Իրանը պատրաստ է սատարել ԼՂ խնդրի կարգավորմանը - Mediamax.am

4202 դիտում

Իրանը պատրաստ է սատարել ԼՂ խնդրի կարգավորմանը


Մոհամադ Ջավադ Զարիֆն ու Էդվարդ Նալբանդյանը
Մոհամադ Ջավադ Զարիֆն ու Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն այսօր Երեւանում հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը սատարում է Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ եւ միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա հիմնված կարգավորումը:

«Իրանը՝ որպես Հայաստանի հարեւան երկիր, կողմ է տարածաշրջանի բոլոր երկրների միջեւ խաղաղության եւ բարեկամության հաստատմանը: Մենք հուսով ենք, որ առկա հակամարտությունները կլուծվեն խաղաղ ճանապարհով: Մենք պատրաստ ենք սատարել, որ այդ խնդիրների կարգավորումը դրական արդյունքներ ունենա»,- ասել է Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում:

 

Երկու երկրների արտգործնախարարներն ավելի վաղ կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն ու վերջին զարգացումները:

 

Էդվարդ Նալբանդյանը, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի՝ Դավոսում արած հայտարարությունը, թե աշխարհում բոլոր հակամարտությունների կարգավորման հիմքում պետք է դրվեն միջազգային իրավունքի միեւնույն նորմերը, ասել է. «Իլհամ Ալիեւի խոսքերից տպավորություն է ստեղծվում, թե գոյություն ունեն միջազգային իրավունքի սկզբունքներ ու նորմեր եւ առանձին՝ դրանց ադրբեջանական ընկալումը»:

 

«Հիշեցնեմ, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ եռանախագահող երկրների կողմից արված առաջարկների հիմքում ընկած են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականությունը եւ ազգերի ինքնորոշման իրավունքը: Ի պատասխան եռանախագահող երկրների կոչերին՝ Հայաստանը բազմիցս վերահաստատել է իր հանձնառությունը հիմնախնդրի կարգավորմանը բացառապես այդ սկզբունքների վրա, իսկ Ադրբեջանը այդպես էլ չի արտահայտել իր դիրքորոշումը միջազգային իրավունքի սկզբունքների վերաբերյալ»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:

 

 

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին