Նալբանդյան. Պետք է խուսափել ԼՂ կարգավորմանը վնասող քայլերից - Mediamax.am

3724 դիտում

Նալբանդյան. Պետք է խուսափել ԼՂ կարգավորմանը վնասող քայլերից


Յոհանես Հանն ու Էդվարդ Նալբանդյանը
Յոհանես Հանն ու Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ասել է, որ պետք է զերծ մնալ նոր զուգահեռ կառույցներ, ձեւաչափեր, կամ աշխատանքային խմբեր ստեղծելուց, որոնց աշխատանքը կարող են վնաս հասցնել եռանախագահների գործունեությանը եւ ԼՂ բանակցային կարգավորմանը:

Այդ մասին նա ասել է Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Հանի հետ համատեղ ասուլիսին՝ մեկնաբանելով ԵԽԽՎ քաղաքական հարցերով հատուկ զեկուցող, «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի գրավյալ մյուս տարածքներում» զեկույցի հեղինակ Ռոբերտ Ուոլթերի այցը Ադրբեջան:

 

Էդվարդ Նալբանդյանը մասնավորապես առանձնացրել է այն զեկուցողներին, որոնց հակամարտության կողմերից մեկը՝ Ադրբեջանը, անվերջ շնորհակալություն է հայտնում շարունակական աջակցության համար, ինչը, ըստ նախարարի, կողմնակալության վերաբերյալ հարցեր է առաջացնում: 

 

ՀՀ ԱԳ ղեկավարը վստահություն է հայտնել, որ եռանախագահները եւս կիսում են այս մոտեցումը:

 

Յոհանես Հանը, իր հերթին, ասել է, որ ստատուս-քվոն ԼՂ հակամարտության հարցում անընդունելի է ԵՄ-ի համար:

 

«Հակամարտության խաղաղ հանգուցալուծումը շարունակում է մնալ մեր առաջնահերթությունների շարքում, եւ մենք անդրադառնալու ենք այս խնդրին, քանի որ այս պահին առկա իրավիճակը եվրոպական տեսանկյունից ոչ գոհացուցիչ է», - նշել է ԵՄ հանձնակատարը:

 

Նրա խոսքով՝ ԵՄ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ընթացող բանակցություններին եւ խրախուսում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հետագա երկխոսությունը, այդ թվում՝ նախագահների մակարդակով:

 

«Կարեւոր է խստագույնս հարգել հրադարարը եւ զսպվածություն ցուցաբերել գործողություններում ու հայտարարություններում՝ ստեղծելով միջավայր, որը բարենպաստ կլինի հակամարտության կարգավորման համար»,- ասել է Յոհանես Հանը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին