Փոխվստահության ամրապնդման միջոցառումները չեն կարող միակողմանի լինել, ասել է ամերիկացի միջնորդը - Mediamax.am

2662 դիտում

Փոխվստահության ամրապնդման միջոցառումները չեն կարող միակողմանի լինել, ասել է ամերիկացի միջնորդը


ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն մտահոգված է Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների եւ հասարակությունների միջեւ առկա անվստահության մթնոլորտով:

«Կողմերի մոտ նկատվում է խորը անվստահություն միմյանց նկատմամբ, եւ ես դա նկատում եմ թե Երեւանում, թե Բաքվում բարձրաստիճան պաշտոնյաների հետ իմ հանդիպումների ժամանակ»,- այսօր Երեւանում լրագրողներին ասել է Ջեյմս Ուորլիքը:

 

Ամերիկացի դիվանագետը ասել է, որ փոխվստահության մթնոլորտի ամրապնդումն առաջնային լուծում է պահանջում, ինչից հետո հնարավոր կլինի անցնել մյուս հարցերի քննարկմանը:

 

«Մենք ողջունում ենք կողմերի միջեւ վստահության ամրապնդմանն ուղղված բոլոր առաջարկներն ու քայլերը: Սակայն այն քայլերը, որոնք մենք ակնկալում ենք տեսնել, ցավոք, դեռեւս, չեն ձեռնարկվում: ԵԱՀԿ-ի կողմից առաջարկվել են վստահության ամրապնդման մեխանիզմներ, ինչպես, օրինակ, շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների բացահայտման նպատակով համատեղ հետաքննությունների անցկացումը: Սա շատ կարեւոր առաջարկ է, որը պետք է ընդունվի երկու երկրների կողմից: Կարեւոր է իմանալ, թե ինչպես են սկսվում սահմանային միջադեպերը եւ ով է պատասխանատու դրանց համար: Կողմերը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում միմյանց հասցեին, բայց երկուսն էլ պետք է հարգեն հրադադարը եւ հասկանան, որ սահմանային լարվածությունը չի կարող նպաստել խաղաղ լուծումների որոնմանը»,- ասել է Ջեյմս Ուորլիքը:

 

Միջնորդի համոզմամբ, կողմերը պետք է երկուստեք համաձայնեն վստահության ամրապնդման միջոցառումներին՝ դրանք չեն կարող միակողմանի լինել:

 

«Մենք կարեւորում ենք նաեւ ժողովրդական դիվանագիտության (Track 2 diplomacy) դերը Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությունների միջեւ փոխվստահության հաստատման գործում: Մենք խրախուսում ենք հասարակությունների միջեւ շփումները եւ համատեղ ծրագրերի իրականացումը: Այդ ծրագրերը մեկ գիշերում հաջողություն չեն բերում, սակայն վստահ ենք, որ դրանց միջոցով հնարավոր է հասնել դրական արդյունքների: Այս մասին ես ասում եմ նաեւ Ադրբեջանում իմ հանդիպումների ժամանակ»,- ասել է ամերիկացի համանախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին