Լույս է տեսել «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գիրքը - Mediamax.am

3611 դիտում

Լույս է տեսել «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գիրքը


Հայկ Դեմոյանը
Հայկ Դեմոյանը

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Երեւանում տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանի «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գրքի շնորհանդեսը:

Գիրքը տպագրված է երկու լեզուներով` հայերենով եւ անգլերենով:

 

«Սա երկարատեւ հավաքչական աշխատանքի արդյունք է: Գրքում ներկայացված գրեթե բոլոր թերթերի բնօրինակները թանգարանն ունի: Սա տարբեր աճուրդներից գնված, անհատների կողմից նվիրաբերումների արդյունքում ձեւավորված հավաքածու է»,- ասել է գրքի հեղինակը:

 

Հայկ Դեմոյանն ասել է, որ մտադիր է գրքի երեք օրինակ ուղարկել Թուրքիայի ղեկավարությանը:

 

«Մոտակա երկու ամիսներին թանգարան-ինստիտուտն ինտենսիվ գրահրատարակչական աշխատանք է ձեռնարկելու: Զուգահեռ ընթանում են ժամանակավոր ցուցադրությունների նախապատրաստման աշխատանքներ: Բոլոր արտագնա ցուցադրությունները կազմակերպված են լինելու բարձր մակարդակով, բազմալեզու կատալոգների ուղեկցությամբ»,- ասել է ՀՑԹԻ տնօրենը:

 

Հայկ Դեմոյանը նշել է, որ թանգարան-ինստիտուտը հաջորդ տարվա համար հանդես է գալու 22 ժամանակավոր ցուցադրություններով: 2015թ. մարտին խոշոր ցուցադրություն կկազմակերպվի Փարիզի քաղաքապետարանում:

«Կես տարի հետո, երբ կբացվի թանգարանի մշտական ցուցադրությունը, պատրաստվում ենք աննախադեպ բան ներկայացնել հանրությանը: Թանգարանը ներկայացված է լինելու աշխարհի ցանկացած անկյունում՝ Ավստրալիայից մինչեւ Կանադա: Մենք ունենք հրավերներ, որոնց արդեն տվել ենք մեր համաձայնությունը»,- ասել է թանգարան-ինստիտուտի տնօրենը:

 

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը, ելույթ ունենալով գրքի շնորհանդեսի ժամանակ, ասել է, որ այս աշխատությունն ամբողջությամբ համապատասխանում է Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների համատեքստում հայկական կողմի հետապնդած նպատակներին:

 

«Այս գրքից մենք տեսնում ենք, թե մեր ժողովրդի ամենածանր օրերին որքան լայնածավալ աջակցություն է եղել տարբեր անհատների, կառույցների կողմից:  Այս էջերից մենք եւս մեկ անգամ տեսնում ենք, ովքեր են եղել մեր կողքին, ովքեր են իրենց գործով եւ խոսքով օգնել մեզ վերապրել այս ամենը»,- ասել է Վիգեն Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին