Միջազգային դիտորդները միանշանակ գնահատական չեն տվել - Mediamax.am

9477 դիտում

Միջազգային դիտորդները միանշանակ գնահատական չեն տվել


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Միջազգային դիտորդական առաքելությունն այսօր միանշանակ գնահատական չի տվել ապրիլի 2-ին Հայաստանում կայացած ԱԺ ընտրություններին:

Միջազգային դիտորդական առաքելության ղեկավարներն ասել են, որ չնայած ԱԺ ընտրությունները լավ էին կազմակերպված եւ նախորդ ընտրությունների համեմատ կազմակերպչական բարելավումներ են արձանագրվել, չի հաջողվել վերացնել հարցերը, որոնք վերաբերվում են հասարակության վստահությանը ընտրական գործընթացի հանդեպ:

 

Մասնավորապես, դիտորդական առաքելության ղեկավարները խոսել են ընտրողների վրա ճնշումների եւ ընտրակաշառքների մասին «վստահություն ներշնչող» հաղորդագրությունների մասին:

 

ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող եւ ղեկավար Իգնասիո Սանչես Ամորն ասել է, որ ընտրողների հիմնարար ազատությունները հարգվել են:

 

«Չնայած ընտրական գործընթացի նոր համակարգի գործարկմանը՝ արձանագրվել են որոշ խախտումներ, որոնք վերաբերել են ընտրողների վրա ճնշումների գործադրմանը»,- ասել է առաքելության ղեկավարը:

 

Իգնասիո Սանչես Ամորի խոսքով՝ քվեարկության օրն ընթացել է հանգիստ ու խաղաղ, սակայն նկատվել են կազմակերպչական խնդիրներ, եւ հիմնական կուսակցությունների կողմից ընտրական գործընթացին անհարկի միջամտություններ:

 

Իգնասիո Սանչես Ամորը նկատել է, որ բարեփոխումները մեկ գիշերում տեղի չեն ունենում, եւ «անհրաժեշտ է, որ քաղաքական կուսակցությունները հրաժարվեն անցյալի գործելաոճից»:

 

Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունը հանդիսանում է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ), Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) եւ Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) համատեղ նախաձեռնությունը: 

 

Հայտարարությամբ հանդես են եկել Կարճաժամկետ դիտորդների ԵԱՀԿ դիտորդական առաքելության հատուկ կոորդինատոր եւ ղեկավար Իգնասիո Սանչես Ամորը, ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Լիլիան Մորի-Պասկիերը, ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Գեր Յորգեն Բեքքեֆոլդը, Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Հաիդի Հաութալան եւ ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Յան Պետերսենը:

 

Առաքելության կազմում են մոտ 450 դիտորդներ 42 երկրներից, այդ թվում` ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ի կողմից գործուղված 340 երկարաժամկետ եւ կարճաժամկետ դիտորդներ, ԵԱՀԿ ԽՎ-ի 66 խորհրդարանականներ եւ աշխատակազմի անդամներ` 24-ը ԵԽԽՎ-ից եւ 13-ը ԵԽ-ից:

 

Մեդիամաքսը նշում է, որ 2013թ. նախագահական ընտրություններից հետո Միջազգային դիտորդական առաքելությունն հայտարարել էր, որ դրանք բարելավում էին 2008 թվականի ընտրությունների համեմատ:

 

Իսկ գնահատելով 2008թ. նախագահական ընտրությունները` Միջազգային դիտորդական առաքելությունը հայտարարել էր, որ դրանք «մեծ մասամբ» համապատասխանել էին ԵԱՀԿ եւ Եվրոպայի Խորհրդի չափանիշներին եւ պարտավորություններին:

 

2012թ. ԱԺ ընտրությունների մասին Միջազգային դիտորդական առաքելությունն ասել էր, որ դրանք հիմնականում խաղաղ են անցել, «սակայն դիտարկվել են նաեւ կազմակերպական խնդիրներ եւ միջամտություն դեպքեր` հիմնականում կուսակցությունների ներկայացուցիչների կողմից»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին