Ստամբուլի «Հայկական ճամբար»-ը փոխանցվել է հայերին - Mediamax.am

7210 դիտում

Ստամբուլի «Հայկական ճամբար»-ը փոխանցվել է հայերին


Լուսանկարը` Daily Sabah


Երեւան: Մեդիամաքս: Ստամբուլահայերին հաջողվել է կանխել Ստամբուլում նախկինում որպես մանկատուն ծառայած «Հայկական ճամբար» («Քեմփ Արմեն») պատմական շինության քանդումը:

Ինչպես գրում է թուրքական Sabah պարբերականը, «Հայկական ճամբար» կառույցի սեփականատեր Ֆաթիհ Ուլուսոյը հայտարարել է շինությունը հայ համայնքին փոխանցելու որոշման մասին:

  

Ստամբուլի Թուզլա թաղամասում գտնվող եւ տարիներ շարունակ ավերակների վերածված շինությունը պետք է քանդվեր սեփականատիրոջ ցանկությամբ, սակայն մայիսի սկզբից ակտիվիստները եւ մեծամասամբ քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ցույցեր եւ նստացույցեր էին անցկացնում՝ արգելելով շինարարական տեխնիկայի մուտքը շինության տարածք:

 

Շինության պահպանման համար պայքարող «Նոր զարթոնք» հասարակական կազմակերպության անդամ Ալեքսիս Քալքը ողջունել է տարածքի սեփականատիրոջ որոշումը՝ հավելելով, որ շարունակելու են հետեւելու սեփականության փոխանցման գործընթացին, մինչեւ այն պաշտոնապես չավարտվի:

 

«Հայկական ճամբար»-ը 1974 թ. Թուրքիայի Գերագույն վերաքննիչ դատարանի որոշմամբ բռնագանձվել էր Ստամբուլի հայերից: Այն 1500 հայ մանուկների համար ծառայել է որպես մանկատուն:  Ըստ թուրքական թերթի տեղեկությունների՝ «Հայկական ճամբարում» իր կյանքի մի մասն է անցկացրել նաեւ հայազգի լրագրող, 2007թ. հունվարին թուրք ազգայնականի կողմից սպանված «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին