Սերժ Սարգսյան. Հնարավոր չէ մեկ ձեռքով կրակել, մյուսով՝ բանակցել - Mediamax.am

23131 դիտում

Սերժ Սարգսյան. Հնարավոր չէ մեկ ձեռքով կրակել, մյուսով՝ բանակցել


Սերժ Սարգսյանը
Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հայտարարել է, որ «հնարավոր չէ մեկ ձեռքով կրակել, իսկ մյուսով բանակցել այդ լուծումը գտնելու նպատակով»:

Այս մասին նախագահն ասել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի կրթական նոր ծրագրի մեկնարկն ազդարարող նիստում:

 

«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք»,- ասել է Սերժ Սարգսյանը:

 

Նախագահի խոսքով՝ բանակցությունները պետք է տեղի ունենան զենքի լռության շնորհիվ ձեւավորվող փոխադարձ վստահության պայմաններում, եւ որ սադրանքներն անհնար են դարձնում լուրջ բանակցությունները:

 

Սերժ Սարգսյանը ԼՂ հիմնախնդրի հետ կապված ընդգծել է երկու հանգամանք:

 

«Առաջին՝ այս փուլում մենք Արցախում ռազմական խնդիր լուծելու կամ դնելու նպատակ չունենք: Արցախի քաղաքացիական բնակչությունը հակառակորդի անխտրական կրակից պաշտպանելու խնդիրը մենք հիմնականում արդեն լուծել ենք եւ լուծել ենք վաղուց: Խնդրի խաղաղ կարգավորումը, ի թիվս այլ պայմանների, պետք է իսպառ բացառի որեւէ ռազմական սպառնալիք Արցախի խաղաղ բնակչության հանդեպ:

 

Երկրորդ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, իսկապես, չունի ռազմական լուծում»,- հայտարարել է նախագահը: 

 

Սերժ Սարգսյանի խոսքով՝ ժնեւյան բանակցություններից հետո ադրբեջանական կողմը հատուկ չարությամբ փորձում է շեշտել, որ հայկական կողմը ինչ-որ պայմանավորվածություններ է խախտել:

 

«Ես մեր հաջորդ հանդիպմանը շատ անհամբեր սպասում եմ, որպեսզի իմ գործընկերոջը հարցնեմ, թե ինչն է նրանց զայրացրել: Ընդ որում՝ խոսում են մարդիկ, ովքեր, փաստորեն, ընդհանրապես տեղյակ չպետք է լինեն մեր խոսակցությանը, որովհետեւ մենք երկուսով ենք խոսել, եւ եթե մենք պայմանավորվածություն ենք ունեցել որեւէ մեկին չասելու, ապա ինչպես են իր օգնականները, կամ, չգիտեմ, տեղակալները եւ այլն, թեմային ծանոթացել: Ձեզ հավատացնում եմ՝ մեր խոսակցությունից ես կես բառ անգամ որեւէ տեղ չեմ ասել: Եթե մենք Ժնեւում բանակցել ենք, ասել ենք եւ հայտարարություն ենք ընդունել, որ լարվածությունը պետք է թուլանա՝ դա չի նշանակում, որ Ղարաբաղի անկախության ձգտումն էլ պետք է թուլանա: Անկեղծ ասած, ինձ համար շատ տարօրինակ է»,- ասել է ՀՀ նախագահը:

 

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայկական կողմը վրեժի եւ կոլեկտիվ պատժի գործողություններ չի իրականացրել եւ չի իրականացնելու:

 

«Սակայն ամեն մի ռազմական կորստի դիմաց լինելու է հակառակ կողմի զինվորականների դեմ ուղղված հատուցման գործողություն:

 

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը էթնիկական եւ կրոնական բնույթ չի կրում: Մենք որեւէ խնդիր չունենք ո՛չ ադրբեջանցի ժողովրդի, ո՛չ էլ առավել եւս մահմեդական կրոնի հետ: Մենք վստահ ենք, որ ադրբեջանցի ժողովուրդը խաղաղություն է ցանկանում, պարզապես այդ ցանկությունը պետք է ճիշտ հունի մեջ գցել»,- հայտարարել է ՀՀ նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին