Պեկինը պատրաստ է ֆինանսավորել Հայաստանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոց կառուցելու ծրագիրը - Mediamax.am

3080 դիտում

Պեկինը պատրաստ է ֆինանսավորել Հայաստանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոց կառուցելու ծրագիրը


Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Չանչունը
Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Չանչունը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Չինաստանը պատրաստ է ֆինանսավորել Հայաստանում չինարենի խորացված ուսուցմամբ միջազգային դպրոց կառուցելու ծրագիրը:

Այդ մասին ասել է Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Չանչունը ՀՀ կրթության նախարար Արմեն Աշոտյանի հետ հանդիպման ժամանակ:

 

Կրթության նախարարության հաղորդագրության համաձայն, Արմեն Աշոտյանը նշել է, որ չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցը լինելու է կրթության նախարարության ենթակայությամբ գործող դպրոց, որտեղ կկազմակերպվի չինարեն լեզվի, ինչպես նաեւ մշակույթի եւ պատմության ուսուցում:

 

Անդրադառնալով դպրոցի կառավարման կազմակերպմանը՝ նախարարը ներկայացրել է Հայաստանի դպրոցների կառավարման համակարգը՝ նշելով, որ  չինական կողմը եւս կարող է ներգրավվել դպրոցի կառավարման գործընթացին՝ ունենալով իր ներկայացուցիչներին դպրոցի կառավարման խորհրդում:

 

Հայկական կողմն ակնկալում է չինացի մասնագետների աջակցությունը կրթական ծրագրերի ու ուսուցման մեթոդների հարցում: 

 

«Չինական հրաշքի մասին ողջ աշխարհը  հիացմունքով է խոսում: Ես հույս ունեմ, որ մենք համատեղ ջանքերով  Հայաստանում, ի դեմս այս դպրոցի, կստեղծենք չինական փոքրիկ հրաշք»,-  ասել է Արմեն Աշոտյանը:

 

Կողմերը նշել են, որ չինական դպրոցի նախագիծը ձեւի եւ բովանդակության առումով  տարածաշրջանում եւ նախկին ԽՍՀՄ երկրների տարածքում բացառիկ կլինի եւ կարող է հետաքրքրություն առաջացնել նաեւ Հայաստանի սահմաններից դուրս:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին