Հարցումների «խոհանոցը»` մաս 2 - Mediamax.am

exclusive
2760 դիտում

Հարցումների «խոհանոցը»` մաս 2

Հեղինակավոր սոցիոլոգիական ընկերությունների հետ համագործակցության մասին հարցին ի պատասխան Ահարոն Ադիբեկյան ասել է, որ հաճախ այդ կազմակերպությունների մասին պատկերացումները ուռճացված են:

Ահարոն Ադիբեկյանը:
Ահարոն Ադիբեկյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս:


Սոցիոմետր

 

Հիմնադրման տարեթիվը

 

1981թ.-ից գործել է որպես անկախ հետազոտական խումբ, 1991թ. գրանցվել է որպես «Սոցիոմետր» ընկերություն:

 

Մասշտաբային հետազոտություն

 

Համեմատական հարցումներ` Հայաստանի, Վրաստանի եւ Ուկրաինայի երիտասարդների խնդիրների վերաբերյալ: Տվյալները օգտագործվել են Լիվերպուլի համալսարանի սոցիալական դեպարտամենտի կողմից:

 

Հետազոտությունների քանակը մեկ տարում

 

10-12 հետազոտական նախագիծ:

 

Ամենամեծ ընտրանքը

 

Հարցումներ 3600 տնային տնտեսությունների անդամների հետ ՄԱԿ-ի պատվերով:

 

Անսպասելի ցուցանիշ

 

«Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ի պատվերով հետազոտության ժամանակ հարցված կանանց 6%-ը խոստովանել է, որ իրենց հանդեպ եղել է սեռական բռնության փորձ, 3%-ի մոտ այն իրականացվել է ազգականների կողմից:

 

Հետազոտությունների ուղղվածությունը

 

Քաղաքական, սոցիալական հետազոտություններից բացի մատուցում է հոգեբանական ծառայություններ: Դրանք ներառում են վարքի չգիտակցված շարժառիթների եւ IQ-ի թեստեր, որոնց շնորհիվ կարելի է բացահայտել մարդուն:

«Սոցիոմետր»-ը նաեւ փորձագիտական կենտրոն է հանդիսանում Տնտեսական դատարանի համար:

 

****

 

«Հոգեբանական թեստերի միջոցով կարելի է պարզել համապատասխանում են արդյո՞ք զույգերը: Կարելի է պարզել նաեւ, թե որո՞նք են ընկերության լավ աշխատակիցները, որոնց պետք է խրախուսել եւ այլն»,- Մեդիամաքս-ի հետ զրույցում ասել է ընկերության տնօրեն Ահարոն Ադիբեկյանը`նշելով, որ տարբեր ժամանակներում մոտ 60 000 մարդիկ թեստավորում են անցել կենտրոնում:

 

Նրա խոսքերով, վերջերս նվազել է միջազգային կազմակերպությունների ակտիվությունը, որոնք ծանոթ են հետազոտական մշակույթին եւ մշտական պատվիրատուներ են եղել: Տնտեսական ճգնաժամից հետո նվազել է նաեւ մարքեթինգային ուսումնասիրությունների քանակը:

 

Ահարոն Ադիբեկյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս:

 

Կենտրոնը բիզնես-պլաններ է կազմում տարբեր ընկերությունների համար, ինչպես նաեւ տեղեկություններ հավաքագրում եւ տրամադրում նրանց մրցակիցների վերաբերյալ: «Սոցիոմետրը» նաեւ փորձագիտական կենտրոն է Տնտեսական դատարանի համար:

 

«Երբ կասկածներ են առաջանում, թե որեւէ ընկերություն փորձում է գողանալ մեկ այլ ընկերության ապրանքանիշը, մեզ պատվիրում են փորձաքննություն անցկացնել: Եթե պարզենք, որ նա իսկապես օգտագործում է ուրիշի ապրանքանշանը, ապա ստիպված կլինի դադարեցնել իր գործունեությունը: Այդպես պատահեց Sweetland ընկերության հետ, որը փորձում էր յուրացնել Grand Candy-ի ապրանքանշանը», - տեղեկացրել է Ահարոն Ադիբեկյանը:

 

Հեղինակավոր սոցիոլոգիական ընկերությունների հետ համագործակցության մասին հարցին ի պատասխան Ահարոն Ադիբեկյան ասել է, որ հաճախ այդ կազմակերպությունների մասին պատկերացումները ուռճացված են:

 

«Օրինակ` Gallup-ը իր 100 տարվա ընթացքում ընդամենը 5 անգամ է կանխագուշակել ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները: Իրականում այն առաջատար է իր մեթոդաբանության շնորհիվ: Տարիների ընթացքում ստեղծել է մոտ 150 000 ԱՄՆ քաղաքացիների տվյալների բազա, որը շարունակ թարմացվում է: Այստեղից համապատասխան ընտրանք է կազմվում եւ օգտագործում տարբեր նպատակներով, քանի որ Ամերիկան շատ բազմազան է եւ այնտեղ դժվար է հարցումներ իրականացնելը», - ասել է նա:

 

Կենտրոնը 2013թ. ՀՀ նախագահական ընտրություններին ընդառաջ արդեն իրականացրել է ելակետային հարցում: Հաջորդ հարցումն ընթացքի մեջ է:

 

Ընտրությունների արդյունքներ եւ ընտրանք

 

Ահարոն Ադիբեկյանը ասել է, որ Հայաստանում 2012թ. խորհրդարանական ընտրություններից առաջ հարցումների անցկացրած բոլոր կազմակերպություններից միայն «Սոցիոմետրի» տվյալներն են առավելագույնը համընկել վերջնական արդյունքների հետ: Ինչպե՞ս է դա պատահել:

 

Ահարոն Ադիբեկյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս:

 

«Ես լավ գիտեմ, թե բոլոր մարզերում ով ո՞վ է, ի՞նչ է կատարվում, տարբեր ժամանակներում ո՞ւմ են տվել իրենց ձայները: Մենք ունենք 915 համայնք, որոնցից 700-ի ղեկավարները հանրապետականներ են, 80 համայնքներինը` ԲՀԿ ներկայացուցիչներ են, 50-ինը` ՀՅԴ, 50-ինը` ՕԵԿ: Համայնքների 80%-ի ղեկավարները հանրապետականներ են եւ համայնքը նրանց վերահսկողության ներքո է գտնվում: Ստացվում է, որ հարցման համար ընտրված 100 կետերից  80-ը պետք է լինեն այն համայնքները, որոնք ունեն հանրապետական ղեկավարներ, 10-ը` ԲՀԿ, 5-ը` ՀՅԴ եւ 5-ը` ՕԵԿ: Մեր կիրառած ընտրանքը թույլ է տալիս նվազեցնել սխալները եւ ստանալ ճշգրիտ տվյալներ» ,- բացատրել է Ահարոն Ադիբեկյանը:

 

Սովորաբար հարցումների ժամանակ ընտրում են Երեւանի համայնքները, Հայաստանի բոլոր խոշոր քաղաքները, մեծ եւ միջին գյուղերը, իսկ փոքր գյուղեր չեն գնում, քանի որ նրանց ծավալը շատ փոքր է:

 

Միաժամանակ նա տեղեկացրել է, որ ընտրանք կազմելիս հարկավոր է հաշվի առնել մի շարք նրբություններ. «Օրինակ` Բերդ քաղաքում հարցումներ անելիս 10 հարցվողի ընտրում ենք բարձրահարկ շենքերից, 10-ին` սեփական տներից, քանի որ նրանց տնային տնտեսության պայմանները տարբեր են: Սեփական տուն ունեցողները կարող են ունենալ տնամերձ հողամաս, անասուն պահել, բերք ստանալ եւ այլն»:

 

Վերջին ընտրությունների ժամանակ «Սոցիոմետրը» աշխատել է  4 թեկնածուների հետ` բոլորին տեղեկացնելով մյուսների պատվերի մասին:

 

«Սկզբում իրականացնում ենք միջանկյալ հետազոտություն: Հետո հարցում ենք անում եւ որոշում տվյալ գործչի իրական պահանջարկը: Եղել է պատվիրատու, ում նախազգուշացրել ենք, որ պարտվելու է: Շատ քաղաքական գործիչներ էլ գերադասում են «աչքաչափով» աշխատել: Պատահել է` հրապարակել ենք տվյալներ, որոնցից պարզ է դարձել, թե որ թեկնածուն է հաղթելու: Մյուսները սկսել են խոսել, թե Ադիբեկյանը վատ սոցիոլոգ է: Հետո էլ իմ մոտ սկսել են արդարանալ, որ այլ մեկնաբանություն չունեին իրենց ընտրազանգվածի համար: Ինչ արած, խաղի կանոններն են այդպիսին», - ասել է սոցիոլոգը:

 

Ինչո՞ւ են վստահ, որ հավաքագրված տվյալները «նկարած» չեն

 

Կենտրոնի հարցազրուցավարները (մոտ 200 հոգի` 16-60 տարիքային խմբում) մասնակցել են հարյուրավոր հարցումների եւ փորձառու են: Մարզերում գործում են  հարցազրուցավարների առանձին խմբեր: Ընկերությունը հաճախակի թարմացնում է հարցազրուցավարների թիվը, քանի որ այդպես է պահանջում մեթոդաբանությունը: Տասը հարցազրուցավարներից միայն երկուսն են արական սեռի ներկայացուցիչ:

 

«Կանանց հետ ավելի անկեղծ են խոսում, քանի որ վստահում են: Եթե հարցաշարի պատասխանները 85%-ից ցածր են, ուրեմն հարցազրուցավարը լավը չի եղել, չի կարողացել այնպիսի մթնոլորտ ստեղծել, որպեսզի լիարժեք պատասխաններ ստանա բոլոր հարցերին: Հետազոտության կոդավորման փուլում մեր աշխատակիցները կարող են ասել, «նկարա՞ծ» է արդյոք այդ հարցաթերթերը, թե՞ ոչ»,-ասել է Ահարոն Ադիբեկյանը:

 

Ահարոն Ադիբեկյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս:

 

Հարցազրուցավարները մասնակցում են տարբեր հետազոտությունների`պաղպաղակի շուկայի ուսումնասիրությունից մինչեւ Համաշխարհային բանկի կողմից իրականացվող գյուղատնտեսական ապրանքների ուսումնասիրություն:

 

Նրանք ստանում են հստակ ցուցումներ, թե որ տարիքային խմբի, ինչպիսի կրթություն եւ զբաղվածություն ունեցող մարդկանց հետ պետք է զրուցեն: Կախված թեմայից` հարցազրուցավարի հետաքրքրության շրջանակում են հայտնվում քաղաքականապես ակտիվ կամ ոչ այնքան ակտիվ հատվածները:

 

«Փողոցում պատահական մարդկանց հետ հարցում չենք անցկացնում: Հարցազրուցավարն ընտրում է այն ռեսպոնդենտին, ումից կարող է ստանալ ինֆորմացիա», - նշել է կենտրոնի տնօրենը: 

 

Որքանո՞վ է կարեւոր հարցի ճիշտ ձեւակերպումը

 

Կենտրոնի տնօրենի խոսքերով, իրենց հարցաթերթերը բավականին բարդ կառուցվածք ունի: Լիարժեք տեղեկատվություն ապահովող հարցերը շատ են, եւ ժամանակ խնայելու համար հարցաթերթում շատ անցումներ ու հղումներ կան: Լավ հարցազրուցավարները շատ արագ են լրացնում նման հարցաթերթերը:

 

«Մի անգամ մեզ մոտ պատրաստի անկետա բերեցին, որը լրացնելու համար 1 ժամ 45 րոպե էր պահանջվում: Բնական է, ոչ ոք այդքան ժամանակ չէր տրամադրի այդ հարցերին պատասխանելու համար: Հարցաթերթը անհրաժեշտ էր վերանայել, քանի որ հարցումը սկսելուց կես ժամ հետո հարցվողը կսկսեր ձանձրանալ եւ սուտ խոսել: Վերամշակումից հետո հարցաթերթը դարձավ 4 էջանոց: Տեղադրեցինք հղումներով հարցեր, ոչ մի հարց հարցաթերթից չպակասեց, դրանք տեղադրվեցին աղյուսակների ձեւով», - պատմել է Ահարոն Ադիբեկյանը:

 

Նրա կարծիքով, հարցաթերթը կաշխատի, եթե հարցադրումները լինեն ճշգրիտ եւ ամենակարեւորը` չեզոք:

 

«Մի անգամ «Կանանց իրավունքների կենտրոն»-ի համար էինք հարցում անում: Թեման կանանց նկատմամբ բռնությունն էր ընտանիքում: Բոլորը մտահոգվում էին, որ սեռական բռնության մասին հայ կինը ինֆորմացիա չի տա: Սակայն մեզ հաջողվեց ստանալ տեղեկատվություն, քանի որ հարցն այն պահին էր տրվում, երբ կողմնակի հարցերը հարցվողին ապակողմնորոշում էին, եւ նա հանգիստ պատասխանում էր հարցին: Արդյունքում, հարցված կանանց 6%-ը խոստովանեցին, որ եղել է բռնության փորձ, 3%-ի մոտ իրականացվել է ազգականների կողմից»,- պատմել է նա:

 

Ովքե՞ր են վստահում սոցհարցումներին

 

Սոցիոլոգիան պետք է հասկանալ որպես սոցիալական ինժեներիա` նախագծային աշխատանքից սկսած մինչեւ վերջնական արդյունքների հրապարակում: Ահարոն Ադիբեկյանի կարծիքով, ով կարողանում է լրջորեն տիրապետել գիտությանը, նրա մոտ ստացվում է ճիշտ կանխագուշակումներ անել, իսկ ովքեր հասկանում են գիտությունից, վստահում են նաեւ ստացված արդյունքներին:

 

«Դիցաբանական կարծիք կա, որ քչերն են վստահում հարցումների արդյունքներին: Իրականում այդպես չէ: Ամեն դեպքում, թերահավատությանն էլ պետք է նորմալ վերաբերվել: Վստահ կարող եմ ասել, որ բիզնեսը մեր երկրում տուժում է, քանի որ եւս «աչքաչափով» է աշխատում: Կարեւոր է շուկայագետ մասնագետների հետ խորհրդակցելով պարզել, թե որտե՞ղ պետք է կառուցել խանութը, ի՞նչ գույների մեջ, ի՞նչ դիզայնով եւ այլն: Այս ամենը հնարավոր է պարզել միայն խորը ուսումնասիրությունների արդյունքում», - ասել է նա:

 

Ահարոն Ադիբեկյանը նշել է, որ նույն կերպ են վարվում նաեւ կուսակցությունները եւ նպաստում անվստահության մթնոլորտի ձեւավորմանը: «Երբ տվյալները դրական են լինում քաղաքական գործչի համար, ասում է, որ լուրջ կազմակերպություն ենք եւ տարիներ շարունակ լավ աշխատում ենք, իսկ երբ բացասական` ասում են, որ կեղծ տվյալներ ենք հրապարակել»,-ասել է «Սոցիոմետրի» տնօրենը:

 

Հարցումների «խոհանոցը» նախագծի առաջին մասը կարդացեք այստեղ:

 

«Հարցումների «խոհանոցը»» հատուկ նախագծի երրորդ մասը կարդացեք վաղը:

 

Մարիամ Մանոյան

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին