Փաշինյան-Ալիեւ հանդիպումը կարող է կայանալ մարտի 29-ին - Mediamax.am

4005 դիտում

Փաշինյան-Ալիեւ հանդիպումը կարող է կայանալ մարտի 29-ին


Լուսանկարը` regnum.ru


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեղի կունենա մարտի 29-ին Վիեննայում, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալության դիվանագիտական աղբյուրը Ավստրիայի մայրաքաղաքում:

«Հանդիպումը տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ»,- նշել  է աղբյուրը:

 

Դա կլինի Փաշինյանի ու Ալիեւի առաջին պաշտոնական հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

 

Մեդիամաքսը նշում է, որ 2019 թվականի հունվարի 22-ին Դավոսում կայացել էր Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի երրորդ ոչ պաշտոնական հանդիպումը:

 

Առաջինը կայացել էր 2018 թվականի սեպտեմբերին Դուշանբեում՝ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում: Այդ հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները պայմանավորվել էին կողմերի միջեւ ուղիղ կապի հաստատման եւ շփման գծում լարվածության նվազեցման մասին:

 

2018 թվականի դեկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում զրույց էր ունեցել Իլհամ Ալիեւի հետ:

 

«Խոսել ենք գերիների փոխանակման մասին, ցավոք, համաձայնության չենք եկել, բայց քննարկումները կշարունակենք։ Գիտեք, որ իրենք առաջարկել են բոլորը բոլորի դիմաց սկզբունքը, բայց մենք այդտեղ խնդիր ունենք: Արցախի իշխանությունների հետ էլ պետք է քննարկենք»,- ասել էր Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին