Թբիլիսին առաջարկել է տարածաշրջանում միասնական էներգացանց ստեղծել - Mediamax.am

20486 դիտում

Թբիլիսին առաջարկել է տարածաշրջանում միասնական էներգացանց ստեղծել


Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն
Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն

Լուսանկարը` www.frontnews.ge


Երեւան: Մեդիամաքս: Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն կոչ է արել ստեղծել միասնական տարածաշրջանային էներգետիկ ցանց՝ Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի մասնակցությամբ:

Ինչպես հաղորդում է «Վզգլյադ» պարբերականը, այս մասին Կախա Կալաձեն հայտարարել է Թբիլիսիում՝ Էներգետիկ խարտիայի ֆորումի ժամանակ:

 

«Վրաստանը տարածաշրջանում հանդես է գալիս որպես էներգետիկ համագործակցություն առաջամարտիկ: Մեր հիմնական նպատակն է էներգիայի փոխանակման միջոցով ամրապնդել տարածաշրջանային համագործակցությունը՝ միաժամանակ նպաստելով քաղաքական երկխոսության ակտիվացմանը, խոշոր ներդրումների ներգրավմանը եւ տրանսպորտային միջանցքների զարգացմանը»,-ասել է Կախա Կալաձեն:

 

Նա հիշեցրել է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հարավային Կովկասի նորաստեղծ պետությունները տնտեսական եւ սոցիալական ոլորտներում անկում են գրանցել, ինչը բացասաբար է ազդել նաեւ էներգետիկ համակարգի վրա: Նա «տրամաբանական քայլ» է որակել հինգ պետությունների միջեւ միասնական էներգետիկ ցանցի ստեղծումը:

 

«Վրաստանն արդեն ավարտել է Ադրբեջանին կապող 500 կվ հզորությամբ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը, վերականգնվել է Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ 500 կվ հզորությամբ էլեկտրագիծը, շուտով նախատեսվում է սկսել նաեւ Հայաստանի հետ 500 կվ հզորությամբ էլեկտրագծի շահագործումը»,- հայտարարել է Կախա Կալաձեն:

 

Նրա խոսքով՝ հենց այս եւ ապագա նախագծերը կարող են նպաստել, որ Վրաստանը «կամուրջի» դեր ստանձնի միասնական էներգացանցում:

 

Մեդիամաքսի հարցազրույցը Կախա Կալաձեի հետ կարող եք կարդալ այստեղ:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին