հայաստանում գոյություն ունեն լրացուցիչ ծառայությունների զարգացման մեծ հնարավորություններ: Հիմա այդ ծառայությունների առաջարկները սահմանափակ են, եւ մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի ընդլայնենք այդպիսի ապրանքների տեսականին: Օրինակ, մենք մոտ ժամանակներս նախատեսում ենք ներմուծել GOOD'OK ծառայությունը, երբ զանգահարողը զանգի ազդանշանի փոխարեն երաժշտություն է լսում: Այնպես որ, նույնիսկ բջջային կապի թափանցման բարձր մակարդակին հասնելուց հետո լրացուցիչ ծառայությունները կարող են աճի լոկոմոտիվ դառնալ: Սակայն Հայաստանը հագեցվածությունից ընդհանուր առմամբ դեռ հեռու է: Օրինակ, Ռուսաստանում բջջային կապի թափանցումը վաղուց գերազանցել է 100%-ը, սակայն շուկան շարունակում է աճել, այդ թվում նաեւ ծառայություններից օգտվելու աճի հաշվին:
Մեր ընտրանին