100-րդ տարելիցով ոչինչ չի ավարտվում, ասել է ՀՀ նախագահը - Mediamax.am

7432 դիտում

100-րդ տարելիցով ոչինչ չի ավարտվում, ասել է ՀՀ նախագահը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ «100-րդ տարելիցով ոչինչ չի ավարտվում, եւ մինչեւ չհասնենք Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչման՝ այս ուղղությամբ անդադար աշխատելու ենք»:

Այս մասին Սերժ Սարգսյանն ասել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 24-րդ նիստի ընթացքում:

 

«Արդեն անցկացված միջոցառումները վկայեցին, որ մեր համախմբվածությունը, միասնական գործելը կարող է շատ-շատերի կամ գրեթե բոլորի համար անսպասելի արդյունք տալ, կարող է լուծել խնդիրներ, որոնք կենսական նշանակություն ունեն մեր ժողովրդի համար»,- ասել է Սերժ Սարգսյանը:

 

Նա տեղեկացրել է, որ ս.թ. սեպտեմբերին Անկախության տոնի շաբաթը լի է լինելու իրադարձություններով:

 

«Այն կավարտվի սեպտեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ Մյուռոնի օրհնության արարողությամբ: Նույն օրերին կանցկացվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստը»,- ասել Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ տարեվերջին խրախուսվելու են 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցած բոլոր պաշտոնատար անձինք:

 

Անդրադառնալով միջոցառումների ֆինանսավորմանը՝ ՀՀ նախագահն ասել է, որ դրանք անցկացվել եւ անցկացվում են բացառապես մասնավոր նվիրատվությունների հաշվին:

 

«Մեր բազմաթիվ հայրենակիցներ, այս անգամ՝ հիմնականում Հայաստանում եւ ՌԴ-ում բնակվող մեր գործարարներն ու կառույցները հովանավորեցին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովը, Ծիծեռնակաբերդում ոգեկոչման արարողություն, System of a Down խմբի համերգը, «Վերածնունդ» համերգ-ակցիան: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Սրբադասման արարողության հովանավորն էր Հայ բարեգործական ընդհանուր միությունը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին