“Լեռնային Ղարաբաղի բնակիչները նույնքան եվրոպացի են, որքան մեզնից յուրաքանչյուրը”, ասել է Սերժ Սարգսյանը - Mediamax.am

4732 դիտում

“Լեռնային Ղարաբաղի բնակիչները նույնքան եվրոպացի են, որքան մեզնից յուրաքանչյուրը”, ասել է Սերժ Սարգսյանը


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ "Լեռնային Ղարաբաղի բնակիչները նույնքան եվրոպացի են, որքան մեզնից յուրաքանչյուրը”:

Սերժ Սարգսյանն այս մասին ասել է` այսօր Վարշավայում ելույթ ունենալով ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում: Նախագահն ասել է, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար ԼՂ խնդրի լուծման բանալին “ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ու նրա կողմից սեփական ճակատագրի ինքնուրույն տնօրինումն ապահովելու մեջ է”:

 

“Լեռնային Ղարաբաղի բնակիչները նույնքան եվրոպացի են, որքան մեզնից յուրաքանչյուրը: Նրանք մեծ ջանքեր են ներդնում իրենց հաստատությունները զարգացնելու հենց այն արժեքներին համապատասխան, որոնք մենք հռչակում ենք ընդհանուր, եւ դա, անշուշտ, արժանի է ուշադրության ու աջակցության”, - ասել է Սերժ Սարգսյանը:

 

Նա ցավով նշել է, որ “այսօր մեր տարածաշրջանը խարխափում է ատելության հետեւողական սերմանման եւ պատերազմի հռետորության սարդոստայնում”:

 

“Այս իրավիճակը որեւէ լավ բան չի հուշում եւ կարիք ունի անհապաղ վերափոխման: Նաեւ այս պատճառով երեկ ես ձեռնպահ մնացի Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի հասցեին հնչեցված անհիմն մեղադրանքներին պատասխանելուց, համարելով, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի խորը եւ համակողմանի քննարկման համար գոյություն ունեն հայտնի հարթակ եւ բոլորի կողմից ընդունված ձեւաչափ՝ ԵԱՀԿ եւ նրա կողմից ստեղծված Մինսկի խումբ ԱՄՆ, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի համանախագահությամբ: Իսկ ԵՄ-ն, ինչպես բազմաթիվ անգամ հայտարարվել է, հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման համար բարենպաստ պայմանների ապահովման եւ վստահության միջոցների ամրապնդման դիրքերից, ինչը միայն ողջունելի է: Այս խնդիրը ԵՄ-ն կարող է մեծ հաջողությամբ իրականացնել: Հենց Արեւելյան գործընկերության միջոցով, որի կարեւոր բաղկացուցիչ մասն է կազմում տարածաշրջանային համագործակցությունը: Եթե կարողանանք խելամտորեն օգտվել այս հնարավորությունից, ապա կշահենք բոլորս՝ թե՛ գործընկեր, եւ թե՛ ԵՄ անդամ-երկրները:

 

Ցանկության եւ բավարար քաղաքական կամքի առկայության պարագայում ոչ մի խնդիր, այդ թվում նաեւ հակամարտությունները, չեն կարող խոչընդոտ հանդիսանալ համագործակցության համար: Եթե, իրոք, անկեղծ ենք ընդհանուր եվրոպական արժեքների նկատմամբ մեր հանձնառության մեջ, եթե ցանկանում ենք ունենալ ավելի անվտանգ եւ բարեկեցիկ տարածաշրջան, եթե, իրոք, Արեւելյան գործընկերությունը դիտարկում ենք որպես հնարավորությունների նախաձեռնություն, ապա այդ պարագայում ես չեմ տեսնում որեւէ արգելք տարածաշրջանային համագործակցության համար: ԵՄ դերակատարությունը նման համագործակցություն խթանելու գործում առանցքային է, եւ մենք պարզապես ակնկալում ենք հետեւողականություն իր իսկ սկզբունքների եւ արժեքների նկատմամբ”, - ասել է Սերժ Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին