ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը - Mediamax.am

6282 դիտում

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը


Լուսանկարը` www.arcah.ru


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սենատը նախօրեին միաձայն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունն ու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձեւ:

Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումը, Սենատի անդամ Մայք Գատտոյի հեղինակած AJR 32 բանաձեւը սատարում է Արցախի ՝ որպես ազատ եւ անկախ պետություն զարգանալու ջանքերը եւ պաշտոնապես կոչ է անում ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսին աջակցել Արցախի ինքնորոշմանն ու ժողովրդավարական զարգացմանը:

 

Ներկայացնելով բանաձեւը Սենատի անդամներին՝ սենատոր Քեվին դե Լեոնը, մասնավորապես, ասել է. «Այս տարածաշրջանի էթնիկ հայ բնակչությունը չափազանց շատ է կորուստեր ապրել եւ արժանի է ունենալու ազատ եւ անկախ հայրենիք, որտեղ չի գտնվի հետապնդման վտանգի ներքո: Այս իմաստով, Կալիֆոռնիայի նահանգը կարող է առաջամարտիկ լինել՝ խթանելով փոփոխություններն աշխարհում: Սա նկատի առնելով՝ խնդրում եմ աջակցել ժողովրդավարությունը, ազատությունը եւ Արցախի միջազգային ճանաչմանը»:  

 

AJR 32 բանաձեւը 70/2 ձայների հարաբերակցությամբ ընդունվել էր Կալիֆոռնիայի վեհաժողովի կողմից դեռեւս այս տարվա մայիսին:

 

«Այս բանաձեւի ընդունումն առավել հարմար ժամանակ չէր ունենա, քան հիմա՝ հաշվի առնելով Արցախի եւ Ադրբեջանի շփման գծում վերջին շրջանում լարվածության մեծացումը: Արցախի ժողովուրդն իրավունք ունի ապրելու իր իսկ ընտրած կառավարման ձեւով, եւ այն այժմ մեր աջակցության կարիքն ավելի քան ունի»,- ասել է ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի արեւմտյան տարածաշրջանի գրասենյակի գործադիր տնօրեն Էլեն Ասատրյանը:

     

Այսպիսով, Կալիֆոռնիա նահանգը, ճանաչելով Արցախի Հանրապետության անկախությունը, միացել է ԱՄՆ մյուս 4՝ Մասաչուսեթս, Ռոդ Այլընդ, Մեյն եւ Լուիզիանա նահանգներին, որոնք ավելի վաղ են ընդունել ԼՂՀ անկախությունը ճանաչող բանաձեւեր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին