Նալբանդյանը մեղադրել է Բաքվին ՍԾՏՀԿ-ն քաղաքականացնելու համար - Mediamax.am

6400 դիտում

Նալբանդյանը մեղադրել է Բաքվին ՍԾՏՀԿ-ն քաղաքականացնելու համար


ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` wikimedia.org


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Սոչիում Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 34-րդ նիստի ընթացքում քննադատել է Ադրբեջանին՝ կազմակերպությունը քաղաքական հարթակի վերածելու համար:

«Մենք չպետք է թույլ տանք ՍԾՏՀԿ-ի քաղաքականացումը, նրա վերածումը քաղաքական հակադրության հարթակի։ Ցավոք, մենք ականատես դարձանք, որ այսօր նորից ադրբեջանական պատվիրակությունը, իր նեղ քարոզչական նպատակներից ելնելով, փորձեց քաղաքականացնել լիագումար նիստի քննարկումները»,- նշել է Էդվարդ Նալբանդյանը:

 

Նախարարը խոսել է նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի մասին:

 

«Կցանկանայի հիշեցնել, որ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում անցկացված գագաթաժողովները, առաջին հերթին, նպատակ էին հետապնդում կայունացնել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ապրիլին իրականացված լայնածավալ ռազմական գործողությունների հետեւանքով հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը: Բանակցային գործընթացը շարունակելու համար պայմաններ ստեղծելու նպատակով, առաջին հերթին, անհրաժեշտ է իրականացնել այն, ինչի մասին հատուկ շեշտվել է եւ ինչի շուրջ ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորում, հրադադարի վերաբերյալ 1994-1995 թթ. եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ իրականացում, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծում, ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնում»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին