Սոտք-Քարվաճառի ավտոմայրուղու շինարարության վրա արդեն ծախսվել է 150 մլն դրամ - Mediamax.am

exclusive
7955 դիտում

Սոտք-Քարվաճառի ավտոմայրուղու շինարարության վրա արդեն ծախսվել է 150 մլն դրամ


Լուսանկարը` Zod-Info


Երեւան: Մեդիամաքս: Ավելի քան մեկ ամիս է, ինչ աշխատանքներ են ընթանում ռազմավարական խոշոր նշանակություն ունեցող Սոտք-Քարվաճառ ավտոմայրուղու շինարարության վրա, որը Արցախը Հայաստանին կապող երկրորդ խոշոր ճանապարհը կլինի:

Ներկայումս էլ այդ ճանապարհն օգտագործվում է, եւ դեպի Մարտակերտի ու Շահումյանի շրջան տանող ամենակարճ եւ հարմար ճանապարհն է, բայց այն գտնվում է ծայրաստիճան անբարեկարգ վիճակում, որի պատճառով իր ամբողջ հնարավորությամբ չի գործարկվում: Իրավիճակը սրվում է հատկապես անձրեւային եւ ձյունառատ  եղանակներին, որի ժամանակ ճանապարհը փակվում է:

 

Ճանապարհը Լեռնային Ղարաբաղի համար ունի ոչ միայն քաղաքական նշանակություն, այլեւ տնտեսական, քանի որ այն հարմար ուղի է բեռնափոխադրումների համար, մանավանդ, որ վերջին շրջանում Արցախում հանքարդյունաբերության ոլորտում հեռանկարային մի շարք ծրագրեր են սկսել իրագործվել (խոսքն առաջին հերթին Դրմբոնի ոսկու եւ Մաղավուզի քարածխի հանքարդյունահանման մասին է):

 

Սոտք-Քարվաճառ ավտոմայրուղին հարմարավետ կլինի նաեւ այն առումով, որ կմիանա երկաթգծին, ինչը արտահանող կազմակերպությունների համար շահավետ պայմաններ կստեղծի բիզնեսի կազմակերպման համար:

 

Ինչո՞ւ հենց այս պահին եւ մի քիչ անսպասելի սկսվեց այդ ճանապարհի շինարարությունը. այս առթիվ տարբեր, այդ թվում եւ քաղաքական մեկնաբանություններ են հնչում: ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանն այն կապում է առավելապես Մարտակերտի եւ Շահումյանի շրջանների զարգացման ծրագրերի հետ:

 

Սոտքի լեռնանցքից մինչեւ Քարվաճառի խաչմերուկ ընկած 45 կմ-ոց ճանապարհի  շինարարությունը կառուցվում է ՀՀ էներգետիկայի նախարարության եւ ԼՂՀ կառավարության համատեղ ուժերով:

 

Ընդ որում, ճանապարհի 13 կմ-ոց հատվածը ամբողջությամբ նոր ճանապարհ է եւ հնարավորություն է տալու ավելի կրճատել մայրուղու երկարությունը:

 

Պատասխանելով ծրագրի արժեքի մասին Մեդիամաքս-ի հարցին, Կարեն Շահրամանյանը տեղեկացրեց, որ ֆինանսավորումը կատարվում է յուրաքանչյուր ամիս կատարված աշխատանքների հաշվարկով` ՀՀ համապատասխան մարմինների կողմից տեխհսկողության դրական եզրակացությունից հետո եւ նրա ընդհանուր արժեքի մասին տեղեկատվություն ինքը չունի: Նախարարի խոսքերով, արդեն կատարվել է 150 մլն դրամի ֆինանսավորում, աշխատանքները շարունակվում են:

 

Ծրագրված է աշխատանքներն  ավարտել 2013թ. փետրվարի վերջին:

Սրբուհի Վանյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին