Հարցում. Հայաստանցիների մեծամասնությունը կողմ է հարաբերությունների հավասար զարգացմանը եւ ԵՄ-ի, եւ Ռուսաստանի հետ - Mediamax.am

4574 դիտում

Հարցում. Հայաստանցիների մեծամասնությունը կողմ է հարաբերությունների հավասար զարգացմանը եւ ԵՄ-ի, եւ Ռուսաստանի հետ


Լուսանկարը` ria.ru


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի բնակչության մեծամասնության (51%) կարծիքով, ՀՀ-ն պետք է հարաբերությունները զարգացնի հավասարապես եւ Եվրամիության, եւ Ռուսաստանի հետ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին են վկայում Սիվիլիթաս հիմնադրամի կողմից  2014թ. հունիսին ՀՀ ամբողջ տարածքում անցկացված հեռախոսային հարցումների տվյալները, որոնց արդյունքներն այսօր ներկայացվել են Երեւանում կայացած «Ի՞նչ գիտենք մեր արտաքին քաղաքականության տարբերակների մասին» թեմայով քննարկման ժամանակ:

 

Հարցվածների 34%-ի կարծիքով, Հայաստանը պետք է խորացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ, մինչդեռ 10%-ը գտնում է, որ երկիրը չպետք է ընտրություն կատարի Եվրոպայի կամ Ռուսաստանի միջեւ:

 

Հարցման արդյունքներով, Հայաստանի հանրությունն ավելի լավ տեղեկացված է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մասին, քան Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների, որոնք տեւել են ավելի քան 3 տարի: ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի գործընթացի մասին լսել է Հայաստանի բնակչության 65%-ը, մինչդեռ ՄՄ-ին անդամակցելու մասին տեղյակ է բնակչության շուրջ 80%-ը:

 

Ըստ հարցման արդյունքների, բնակչությունը հիմնականում տեղեկացված չէ արտաքին այս կառույցներից որեւէ մեկին ինտեգրվելու մանրամասների եւ հնարավոր ազդեցությունների մասին:

 

«Ձեր կարծիքով, ո՞րը կլինի Մաքսային միությանն անդամակցելուց Հայաստանի ամենամեծ օգուտը» հարցին հարցվածների 21%-ը պատասխանել է «չգիտեմ», 13%-ը նշել է «ռազմական անվտանգությունն ու խաղաղությունը», 12%-ը` «արտահանման եւ ներմուծման աճը, մեծ շուկայի առկայությունը», 13%-ը՝ «ոչ մի օգուտ», 9%-ը՝ «ավելի հեշտ արտագնա աշխատանքի մեկնելը»:

 

Բնակչության 32%-ը չի պատկերացնում, թե որը կարող է լինել ՄՄ-ին անդամակցելու ամենամեծ վնասը, մինչդեռ 16%-ը նշել է ինքնիշխանության վտանգումը եւ Ռուսաստանից կախվածությունը, 11%-ը՝ արտագաղթի աճը, 7%-ը՝ գների աճը, եւ այլն: 

 

Հարցվածների 27%-ը չգիտի, թե որը կլինի ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների խորացման ամենամեծ օգուտը, իսկ 15%-ի կարծիքով, Հայաստանի համար որեւէ օգուտ դրանից չի լինի: Հարցվածների 7%-ը նշել է եվրոպական շուկա դուրս գալու հնարավորությունը, 5%-ը՝ հետագայում այնտեղ առանց մուտքի արտոնագրի այցելելու հնարավորությունը, 5%-ը՝ Հայաստանի առավել ժողովրդավար դառնալը:

 

Հարցվածների 31%-ը տեղյակ չէ նաեւ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման վնասների մասին, մինչդեռ 18%-ի կարծիքով, ամենամեծ վտանգը կլինի ազգային արժեքների կորուստը, 9%-ի կարծիքով՝ վատ բարքերի տարածումը:

 

Հեռախոսային հարցումն իրականացվել է 2014թ. հունիսի 19-ից 22-ը Հայաստանի բոլոր մարզերում եւ Երեւանում պատահականորեն ընտրված ամրակցված հեռախոսահամար ունեցող շուրջ 1000 բնակչի շրջանում:

 

Հարցաշարը կազմվել է Սիվիլիթաս հիմնադրամի եւ վերանայվել միջազգային փորձագետների կողմից: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին