Զեկույց. ԼՂ խնդիրը դարձել է բնակիչների ինքնության անբաժանելի մասը - Mediamax.am

5132 դիտում

Զեկույց. ԼՂ խնդիրը դարձել է բնակիչների ինքնության անբաժանելի մասը


Լուսանկարը` Agnieszka Pikulicka


Երեւան: Մեդիամաքս: Միջազգային International Alert հասարակական կազմակերպության զեկույցի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այնքան խորն է անդրադարձել տարածաշրջանում ապրող մարդկանց կյանքի վրա, որ դարձել է նրանց ինքնության անբաժանելի մասը։

Հետազոտության ընթացքում հարցումներ են իրականացվել ավելի քան 100 մարդկանց շրջանում Ադրբեջանում, Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում։

 

Հարցվածները պատմել են, թե ինչպես է հակամարտությունն անդրադառնում իրենց կյանքի վրա, ինչպես նաեւ կիսվել են իրենց տեսակետներով հաշտության եւ խաղաղության նախադրյալների վերաբերյալ։

 

Հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ հարցվածները ժամանակի ընթացքում հակամարտությունը սկսել են «սովորական» ընդունել։ Զեկույցի հեղինակների կարծիքով՝ այս հանգամանքը կարող է դժվարացնել կոնֆլիկտի լուծման փորձերը։

 

Պատասխանողներից մեկը նշել է.«Ես նույնիսկ չեմ մտածում այն մասին, թե ինչպիսին կլիներ իմ կյանքը՝ առանց այս կոնֆլիկտի»։

 

Հետազոտության կարեւոր եզրահանգումներից մեկն այն է, որ այն մարդիկ, որոնք ավելի շատ են տուժում հակամարտությունից,  ավելի շատ են հակված խնդրի խաղաղ լուծմանը։

 

«Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ խաղաղության կառուցման համար անհրաժեշտ է ներգրավել պարտերազմի հետ առնչություն ունեցող բնակչության ներուժը։ Այդ մարդիկ գիտակցում են կոնֆլիկտի լուծման կարեւորությունը եւ ի վիճակի են գործնական քայլեր ձեռնարկել խաղաղության կառուցմանն ուղղված նախաձեռնություններում»,- նշել է International Alert-ի հոգաբարձուների խորհրդի ղեկավար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն։

 

Հարցվածների կարծիքով՝ կոնֆլիկտը մասշտաբային է՝ միայն բնակչության ուժերով լուծելու համար։ Շատերը կարծում են, որ այդ խնդիրը պետք է լուծեն իշխանությունները կամ «արտաքին խաղացողները», ինչպիսիք են ԵԱՀԿ Մինսկի խումբը, ԱՄՆ-ն կամ Ռուսաստանը։

 

Միեւնույն ժամանակ, ինչպես ընդգծում են զեկույցի հեղինակները, հարցվածները մեծ վստահություն չեն տածում այդ «խաղացողների» հանդեպ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին