Բոլթոնի սպասումներն անիրական են, ասել է Մասիս Մայիլյանը - Mediamax.am

2901 դիտում

Բոլթոնի սպասումներն անիրական են, ասել է Մասիս Մայիլյանը


Մասիս Մայիլյանը
Մասիս Մայիլյանը

Լուսանկարը` Արցախի Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ասել է, որ «ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի սպասումները, տարբեր պատճառներով պայմանավորված, անիրական են»։

Ջոն Բոլթոնը Երեւանում հայտարարել էր, որ Հայաստանում դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, ուժեղ մանդատ կունենա, ինչը թույլ կտա վճռական քայլեր ձեռնարկել որոշ ուղղություններում, ներառյալ ղարաբաղյան խնդրի հանգուցալուծումը։

 

«Արցախի Հանրապետության իշխանությունները տարիներ շարունակ հետեւողականորեն ընդգծել են բանակցությունների եռակողմ ձեւաչափի վերականգնման անհրաժեշտությունը՝ դրանց բոլոր փուլերին Արցախի Հանրապետության ուղղակի եւ լիիրավ մասնակցությամբ, ինչն առանցքային է խաղաղ կարգավորումն առաջ մղելու եւ գործընթացում արդյունավետություն ապահովելու համար։ Կարգավորումն, իր հերթին, պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչման վրա։ Այս առումով հարկ եմ համարում վերահաստատել Արցախի իշխանությունների պատրաստակամությունը՝ դե յուրե ստանձնել տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ապահովման համար պատասխանատվության իրենց բաժինը»,- ասել է Մասիս Մայիլյանը «Ազատ Արցախ» թերթին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Բոլթոնի հայտարարությունը:

 

Արցախի ԱԳ ղեկավարն ընդգծել է, որ բանակցային սեղանի շուրջ Արցախի վերադարձի անհրաժեշտության մասին հայտնել է նաեւ Նիկոլ Փաշինյանը, ինչը նաեւ ամրագրված է ՀՀ կառավարության ծրագրում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին