Հովիկ Աբրահամյանը նախարարներին խնդրել է «ավելի մեծ եռանդով» շարունակել աշխատանքը - Mediamax.am

3197 դիտում

Հովիկ Աբրահամյանը նախարարներին խնդրել է «ավելի մեծ եռանդով» շարունակել աշխատանքը


Հովիկ Աբրահամյանը եւ Սերժ Սարգսյանը
Հովիկ Աբրահամյանը եւ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է նոր վարչապետին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է նոր վարչապետին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կառավարության անդամներին ներկայացրել է նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

«Ինչպես գիտեք, երեկ ես ՀՀ վարչապետ եմ նշանակել Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին՝ Հովիկ Աբրահամյանին: Երեկ մամուլը մեր հանրությանը հանգամանորեն ներկայացրեց բոլոր գործընթացներն ու նաեւ այն խնդիրները, որ վարչապետը եւ նոր կառավարությունը պետք է լուծեն: Վարչապետի նշանակումից հետո կառավարությունը շարունակում է կատարել իր աշխատանքները, եւ կառավարության անդամներին խնդրում եմ, որպեսզի բարեխղճորեն եւ պարտաճանաչ կերպով կատարեն իրենց պարտականությունները:

 

Մենք քսան օրվա ընթացքում վարչապետի հետ միասին ձեւավորելու ենք նոր կառավարություն: Այն ժամանակ կառավարության խնդիրների մասին հանգամանորեն կխոսենք: Ինձ մնում է մեկ անգամ եւս շնորհավորել պարոն Աբրահամյանին եւ ցանկանալ նրան հաջողություն», - երկրի ղեկավարի այս խոսքերը մեջբերում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

 

«Պարոն նախագահ, կցանկանայի իմ գործընկերներին ասել, որ մենք որեւէ կողմնորոշում որեւէ թեկնածուի վերաբերյալ չունենք, եւ ես պետք է խնդրեմ բոլոր իմ գործընկերներին ավելի մեծ եռանդով շարունակել իրենց պարտականությունների կատարումը: Սահմանադրության սահմանած ժամկետում, պարոն Նախագահ, Ձեզ հետ համաձայնեցնելով, կներկայացնենք նոր կառավարության կազմը: Եվ մոտեցումը կլինի կառավարության անդամների այս տարիների ընթացքում կատարած աշխատանքի արդյունքն ու նաեւ այն, թե որքանով ապագայում ի վիճակի կլինեն իրականացնել նոր ծրագրեր: Շնորհակալ եմ», - Հովիկ Աբրահամյանի այս խոսքերը մեջբերել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին