Նալբանդյանը կարեւորել է ԼՂ հարցում խաղաղապահների դերը - Mediamax.am

8853 դիտում

Նալբանդյանը կարեւորել է ԼՂ հարցում խաղաղապահների դերը


ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր միջազգային ջանքերը պետք է իրականացվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի շրջանակում եւ դրա մոտեցմանը համահունչ:

Այս մասին ՀՀ ԱԳ նախարարն ասել է հոկտեմբերի 1-ին Նյու Յորքում` ՄԱԿ-ի կենտրոնակայանում, ԵԱՀԿ խաղաղապահ առաքելություններին նվիրված նախարարական հանդիպման ժամանակ։

 

«Մինսկի խմբի համանախագահներին աջակցում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ղեկավարած թիմը, որը միակ մշտական ներկայությունն է հակամարտության գոտում եւ դիտարկում է հրադադարի ռեժիմի պահպանումը: Կասկածից վեր է, որ այս ներկայությունն ամրացնելը նշանակում է զորացնել կազմակերպության կարողությունները` նպաստելու խաղաղությանը եւ ամրապնդելու հրադադարը շփման գծում եւ սահմաններին»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:

 

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ քաղաքական լուծումները պետք է որոշեն եւ ուղղորդեն խաղաղապահ գործողությունների ձեւաչափը եւ հնարավոր տեղակայումը: Նրա խոսքով՝ բազմաթիվ առիթներով հայտարարվել է, որ անվտանգության միջազգային երաշխիքները՝ ներառյալ խաղաղապահ գործողությունները, ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման հիմնարար տարրերից են:

 

«Դրա նպատակը՝ հակամարտության քաղաքական կարգավորման պարագայում զինված ուժերի բաժանումն է եւ խաղաղության պահպանումը: Ոչ մի այլ մանդատ կամ բաղադրիչ, ներառյալ` ոստիկանական գործունեություն, այս դեպքում նախատեսված չէ»,- պարզաբանել է Էդվարդ Նալբանդյանը:

 

Նախարարն ընդգծել է, որ ԵԱՀԿ ընդհանուր տարածաշրջանի հիմնախնդիրները կարող են էականորեն տարբեր լինել եւ հակամարտությունների կարգավորման համընդհանուր դեղատոմսեր չկան:

 

«Յուրաքանչյուր իրավիճակի վերաբերյալ մենք պետք է մշակենք անհատական մոտեցումներ՝ խուսափելու համաձայնեցված ձեւաչափերի շրջանակում ընթացիկ գործընթացներին վնասելուց կամ միջամտելուց»,- նկատել է Էդվարդ Նալբանդյանը:

 

ՀՀ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ մի քանի օրից Երեւանը կհյուրընկալի խաղաղապահ առաքելությունների վերաբերյալ միջազգային համաժողով, որին կմասնակցի նաեւ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների գծով Գլխավոր քարտուղարի օգնական Էդմոն Մյուլեն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին