Նալբանդյանը կոչ է արել կանխել ԼՂ խնդրի ռազմական լուծման փորձերը - Mediamax.am

3992 դիտում

Նալբանդյանը կոչ է արել կանխել ԼՂ խնդրի ռազմական լուծման փորձերը


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ այսօրվա հրամայականն է սանձահարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծման վտանգավոր փորձերը:

Այս մասին Էդվարդ Նալբանդյանն ասել է Պրահայում՝ ԵՄ Արեւելյան գործընկերության եւ Վիշեգրադյան քառյակի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ:

 

Նախարարը հիշեցրել է, որ ԵՄ Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի համատեղ հռչակագիրը վերահաստատել է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված Ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանը:

 

«Բոլորս հիշում ենք, թե ինչպես էր Ադրբեջանը Ռիգայի գագաթաժողովին փորձում կանխարգելել եզրափակիչ փաստաթղթի ընդունումը՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարություններին հղման պատճառով։

 

Այնուամենայնիվ, Բաքուն շարունակաբար մերժել է խնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ միջազգային հանրության կոչերը: Ապրիլի սկզբին, Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիվ գործողությունները պատճառ են դարձել բազմաթիվ զոհերի եւ վիրավորների, դրանք, միաժամանակ, ուղեկցվել են միջազգային մարդասիրական եւ մարդու միջազգային իրավունքների ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտումներով»,- հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը:

 

ԱԳ նախարարն ընդգծել է, որ Բաքուն փորձեր է կատարում կասկածի տակ դնելու 1994թ. եւ 1995թ. համաձայնագրերի վավերականությունը՝ ԵԱՀԿ-ում եւ ՄԱԿ-ում համապատասխան նամակներ տարածելու ճանապարհով:

 

«Այդ փորձերը ձախողվեցին Մինսկի խմբի համանախագահ երկրների արագ արձագանքի շնորհիվ, որոնք կոչ արեցին ամբողջովին հարգել 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերը: Ադրբեջանը շարունակում է զինադադարի խախտումները` շփման գծի ողջ երկայնքով կենտրոնացնելով ծանր զինտեխնիկա եւ զորքեր, առավել ուժգնացնելով իր ռազմատենչ հռետորաբանությունը եւ իրականացնելով սադրիչ քարոզչություն միջազգային հարթակում»,- ընդգծել է Էդվարդ Նալբանդյանը:

 

Նա ասել է, որ Հայաստանը ջանք չի խնայի համանախագահ երկրների հետ միասին աշխատելու՝ միտված Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին