Իսրայել. Որպես կանոն չենք օգնում գործածել մեր զենքն այլ երկրի դեմ - Mediamax.am

exclusive
17143 դիտում

Իսրայել. Որպես կանոն չենք օգնում գործածել մեր զենքն այլ երկրի դեմ


Լուսանկարը` REUTERS

Հայաստանում Իսրայելի դեսպան (նստավայրը՝ Երուսաղեմ) Շմուել Մեիրոմը
Հայաստանում Իսրայելի դեսպան (նստավայրը՝ Երուսաղեմ) Շմուել Մեիրոմը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Արցախի հետ շփման գծում ռազմական գործողություններ սանձազերծելուց ի վեր Ադրբեջանը կորցրել է 14 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ):

Լուրեր են շրջանառվում, թե Ադրբեջանի կորցրած ԱԹՍ-ներն արտադրվել են Իսրայելում: Վարկածներ եղան այն մասին, թե այս օրերին Արցախում  իսրայելական արտադրության մարտական ԱԹՍ-ները կառավարվել են հենց իսրայելացի մասնագետների կողմից:

 

Մեդիամաքս-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է, որ հայկական կողմի ոչնչացրած ԱԹՍ-ների շարքում եղել են իսրայելական արտադրության սարքեր:

 

 

Իսրայելական ԱԹՍ-ների եւ դրանց կիրառության գործում իսրայելացի մասնագետների հնարավոր ներգրավվածության մասին տեղեկատվությունը մեկնաբանելու համար Մեդիամաքս-ը զրուցել է Հայաստանում Իսրայելի դեսպան (նստավայրը՝ Երուսաղեմ) Շմուել Մեիրոմի հետ:

 

«Ես չգիտեմ որեւէ իսրայելացի մասնագետի կամ մասնագետների, որոնք այս օրերին Ադրբեջանում են՝ օգնելու Ադրբեջանի զինված ուժերին անօդաչու թռչող սարքերի օգտագործման հարցում: Ես որեւէ բան չգիտեմ այս մասին: Չեմ կարող հերքել կամ հաստատել, թե արդյո՞ք Ադրբեջանն օգտագործել է իսրայելական արտադրության ԱԹՍ-ներ:  Դա հնարավոր է, որովհետև, մենք զենք ենք վաճառում Ադրբեջանին, եւ դա գաղտնիք չէ: Սա միակ բանն է, որը ես կարող եմ հաստատել»,- Մեդիամաքսին ասել է Իսրայելի դեսպանը:

 

 

Շմուել Մեիրոմը հավելել է, որ Իսրայելը, որպես կանոն, երբեւէ չի ներգրավվում իր քաղաքացիներին, մասնագետներին որեւէ այլ պետության դեմ զենքերը կիրառելու կամ ակտիվացնելու գործում: «Սա ես հստակ կարող եմ ասել»,- նշել է դիվանագետը:

 

Նա չի բացառել, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները որոշակի վերապատրաստում անցած լինեն ԱԹՍ-ների կիրառման համար: «Հնարավոր է, նրանք (ադրբեջանցիները-խմբ) եղել են այստեղ (Իսրայելում-խմբ), կամ մեր մասնագետներն են եղել այնտեղ (Ադրբեջանում-խմբ)՝ ցույց տալու, թե ինչպես կիրառել անօդաչու թռչող սարքերը: Դա հնարավոր է: Սակայն, ես չեմ հավատում, որ դա տեղի է ունեցել հակամարտության վերջին լարվածության ընթացքում: Մենք նման բան չենք անում»,- Մեդիամաքսին ասել է Շմուել Մեիրոմը:

Հայաստանում Իսրայելի դեսպան (նստավայրը՝ Երուսաղեմ) Շմուել Մեիրոմը Հայաստանում Իսրայելի դեսպան (նստավայրը՝ Երուսաղեմ) Շմուել Մեիրոմը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դեսպանի փոխանցմամբ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Իսրայելի պաշտոնական դիրքորոշումը հետեւյալն է.

 

«Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ խաղաղության հասնելու ջանքերը: Մենք մնում ենք այս դիրքորոշմանը: Կարծում եմ՝ դուք չեք հանդիպել հակամարտության կողմերից մեկին Իսրայելի պաշտոնական աջակցության մասին տեղեկատվության կամ հայտարարության»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին