Վրացի փորձագետը առաջարկում է Հայաստանը ներգրավել տարածաշրջանային նախագծերում - Mediamax.am

3990 դիտում

Վրացի փորձագետը առաջարկում է Հայաստանը ներգրավել տարածաշրջանային նախագծերում


Լուսանկարը` http://dm-c.it/


Երեւան: Մեդիամաքս: Միջազգային հարցերի վրացի փորձագետ, Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի նախկին խորհրդական Իրակլի Գոգավան հայտարարել է, որ անհրաժեշտ է Հայաստանը ներգրավել տարածաշրջանային նախագծերում:

Ինչպես հայտնում է Մեդիամաքսի սեփական թղթակիցը, մեկնաբանելով Վրաստանի կառավարության կողմից Վրացական երկաթգծի բաժնետոմսերի 25 տոկոսը վաճառելու հնարավորությունը «Կիվիրիս պալիտրա» թերթին տված հարցազրույցում, Իրակլի Գոգավան ասել է.

 

«Շուկայական տնտեսության պայմաններում կարեւոր չէ՝ Ռուսաստանը կգնի այդ 25 տոկոսը, թե Սվազիլենդը: Գլխավորը՝ պետության կողմից երկաթգծի նկատմամբ վերահսկողության պահպանումն է, կամ էլ բաժնետոմսերի առնվազն 51 տոկոսը: Իսկ եթե դա կապված է աբխազական հատվածի պահպանման հետ, ապա ես ողջունում եմ այն: Ժամանակն է, որպեսզի Վրաստանի քաղաքական գործիչները հաշվիչներ վերցնեն ու բոլոր որոշումներն ընդունեն՝ ելնելով տնտեսական շահավետության տեսանկյունից»:

 

«Աբխազիայով անցնող երկաթգծի բացումը Վրաստանին տարեկան կբերի առնվազն 300 մլն դոլարի եկամուտ»,- հայտարարել է Իրակլի Գոգավան:

 

«Իհարկե, Ադրբեջանը ծափահարություններով չի ընդունի Հայաստանի ու Ռուսաստանի միացումն այդ ճանապարհի միջոցով, ուստի Վրաստանը չպետք է թույլ տա, որպեսզի այդ ուղիով Ռուսաստանից ռազմական բեռներ տեղափոխվեն», - հավելել է նա:

 

Փորձագետի կարծիքով, բացի աբխազական հատվածից «հետաքրքիր կլինեին Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան գազատարի, ինչպես նաեւ Ադլեր-Թբիլիսի-Երեւան-Թավրիզ երկաթգծի նախագծերը»:

 

«Ռացիոնալ մոտեցման դեպքում դա կգրավի Թուրքմենիային, Պակիստանին, Հնդկաստանին ու Իրաքին՝ Եվրոպա եւ հետ բեռների տեղափոխման տեսակետից, ինչպես նաեւ կմեծացնի Ռուսաստանի շահագրգռվածությունը մեր տարածաշրջանի կայունության հարցում», - ասել է Գոգավան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին