ՀՀ ՊՆ. «այսուհետ հայ կամ ադրբեջանցի զինվորների կյանքի կորստի պատասխանատվությունը կրելու է անձամբ Ադրբեջանի նախագահը» - Mediamax.am

6883 դիտում

ՀՀ ՊՆ. «այսուհետ հայ կամ ադրբեջանցի զինվորների կյանքի կորստի պատասխանատվությունը կրելու է անձամբ Ադրբեջանի նախագահը»


Իլհամ Ալիևը
Իլհամ Ալիևը

Լուսանկարը` dic.academic.ru


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել է, որ «այսուհետ հայ կամ ադրբեջանցի զինվորի ցանկացած կյանքի կորստյան համար ուղղակի պատասխանատվությունը կրելու է անձամբ Ադրբեջանի նախագահը եւ նրա ռազմաքաղաքական վարչակազմը»:

«Օգոստոսի 23-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքի առնչությամբ հայտնում ենք, որ ձեռք բերված տվյալները հիմք են տալիս եզրակացնելու, որ հայ զինվորներին հրազենային վնասվածքները պատճառվել են հակառակորդի դիպուկահար կրակից, 700-800 մետր հեռավորությունից:

 

Այս ցավալի միջադեպով Ադրբեջանի ներկայիս իշխող ռեժիմը փորձ է անում ապակայունացնել ՀՀ պետական սահմանի` նախկինում համեմատաբար խաղաղ համարվող նախիջեւանյան հատվածը եւ «հիշեցնել» նախիջեւանցի ընտրողներին, թե «ում են պարտական իրենց կյանքի ու բարեկեցության համար»: Կրկին հիշեցնում ենք, որ այսուհետ հայ կամ ադրբեջանցի զինվորի ցանկացած կյանքի կորստյան համար ուղղակի պատասխանատվությունը կրելու է անձամբ Ադրբեջանի նախագահը եւ նրա ռազմաքաղաքական վարչակազմը: Զարգացումների այս սցենարում հատուկ կարեւորում ենք սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի վերջնական համաձայնեցումը եւ կիրառումը, եւ կոչ ենք անում Մինսկի խմբի համանախագահներին` օգտագործել բոլոր հնարավոր լծակները` այս մեխանիզմի հաստատման դեմ Ադրբեջանի իշխող ռեժիմի խոչընդոտները հաղթահարելու ուղղությամբ», - ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

 

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է Հայաստանի պետական սահմանի պաշտպանությունը իրականացնելիս զոհված Նորայր Պետրոսյանի ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին, իսկ Արթուր Ասոյանին մաղթում շուտափույթ ապաքինում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին