Ֆրանսիայի դեսպան. Հետաքննության մեխանիզմի ստեղծումն ընթացքի մեջ է - Mediamax.am

5526 դիտում

Ֆրանսիայի դեսպան. Հետաքննության մեխանիզմի ստեղծումն ընթացքի մեջ է


Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն այսօր հայտարարել է, որ ներկայում ԵԱՀԿ-ի շրջանակում աշխատանք է տարվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրման ուղղությամբ:

Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը դեսպանն ասել է, որ իր ունեցած տեղեկություններով՝ այդ մեխանիզմի ստեղծման եւ ներդրման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են:

 

«Եթե այդ մասին չի նշվել նախօրեին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահների հանդիպման արդյունքներով հրապարակված հայտարարության տեքստում, դա դեռ չի նշանակում, որ այդ ուղղությամբ աշխատանքներ չեն տարվում»,- ասել է Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

 

Դիվանագետի խոսքով՝ հետաքննության մեխանիզմի եւ վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման հարցը մայիսի 16-ին Վիեննայում կայացած հանդիպման գլխավոր եւ առանցքային թեման էր:

 

«Մեզ համար սա կենտրոնական, առանցքային նշանակության հարց է, որը թույլ կտա ամրապնդել վստահությունը: Դա ենթադրում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի գրասենյակի իրավասությունների ընդարձակում եւ շփման գծի ամբողջ երկայնքով հետաքննական մեխանիզմների ներդրում, ինչը թույլ կտա լույս սփռել քառօրյա պատերազմի ժամանակ տեղի ունեցած դեպքերի վրա: Ուստի, մենք մեծապես աջակցում ենք այս մեխանիզմի իրագործմանը»,- ասել է դեսպանը:

 

Մեկնաբանելով նախօրեին Սանկտ Պետերբուրգում կայացած Սարգսյան-Պուտին-Ալիեւը հանդիպումը՝ Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն այն որակել է որպես «լավ նախաձեռնություն եւ լավ նշան»:

 

Հարցին, թե արդյոք Ռուսաստանը, նախաձեռնելով այդ հանդիպումը, փորձել է ցույց տալ ԼՂ հակամարտության կարգավորման գործում իր բացարձակ գերիշխող դերը, դեսպանն ասել է.

 

«Մենք հարցը նման կերպ չենք ընկալում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն աշխատում է համակարգված եւ մշտական, համաձայնեցված երկխոսության մեջ է գտնվում: Երբեմն, ժամանակ առ ժամանակ, համանախագահող երկրներից մեկը ստանձնում է նախաձեռնությունը: Օրինակ, անցած ամիս Վիեննայում կայացած հանդիպման նախաձեռնությունը պատկանում էր ամերիկյան կողմին: Հարցի կարգավորմանւ միտված բարի կամքի բոլոր դրսեւորումները միայն ողջունելի են»:

 

Դեսպանը հավելել է, որ ֆրանսիական կողմը մշտապես հայտնել է պատրաստակամություն՝ ԼՂ կարգավորման շուրջ բանակցությունները Ֆրանսիայում հյուրընկալելու:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին