Իսրայելը քննում է Արցախում անօդաչուների կիրառման փաստերը - Mediamax.am

22283 դիտում

Իսրայելը քննում է Արցախում անօդաչուների կիրառման փաստերը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Իսրայելի պաշտպանության նախարարությունը շարունակում է ստուգել հաղորդագրությունները Արցախում հայկական դիրքերի վրա ադրբեջանական ռազմական անօդաչու սարքի հարձակման ընթացքում իսրայելացի մասնագետների մասնակցության մասին:

«Պաշտպանության նախարարությունը սովորաբար չի մեկնաբանում ռազմական արտահանման հետ կապված տեղեկատվությունը: Այս հարցը գտնվում է Իսրայելի պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից ստուգման փուլում», - պաշտպանական գերատեսչության այս պատասխանն այսօր մեջբերում է այսօր ռուսական «Коммерсантъ» թերթը:

 

Իսրայելի պաշտպանության նախարարությունում նաեւ նշել են, որ «եթե Aeronautics Defense Systems ընկերության ինժեներները մեկնել էին Ադրբեջան, ապա իսրայելացի զինվորականներ նրանց հետ հաստատ չեն եղել»:

   

Իսրայելական Maariv թերթը վերջերս գրել էր Orbiter 1K անօդաչու-«կամիկաձե» սարքերի մատակարարման մասին պայմանագրի կնքման նպատակով  Aeronautics Defense Systems-ի (ADS) պատվիրակության Ադրբեջան կատարած այցի մասին: Ինչպես նշում էր հոդվածի հեղինակ Յոսի Մելմանը, ադրբեջանական զինվորականները խնդրել էին իսրայելացի ինժեներներին գործի մեջ ցուցադրել սարքը, հարվածներ հասցնելով Արցախի դիրքերին: Հարձակման տեսագրությունը նրանք պատրաստվում էին ցուցադրել ադրբեջանական հեռուստատեսությամբ:

 

Հոդվածում նշվում էր, որ երկու իսրայելացի օպերատորներ կտրականապես հրաժարվել էին, չնայած ADS-ի պատվիրակության ղեկավարությունը համաձայնվել էր ադրբեջանական կողմի պայմաններին: Իսրայելական ընկերության մենեջերները մեղադրել էին օպերատորներին այն բանում, որ նրանց պատճառով կարեւոր պայմանագիր կարող է չեղարկվել: Ի վերջո, մենեջերներն իրենք ստիպված եղան կառավարել անօդաչու սարքերը: Այդ դեպքից հետո, ինչպես գրում էր Maariv-ը, օպերատորներից մեկը ազատվել էր աշխատանքից, իսկ մյուսը պատրասվում է դա անել:

 

2016 թվականի ապրիլին Մեդիամաքսը իսրայելացի մասնագետների հնարավոր մասնակցության թեման քննարկել էր Հայաստանում Իսրայելի դեսպան (նստավայրը Երուսաղեմում է) Շմուել Մեիրոմի հետ բացառիկ հարցազրույցում:

 

«Ես չգիտեմ որեւէ իսրայելացի մասնագետի կամ մասնագետների, որոնք գտնվել են Ադրբեջանում ՝ օգնելու Ադրբեջանի զինված ուժերին անօդաչու թռչող սարքերի օգտագործման հարցում: Ես որեւէ բան չգիտեմ այս մասին: Չեմ կարող հերքել կամ հաստատել, թե արդյո՞ք Ադրբեջանն օգտագործել է իսրայելական արտադրության ԱԹՍ-ներ:  Դա հնարավոր է, որովհետև, մենք զենք ենք վաճառում Ադրբեջանին, եւ դա գաղտնիք չէ: Սա միակ բանն է, որը ես կարող եմ հաստատել»,-  ասել էր Իսրայելի դեսպանը:

 

Շմուել Մեիրոմը հավելել էր, որ Իսրայելը, որպես կանոն, երբեւէ չի ներգրավվում իր քաղաքացիներին, մասնագետներին որեւէ այլ պետության դեմ զենքերը կիրառելու կամ ակտիվացնելու գործում: «Սա ես հստակ կարող եմ ասել»,- նշել է դիվանագետը:

 

Նա չէր բացառել, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները որոշակի վերապատրաստում անցած լինեն ԱԹՍ-ների կիրառման համար: «Հնարավոր է, նրանք (ադրբեջանցիները-խմբ) եղել են այստեղ (Իսրայելում-խմբ), կամ մեր մասնագետներն են եղել այնտեղ (Ադրբեջանում-խմբ)՝ ցույց տալու, թե ինչպես կիրառել անօդաչու թռչող սարքերը: Դա հնարավոր է: Սակայն, ես չեմ հավատում, որ դա տեղի է ունեցել հակամարտության վերջին լարվածության ընթացքում»,-Մեդիամաքսին ասել էր Շմուել Մեիրոմը:

 

2016 թվականի «ապրիլյան պատերազմից» հետո հեղինակավոր  Jane’s Defence Weekly շաբաթաթերթը գրել էր, որ, Ադրբեջանի զինված ուժերը Լեռնային Ղարաբաղում հայկական դիրքերի դեմ օգտագործել են իսրայելական արտադրության Harop/Harpy 2 անօդաչու թռչող սարքերը, որոնք առաջին անգամ էին կիրառվել ռազմական գործողությունների ժամանակ:

 

2016 թվականի ապրիլին Իսրայելական «Մերեց» կուսակցության նախագահ Զեհավա Գալոնը նամակ էր հղել Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնին՝ կոչ անելով հրաժարվել Ադրբեջանին նոր անօդաչու թռչող սարքեր մատակարարելու մտադրությունից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին