Բաքուն ծանր գին է վճարել, ասել է ՀՀ դեսպանը - Mediamax.am

3267 դիտում

Բաքուն ծանր գին է վճարել, ասել է ՀՀ դեսպանը


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանն ասել է, որ վճռական հարված հասցնելու ու ռազմական հաղթանակ տանելու Ադրբեջանի փորձը ձախողվել է ԼՂ ՊԲ ստորաբաժանումների կողմից, եւ Ադրբեջանը ծանր գին է վճարել իր ռազմական արկածախնդրության համար:

Այս մասին դեսպանն ասել է ապրիլի 5-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1094-րդ հատուկ նիստի շրջանակում՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծի երկայնքով ռազմական առճակատման խնդրին:

 

Արման Կիրակոսյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի սանձազերծումը նպատակ էր հետապնդում շեղել միջազգային հանրության ուշադրությունը երկրում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերից, զսպել հասարակության դժգոհությունը նավթի գների անկմամբ ու գնաճով պայմանավորված սոցիալ-տնտեսական խնդիրներից ու խաթարել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ փորձելով առավելություններ ձեռք բերել սադրանքների եւ ուժի կիրառման միջոցով:

 

Հայաստանի դեսպանի խոսքով՝ վերջին առճակատումն առանձնանում է նախորդ սրացումներից տարածքի զավթման փորձերով եւ քաղաքացիական բնակչության ու բնակավայրերի զանգվածային հրետակոծությամբ:

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն

«Ադրբեջանն անգամ չի փորձում թաքցնել սահմանամերձ բնակավայրերի, հատկապես, Մարտակերտ քաղաքի հրետակոծությունն ու անգամ սպառնում է թիրախ դարձնել ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտը»,- ասել է դեսպանը:

 

«ԼՂ ժողովուրդն ունի ինքնապաշտպանության իրավունք եւ Հայաստանը՝ որպես նրա ֆիզիկական անվտանգության երաշխավոր, կսատարի Լեռնային Ղարաբաղին: Հայաստանի նախագահը հրահանգել է ԱԳՆ-ին նախապատրաստել Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջեւ ռազմական փոխօգնության պայմանագրի նախագիծ»,- հավելել է ՀՀ ներկայացուցիչը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին