Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագրին - Mediamax.am

4070 դիտում

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագրին


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել  Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի նախագծին:

 

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, կառավարության նիստում ներկայացնելով պայմանագրի նախագիծը՝ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանն ասել է, որ դրանով ՀՀ-ն միանում է ԵՏՄ-ի մասին պայմանագրին, ինչպես նաեւ Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային բազայի ձեւավորման շրջանակներում կնքված եւ ԵՏՄ իրավունքի մաս կազմող այլ միջազգային պայմանագրերին:

 

«Հայաստանը դառնում է ԵՏՄ անդամ պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից: Պայմանագրով նախատեսվում են նաեւ Մաքսային միության եւ միասնական տնտեսական տարածքում ընդունված որոշումների կատարման, Առեւտրի Համաշխարհային կազմակերպության հետ  հարաբերությունների կարգավորման եւ վեճերի կարգավորման հարցերը»,- ասել է փոխնախարարը:

 

Սուրեն Կարայանի խոսքերով, պայմանագրի հավելվածով սահմանված է այն ապրանքների ցանկը, որոնց հանդեպ Հայաստանի կողմից անցումային շրջանում կիրառվելու են ԵՏՄ-ի միասնական մաքսային սակագներից տարբերվող ներմուծման այլ մաքսատուրքեր:

 

«Քանի որ Հայաստանը ընդհանուր սահման չունի ԵՏՄ անդամ պետությունների հետ, եւ ապրանքների ու տրանսպորտային միջոցներ տեղաշարժն իրականացվելու է երրորդ երկրների տարածքով, ապա պայմանագրին կից հավելվածով սահմանվում են նաեւ այդ տարանցիկ փոխադրումների առանձնահատկությունները»,- նշել է Սուրեն Կարայանը:

 

ՀՀ վարչապետը 3 օր է տրամադրել պայմանագրի նախագծի թարգմանության համար: Բոլոր նախարարություններին հանձնարարական է տրվել ուսումնասիրել պայմանագիրն ըստ իրենց ոլորտների հետ կապված առանձնահատկությունների:

 

Պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից ԵՏՄ մարմինների ակտերը եւ որոշումները ենթակա են կիրառման Հայաստանի տարածքում:

 

Պայմանագիրն ենթակա է վավերացման եւ ուժի մեջ է մտնում դրա համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կողմերի կողմից ավարտելու մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ավանդապահի կողմից ստանալու օրվանից, բայց ոչ շուտ, քան ԵՏՄ-ի մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու հաջորդող օրը (2015թ. հունվարի 2):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին