ՀՀ ԱԱ նախկին փոխնախարարը դեմ է գործակալների գաղտնազերման մասին օրինագծին - Mediamax.am

4217 դիտում

ՀՀ ԱԱ նախկին փոխնախարարը դեմ է գործակալների գաղտնազերման մասին օրինագծին


Հայաստանի Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը
Հայաստանի Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը համոզված է, որ ԱԺ "Ժառանգության” խմբակցության ներկայացրած "Գաղտնազերծման մասին” օրինագծի ընդունումը կործանարար հարված կհասցնի Հայաստանի անվտանգությանը եւ ազգային անվտանգության ողջ համակարգին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գուրգեն Եղիազարյանն ասել է, որ կտրականապես դեմ է գործակալների  գաղտնազերծմանը վերաբերող ցանկացած օրենսդրական նախաձեռնության: 

 

“Այս օրինագիծը խայտառակություն է, եւ դրա ընդունումը գործելու է ոչ թե ի օգուտ, այլ ի վնաս Հայաստանի Հանրապետության: Գործակալաների գաղտնազերծումը մեզ վնասից բացի այլ բան չի տա”,- ասել է նախկին փոխնախարարը:

 

Գուրգեն Եղիազարյանը ընդգծել է, որ այն երկրները, որոնք արդեն ընդունել են գաղտնազերծման մասին օրենքը, հիմնականում ԵՄ անդամ պետություններ են, որոնք, ի տարբերություն Հայաստանի, սահմանների անվտանգության խնդիր չունեն:

 

Իր հերթին Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը, ով դեռեւս 1992 թ-ին ներկայացրել էր գաղտնազերծման մասին օրինագիծ, նշել է, որ “Ժառանգության” առաջարկած օրինագիծը “ներքին կոնյուկտուրայից բխած քայլ է”:

 

“Այս օրինագիծը որեւէ կապ չունի 1992-ին իմ ներկայացրած օրինագծի հետ: “Ժառանգության” տարբերակը գործակալների գաղտնազերծման մասին ավելի շուտ ներքին քաղաքական հարթությունում որոշ հարցեր լուծելու նպատակ է հետապնդում”,- նշել է Ալբերտ Բաղդասարյանը: 

 

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ ԱԺ "Ժառանգություն” խմբակցությունը խորհրդարանում շրջանառության մեջ է դրել “Գաղտնազերծման մասին” օրինագիծը:

Խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն ավելի վաղ հայտարարել էր, որ օրինագիծը նախատեսում է, որ այն անձինք, ովքեր մինչեւ 1991թ. սեպտեմբերի 21-ը համագործակցել են ԽՍՀՄ ՊԱԿ-ի, կամ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ, գաղտնազերծվեն` դիմելով համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովին եւ ցուցակագրվելով ռեեստրում: Նույն օրինագծի համաձայն, վերոնշյալ անձինք չեն կարող Հայաստանում պաշտոնների հավակնել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին