exclusive
4470 դիտում

Միկոյանը Լոս Անջելեսում `«Դոկտոր Ժիվագոն» եւ IBM 709 համակարգիչը


Անաստաս Միկոյանը UCLA համալսարանում
Անաստաս Միկոյանը UCLA համալսարանում

Լուսանկարը` Los Angeles Times

Անաստաս Միկոյանը Lոս Անջելեսում
Անաստաս Միկոյանը Lոս Անջելեսում

Լուսանկարը` Los Angeles Times

Los Angeles Times-ի հոդվածը Միկոյանի այցի մասին
Los Angeles Times-ի հոդվածը Միկոյանի այցի մասին

Լուսանկարը` Los Angeles Times

Լուսանկարը` ԱՄՆ ԿՀՎ արխիվ


2017 թ. հունվարին ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) գաղտնազերծեց մոտ 12 միլիոն էջ փաստաթղթեր, որոնք վերաբերվում են ԿՀՎ-ի գործունեությանը 1940-1990 թթ: Գաղտնազերծված փաստաթղթերը որոշ չափով լույս են սփռում Սառը պատերազմի տարիներին ԿՀՎ-ի գործունեության վրա: Նյութերն ուսումնասիրելիս՝ Մեդիամաքսը գտավ Անաստաս Միկոյանի գործունեությանը վերաբերող մի շարք հետաքրքիր փաստաթղթեր եւ որոշեց «Միկոյանը ԿՀՎ աչքերով» հատուկ նախագիծ պատրաստել: Մեդիամաքսը նախագիծը ներկայացնում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ համատեղ:

***

1959 թ. հունվարի 12-13-ին ԱՄՆ իր «մասնավոր» այցի շրջանակներում Անաստաս Միկոյանը եղավ Լոս Անջելեսում եւ Կալիֆորնիայի համալսարանում (UCLA): Համալսարանի ղեկավար Ռեյմոնդ Ալլենը ԱՄՆ Պետդեպարտամենտ էր  ուղարկել իր տպավորությունները խորհրդային առաջնորդներից մեկի այցի մասին:

«Բոլոր իրավիճակներում, երբ ես հետեւում էի, թե ինչպես է Միկոյանը պատասխանում հարցերին, նկատում էի, որ նա իրեն զգում էր «ինչպես ձուկը ծովում»: Ինքն իրեն լիովին տիրապետում էր, պատասխանում էր արագ եւ հեշտ, հաճախ սրամիտ եւ միշտ մեծագույն հմայքով: Հանդիպումների ժամանակ նրա բոլոր բացման խոսքերը միտված էին լավ տպավորություն ստեղծել, հանգստացնել լսարանը եւ հարցեր առաջացնել: Հարցերին պատասխանելիս նա երբեք չէր շփոթվում: Երբ հարցը վերաբերում էր կարեւոր խնդիրներին, նա երկար եւ լավ կազմված ճառ էր արտասանում՝ տպավորություն չստեղծելով, սակայն, որ այն նախապես պատրաստված է:


Ամեն պատեհ առիթով նա ընդգծում էր Սառը պատերազմի ավարտի եւ իր երկրի համար խաղաղության հաստատման կարեւորությունը: Նրա պատասխանները ցույց էին տալիս ամերիկացիների եւ ռուսների միջեւ կապերն ընդլայնելու նրա ցանկությունը: Միկոյանն անդրադարձավ արեւմտյան մեդիաների գործունեությանը՝ մասնավորապես BBC-ին (Խրուշչովի եւ Բուլգանինի 1956 թ. Մեծ Բրիտանիա կատարած այցի համատեքստում-Մեդիամաքս) եւ «Ամերիկայի ձայնին», որոնք, ըստ նրա ՝ «չեն արտացոլում Ամերիկայի եւ Մեծ Բրիտանիայի  իրական ձայնը»:

Պաստեռնակի  «Դոկտոր Ժիվագո» վեպին վերաբերող պատասխանները առավել անհամոզիչ թվացին: Նա ասաց, որ կարդացել է գրքի առանձին հատվածները եւ համարում է այն ընթերցանության համար ոչ արժանի: Նրա որդին ՝Սերգոն, իր հերթին հավելեց, որ  «եթե Նոբելյան մրցանակը չհանձնեին քաղաքական դրդապատճառներից ելնելով, ապա գիրքը, հավանաբար, կտպագրվեր Ռուսաստանում»:  Ընդ որում, Սերգոն բարձր գնահատական տվեց Պաստեռնակի պոեզիային:
Los Angeles Times-ի հոդվածը Միկոյանի այցի մասին Los Angeles Times-ի հոդվածը Միկոյանի այցի մասին

Լուսանկարը` Los Angeles Times


Ինչպես ինձ թվաց, Միկոյանի մոտ դժվարություններ ծագեցին միայն այն ժամանակ, երբ ասացի, որ երկու ժողովուրդների եւ կառավարությունների միջեւ լարվածությունը չի կարող նվազել, քանի դեռ չկա առաջխաղացում եւ բարի կամքի դրսեւորում Գերմանիայի միավորման հարցում: Միկոյանն անկեղծ էր թվում, երբ ասում էր, որ երկու կողմերը պետք է Բեռլինից դուրս հանեն զորքերը, ինչից հետո կստեղծվի հանձնաժողով՝ ամենայն հավանականությամբ, ՄԱԿ-ի հովանու ներքո՝ այդ կերպ միջազգայնացնելով քաղաքը, սակայն այն պետք է կառավարեն Բեռլինի բնակիչները: Հավանաբար, Միկոյանը կարծում էր, որ դա է բոլոր կողմերի բարի կամքը շոշափելու ուղին: Նա առանձնահատուկ կերպով նշում էր այն հանգամանքը, որ Խորհրդային Միությունը ուժեղ է եւ նրա հետ պետք է հաշվի նստեն: Չնայած այն բանին, որ նա նշեց կողմերի զորքերը չեզոք գոտի դուրս բերելու նախընտրելիությունը, Միկոյանը գնահատեց նման որոշման դժվարությունը Արեւմտյան Գերմանիայի վերազինվելու նախատրամադրության եւ ՆԱՏՕ-ում նրա դիրքի համատեքստում: Որպես իրատես մարդ, նա պետք է գիտակցի, որ դա առկա խնդիրներից ամենաբարդն է: Այնուամենայնիվ, ես չեմ կարողանում ազատվել այն մտքից, որ Արեւելյան եւ Արեւմտյան Գերմանիաների խնդրի լուծումը գտնելու իրական ցանկություն կա: Ես զգում եմ, որ գերմանական հարցը բարձրացնելով եւ մեր կողմին մտորելու համար ժամանակ տալով՝ նրանք ակնկալում են որեւէ խելամիտ լուծում, որի շուրջ կարող են բանակցություններ վարել առանց ԽՍՀՄ-ի ուղեծրում գտնվող այլ արեւելաեվրոպական երկրներին անհանգստացնելու:
Անաստաս Միկոյանը Lոս Անջելեսում Անաստաս Միկոյանը Lոս Անջելեսում

Լուսանկարը` Los Angeles Times


Մի շարք հարցերի շուրջ ԽՍՀՄ-ի դիրքորոշումները Միկոյանը ներկայացնում է անմիջականորեն, հմտորեն եւ համառորեն: Նա բիզնես-մտածելակերպ ունեցող մարդ է, խորհրդային առեւտրի կազմակերպիչ եւ, հավանաբար, անկեղծ է իր հավատի մեջ առ այն, որ երկու կողմերը փոխադարձ հարգանքի եւ առկա պայմանների գիտակցման  հիման վրա համապատասխան մոտեցումներ կորդեգրեն: 

Համոզված եմ, որ նա կհայտնի Խորհրդային Միության ղեկավարությանը, որ Լոս Անջելեսի վարչակազմը իր նկատմամբ բարեկամական էր տրամադրված:  Ընդհանուր առմամբ, հույս ներշնչող տարրերից մեկն այն է (դա վերաբերում է նաեւ Խրուշչովին, դատելով նրա հետ հանդիպած արեւմտյան առաջնորդների խոսքերից), որ պաշտոնական անձինք հումորի զգացումով մարդիկ են, ում դուր է գալիս սրամիտ արտահայտություններով եւ փաստարկներով փոխանակվելը:

Իմ  ընդհանուր տպավորությունն այն է, որ Միկոյանի ակնհայտ հաջողությունը եւ ազդեցությունը ցույց տվեցին մեր երկրից որեւէ մեկի Ռուսաստան այցելելու կարեւորությունը: Իմ կարծիքով, դա պետք է լինի մեր կառավարության երկրորդ դեմքը ՝ Ռիչարդ Նիքսոնը, ով Միկոյանի պես սրամիտ է եւ կարողանում է հեշտ ու անկաշկանդ զրուցել, իմպրովիզացիա անել ցանկացած իրավիճակում: Համոզված եմ, որ Ռուսաստանում Ռ.Նիքսոնին պատշաճ կերպով կընդունեն (ինչպես Միկոյանին այստեղ) եւ շրջայց կկազմակերպեն երկրով: Սակայն դա պետք է նախաձեռնել հնարավորինս արագ»:

Կալիֆորնիայի համալսարանի ռեկտորի կանխատեսումներն ու ցանկությունները բավականին արագ իրականացան: 1959 թ. հուլիսին պաշտոնական այցով ԽՍՀՄ ժամանեց ԱՄՆ փոխնախագահ Ռիչարդ Նիքսոնը, ով պետք է բացեր Մոսկվայում Ամերիկյան ցուցահանդեսը, որը հիշվեց հիմնականում Նիքսոնի եւ Խրուշչովի «խոհանոցային բանավեճի» շնորհիվ, որոնց ժամանակ խորհրդային առաջնորդը առաջին անգամ խոստացավ ամերիկացիների «հերն անիծել» (օգտագործեց թեւավոր դարձած “кузькина мать” արտահայտությունը):
Անաստաս Միկոյանը UCLA համալսարանում Անաստաս Միկոյանը UCLA համալսարանում

Լուսանկարը` Los Angeles Times


Ռեյմոնդ Ալենը նաեւ մանրամասն գրում է Կալիֆորնիայի համալսարան Միկոյանի ունեցած այցի մասին: Նա նշում է, որ ուսանողները ջերմ ընդունեցին Միկոյանին, ժպտում էին եւ ձեռք սեղմում, ինչը նրան շատ էր դուր գալիս: «Ի վերջո, մտանք սեմինարների լսարան, որտեղ արդեն հավաքվել էին մոտ 150 պրոֆեսորներ, ուսանողներ, շրջանավարտներ, լրագրողներ: Միկոյանը խոսում էր պարզ ու անկաշկանդ, զգացվում էր, որ նա իրեն շատ լավ է զգում մտավորականների հետ զրուցելիս: Դրանից հետո նա մոտ կես ժամ պատասխանեց ուսանողների հաճախ բավականին կոշտ հարցերին: Մասնավորապես, հնչեցին հարցեր ԶԼՄ-ների ազատության, ընտրություններին մրցակցության, տնտեսական համակարգի, Չինաստանի հետ հարաբերությունների մասին: Միկոյանին նաեւ ցուցադրեցին նոր սարքը՝ IBM 709 համակարգիչը, որի աշխատանքը շատ հետաքրքրեց նրան»:

Կարդացեք նաեւ Միկոյանի անսպասելի ամանորյա այցը ԱՄՆ հոդվածը:

Նախագծի գործընկերն է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am