Դիլիջանի բազմակողմանի զարգացման նպատակով ստեղծվել է հիմնադրամ - Mediamax.am

7306 դիտում

Դիլիջանի բազմակողմանի զարգացման նպատակով ստեղծվել է հիմնադրամ


Վերոնիկա Զոնաբենդը
Վերոնիկա Զոնաբենդը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կողմից ստեղծվել է «Դիլիջանի զարգացման հիմնադրամ»:

Այդ մասին մայիսի 31-ին Դիլիջանում կայացած մամուլի ասուլիսում տեղեկացրել են IDeA հիմնադրամի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը եւ «Դիլիջանի զարգացման հիմնադրամ»-ի տնօրեն Արթուր Հակոբյանը:

 

«Որպեսզի UWC Dilijan միջազգային դպրոցը դառնա քաղաքի օրգանական մասնիկը, այստեղ պետք է մի շարք փոփոխություններ տեղի ունենան»,- ասել է Վերոնիկա Զոնաբենդը՝ նշելով, որ հենց այդ փոփոխություններին նպաստելու նպատակով ստեղծվել է հիմնադրամը:

 

Դիլիջանի զարգացման հիմնադրամը եւ IDeA հիմնադրամը հունիսի 1-ին մասնակցություն են ունեցել Դիլիջանում երեխաների միջազգային օրվան նվիրված միջոցառումներին՝ մաքրելով Դիլիջանի քաղաքային լիճն ու հարակից տարածքը, անվճար պաղպաղակ բաժանելով դիլիջանցի երեխաներին:

 

Նորաստեղծ հիմնադրամի տնօրեն Արթուր Հակոբյանն ասել է, որ նպատակ ունեն Դիլիջանը դարձնել մշակութային եւ զբոսաշրջության կենտրոն, բարձրացնել նրա գրավչությունը ներդրողների, զբոսաշրջիկների եւ տեղի բնակիչների համար:

 

Հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններն են տնտեսական զարգացման, քաղաքի համար ենթակառուցվածքների եւ ծառայությունների ապահովումը, ինչպես նաեւ կրթական, մշակութային ոլորտների եւ հանրային կյանքի զարգացումը:

 

«Այս փուլում դժվար է գնահատել անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը, սակայն, ակնհայտ է, որ պահանջվում են ծավալուն ներդրումներ», - ասել է Արթուր Հակոբյանը: Նա նշել է, որ բացի հիմնադիրների կողմից տրամադրվող գումարներից, հիմնադրամը ձգտելու է նաեւ միջոցներ ներգրավել միջազգային դոնորներից, ինչպես նաեւ մասնավոր ընկերություններից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին