Փաշինյանի խոսքում առկա էին վտանգավոր ուղերձներ, ասել է Բաբլոյանը - Mediamax.am

6086 դիտում

Փաշինյանի խոսքում առկա էին վտանգավոր ուղերձներ, ասել է Բաբլոյանը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, անդրադառնալով օգոստոսի 17-ի հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, ասել է, որ խորապես մտահոգված է երկրում ստեղծված իրավիճակով։

 

«Երկրի հասարակական-քաղաքական բնականոն կյանքը, պետական իշխանության մարմինների սահմանադրաիրավական հարաբերությունները եւ հանրային համերաշխությունը վտանգված են։ Հասարակությունն իրարամերժ խմբերի՝ հեղափոխության եւ հակահեղափոխության կողմնակիցների բաժանելու եւ անհանդուրժողականությունը խորացնելու վտանգավոր միտումներ եմ տեսնում։ 

 

Այս մտահոգությունս առավել խորանում է հատկապես վարչապետ Փաշինյանի ելույթում հնչած այս ձեւակերպմամբ, մեջբերում եմ. «Ուրեմն ես խորհուրդ եմ տալիս բոլորին խոսելուց առաջ մտածել, հետո էլ ասում են մեր խոսքի ազատությունը սահմանափակում եք: Դուք դեռ պետք է խոսելուց առաջ մտածել սովորեք, որ հետո ձեր խոսքի ազատության իրավունքի մասին մտածեք»։

 

Պետք է խոստովանեմ, որ այսպիսի ձեւակերպումներն ինձ համար անսպասելի էր լսել վարչապետ Փաշինյանից այն պարզ պատճառով, որ դա ուղղակի ոտնձգություն է այլակարծության նկատմամբ։

 

Սրան զուգահեռ դատավորների հասցեին «մատ թափ տալն» ու այլախոհներին Ազգային անվտանգության ծառայությամբ սպառնալը, ոչ միայն ճնշում է դատական իշխանության, այլեւ առհասարակ երկրում հակառակ կարծիք ունեցող ցանկացած մարդու նկատմամբ։

 

Վարչապետ Փաշինյանի հանրահավաքում հնչեցրած խոսքում միաժամանակ առկա էին ՀՀ սահմանադրական կարգի, պետականության հիմքերի համար խիստ վտանգավոր ուղերձներ, որոնք ուղղակի հակասում են իրավական եւ ժողովրդավարական պետություն կառուցելուն ուղղված ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին»,- ասված է ԱԺ նախագահի հայտարարությունում: 

 

ԱԺ նախագահի խոսքով՝ «Անցումային արդարադատության թեզի ներքո ներկայացվել է օրենքներին հետադարձ ուժ տալու հակաիրավական ակնարկ»:

 

Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ նախատեսում է հանդիպումներ հանրապետության նախագահի, վարչապետի, Մարդու իրավունքների պաշտպանի, Բարձրագույն դատական խորհրդի եւ միջազգային դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ստեղծված իրավիճակը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին