30916 դիտում

Ստատուս քվոն անընդունելի է, ասել է Քրիստիան Վիգենինը


Քրիստիան Վիգենինը
Քրիստիան Վիգենինը

Լուսանկարը` http://www.vigenin.eu


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինն ամփոփել է իր երկօրյա այցը Ադրբեջան:

Տարածաշրջանային մեկշաբաթյա այցի շրջանակում ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը կլինի նաեւ Վրաստանում եւ Հայաստանում: Այցի ընթացքում հատուկ ուշադրություն կդարձվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության ազդեցությանը տարածաշրջանի ժողովուրդների վրա:

«Մենք չպետք է երբեք մոռանանք, որ ԼՂ հակամարտությունը շարունակում է հանգեցնել զոհերի. ստատուս քվոն պարզապես անընդունելի է,- ասել է Քրիստիան Վիգենին: -Ես կշարունակեմ աշխատել այն ուղղությամբ, որ այս ողբերգական իրողությունը շարունակի մնալ քաղաքական առաջնորդների օրակարգում՝ տարածաշրջանային եւ միջազգային մակարդակով: Մենք չենք կարող մեզ թույլ տալ բավարարվել միայն կյանքեր փրկելով»:

Քրիստիան Վիգենինը վերահաստատել է, որ հակամարտություն չունի ռազմական լուծում եւ իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Նա կոչ է արել կողմերին դադարեցնել ագրեսիվ հռետորաբանությունը եւ խաղաղությանն ուղղված ավելի կառուցողական ջանքեր գործադրել:

«Ներկայում միտում կա, որ աշխարհն ամեն անգամ արթնանում է միայն, երբ ռազմական գործողություններում լարվածություն է նկատվում, սակայն խաղաղությունը չի կարող ձեռք բերվել անկանոն ջանքերի գործադրմամբ: Անհրաժեշտ է ամենաբարձր մակարդակներով դրսեւորվող հատուկ ուշադրություն եւ քաղաքական կամք՝ հասնելու տեւական խաղաղության»,- ասել է ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչը:

Քրիստիան Վիգենինը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ մոտ ապագայում ծրագրվող հանդիպումը: Նա ընդգծել է, որ հակամարտության լուծման վերջնական պատասխանատվությունը երկու երկրների իշխանություններինն է, իսկ միջազգային հանրության ավելի մեծ ուշադրությունը կարող է նպաստել խաղաղության ջանքերին:

Տարածաշրջանային այցի արդյունքները հատուկ ներկայացուցիչը հոկտեմբերի 4-ին կներկայացնի ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի մշտական կոմիտեին:

Քրիստիան Վիգենինը Բուլղարիան նախկին ԱԳ նախարարն է: Նա ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ է նշանակվել 2016թ. փետրվարին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am