ՀՀ վարչապետը հարթել է դիվանագիտական սկանդալը Վրաստանի հետ - Mediamax.am

7958 դիտում

ՀՀ վարչապետը հարթել է դիվանագիտական սկանդալը Վրաստանի հետ


Իրակլի Ղարիբաշվիլիին եւ Հովիկ Աբրահամյանը
Իրակլի Ղարիբաշվիլիին եւ Հովիկ Աբրահամյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է իր վրացի պաշտոնակից Իրակլի Ղարիբաշվիլիին, որ Հայաստանն անվերապահորեն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնավարությանը:

Ինչպես հայտնում է Մեդիամաքսի սեփական թղթակիցը Վրաստանից, վկայակոչելով վրացական լրատվամիջոցները, երկու կառավարությունների ղեկավարների միջեւ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Երեւանի նախաձեռնությամբ, քանի որ Թբիլիսին մտահոգություն էր հայտնել Հայաստանի ու Հարավային Օսիայի խորհրդարանների խոսնակների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի ունեցած հանդիպման կապակցությամբ: 

 

Վրաստանի վարչապետի աշխատակազմի տվյալներով` Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ դա «անձնական բնույթի, ոչ պաշտոնական շփում էր, որը տեղի էր ունեցել ոչ աշխատանքային օրվա ընթացքում»:

 

Նա նշել է, որ Հարավային Օսիայի խորհրդարանի ղեկավար Անատոլի Բիբիլովը ԼՂՀ-ում էր գտնվում մասնավոր այցով:

 

Միաժամանակ, Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանը հրավիրվել էր երկրի ԱԳՆ, որտեղ հանդիպել էր փոխնախարար Գիգի Գիգիաձեի հետ: Վրացի դիվանագետը «ծայրահեղ մտահոգություն» էր հայտնել Հայաստանի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ու Անատոլի Բիբիլովի հանդիպման կապակցությամբ:

 

Վրաստանը դիտարկում է Աբխազիան ու Հարավային Օսիան որպես «գրավյալ տարածքներ»՝ Ռուսաստանի հետ 2008թ. տեղի ունեցած պատերազմից հետո:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին