Հեռարձակման թվայնացման հետ կապված մի շարք հարցեր կարգավորման կարիք ունեն - Mediamax.am

2501 դիտում

Հեռարձակման թվայնացման հետ կապված մի շարք հարցեր կարգավորման կարիք ունեն


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում բավարար ջանքեր չեն գործադրվել հեռարձակման թվայնացման վերաբերյալ իրազեկության մակարդակը բարձրացնելու համար:

Այս մասին ասված է «Հայաստանում անալոգայինից թվային հեռարձակման անցնելու գործընթացի մասին» զեկույցում, որի շնորհանդեսը այսօր կայացել է Երեւանում:

 

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ Հայաստանը հանձնառություն է ստանձնել հեռարձակման ոլորտի թվայնացումն ավարտել մինչեւ 2015 թ. հուլիսը:

 

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի կողմից եւ ԵԱՀԿ աջակցությամբ պատրաստված զեկույցում նշվում է, որ, թեեւ տեխնիկական աշխատանքները ընդունված ժամանակացույցով են ընթանում, այնուամենայնիվ, անապահով ընտանիքներին թվային կցուրդներ տրամադրելու կարգն անհստակ է: Զեկույցը վեր է հանել նաեւ օրենսդրության մեջ առկա բացերը, օրինակ, մասնավոր մուլտիպլեքսների լիցենզավորման գործընթացի մասին իրավական դրույթների բացակայությունը, ինչպես նաեւ հեռարձակման տարբեր տեխնոլոգիաների մասով անորոշությունը, եւ այն ազդեցությունը, որը այն կարող է ունենալո երկրում մամուլի ազատության վրա:

 

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասել է, որ զեկույցը պարունակում է մի շարք առաջարկություններ թվային հեռարձակման անցնելու տեխնիկական եւ սոցիալական ասպեկտների վերաբերյալ, որոնք պետք է հաշվի առնվեն:

 

«ԵԱՀԿ աջակցությամբ եւ գործընկեր կազմակերպություններից բաղկացած աշխատանքային խմբի գործունեության արդյունքում մշակվել եւ Ազգային ժողով է ներկայացվել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծ՝ ուղղված զեկույցում նշված օրենսդրական խնդիրների լուծմանը»,- ասել է Աշոտ Մելիքյանը:

 

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրերի ղեկավար Օլիվեր Մակքոյի խոսքերով, հեռարձակման մասին օրենքի նոր նախագիծը արտացոլում է ԵԱՀԿ փորձագետների կողմից արված առաջարկությունների հիմնական մասը:

 

«Հավատացած եմ, որ այսօրվա քննարկումները հիմք կդառնան քաղաքացիական հասարակության եւ կառավարության միջեւ երկխոսության համար, երբ Հայաստանը գտնվում է դեպի թվային հեռարձակման համակարգի անցման կարեւոր տեխնոլոգիական իրադարձության շեմին»,- ասել է ԵԱՀԿ ներկայացուցիչը:

 

Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանի խոսքերով, թվային հեռարձակման համակարգի անցման գործընթացում շատ էին անորոշություններն ու ոչ հետեւողական վերաբերմունքը, մասնավորապես, ինստիտուցիոնալ առումով, ինչը հնարավորություն չէր տալիս աշխատել ռազմավարության մշակման վրա:

 

«Հիմա շատ արագ, մեկ կամ մեկ ու կես տարվա ընթացքում պետք է ուղղել սխալները: Կարեւոր է ուշադրություն դարձնել հարեւան Վրաստանի փորձին, հատկապես իրավական կարգավորումների տեսանկյունից: Վրաստանում թվային հեռարձակման համակարգի անցման ժամանակ հնարավոր եղավ ապահովել բոլոր հեռուստաընկերությունների շարունակական գործունեությունը»,- ասել է Բորիս Նավասարդյանը:

 

Նշենք, որ Մեդիամաքս-ն ավելի վաղ անդրադարձել էր այս թեմային ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանի հետ հարցազրույցում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին