«Պետք է ձգտենք, որ Սիրիայից եկած հայերը մնան Հայաստանում» - Mediamax.am

11590 դիտում

«Պետք է ձգտենք, որ Սիրիայից եկած հայերը մնան Հայաստանում»


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ «Սիրիայի հայ համայնքը կանգնած է ոչնչացման եզրին»:

ՀՀ նախագահն այդ մասին ասել Բոստոնում՝ ԱՄՆ Արեւելյան ափի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

 

«Ցավոք, անպատժելիությունը ծնում է մարդկության դեմ ուղղված նոր հանցագործություններ, որոնց ականատեսն ենք մեր անմիջական հարեւանությամբ՝ Մերձավոր Արեւելքում: Այսօր Սիրիայի հայ համայնքը կանգնած է ոչնչացման եզրին, ավերվում եւ թալանվում են հայկական պատմամշակութային արժեքները: Սա փորձություն է, որին պետք է դիմակայենք միասնաբար: Այստեղ անելիք ունենք բոլորս՝ եւ՛ պետությունը, եւ՛ սփյուռքը, եւ՛ մեր բոլոր համայնքները: Վստահեցնում եմ ձեզ, որ Հայաստանի իշխանություններն անում են հնարավորը մայր հայրենիքում ապաստանած՝ 20 հազարի հասնող սիրիահայերի արժանապատիվ կեցությունն ապահովելու ուղղությամբ։ Մենք նրանց անմիջապես քաղաքացիություն ենք շնորհում, աջակցում անվճար կրթության ապահովման, առողջական խնդիրների լուծման հարցերում, օգնում բիզնես հիմնելու եւ Հայաստանում հաստատվելու հարցերում: Ուրախ եմ, որ սիրիահայության աջակցության համար ԱՄՆ-ի հայ համայնքը պարբերաբար կազմակերպում է հեռուստամարաթոններ ու դրամահավաքներ, եւ այդ նվիրատվությունների շնորհիվ հնարավոր է դառնում զգալիորեն թեթեւացնել մեր հայրենակիցների առօրյա խնդիրները ոչ միայն Սիրիայում, այլեւ սիրիահայերին ապաստան տրամադրած երկրներում: Եկե՛ք միասնաբար օգնենք, որ նրանց հիմնական մասը հաստատվի Հայաստանում: Իհարկե, մեզ համար պատուհաս է, որ Մերձավոր Արեւելքում ոչնչանում են հայկական համայնքները: Բայց, միգուցե, դա կլիներ չարիքների փոքրագույնը, եթե այդ համայնքի անդամների ճնշող մեծամասնությունը հաստատվեր Հայաստանում: Դա գոնե ինչ-որ տեղ մեզ համար սփոփանք կլիներ: Մեզ համար իսկապես ցավալի է այս ծաղկուն գաղութի կորուստը, բայց մենք պետք է անենք հնարավորը, որպեսզի դուրս եկածները գոնե Հայաստան տեղափոխվեն», - ասել է ՀՀ նախագահը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին