IDeA-ն Դիլիջանում կանանց ռեսուրս կենտրոն կստեղծի - Mediamax.am

4344 դիտում

IDeA-ն Դիլիջանում կանանց ռեսուրս կենտրոն կստեղծի


Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA


Երեւան: Մեդիամաքս: «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի Դիլիջանի զարգացման ծրագրի շրջանակում նախատեսվում է քաղաքում կանանց ռեսուրս կենտրոն հիմնել:

IDeA-ի նախաձեռնությամբ այսօր Դիլիջանում կազմակերպվել է տեղաբնակ կանանց ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Ներկայացվել են ասեղնագործական, գոբելենագործական, գորգագործական, նկարչական աշխատանքներ, արհեստական եւ բնական քարերից պատրաստված զարդեր:

 

«Ցուցահանդեսը կազմակերպվել է՝ գնահատելու համար, թե տեղացի կանայք հատկապես արհեստագործական որ ուղղություններն են նախընտրում, ինչն էլ կանխորոշիչ կդառնա ապագա ռեսուրս կենտրոնի զարգացման ուղղությունների ընտրության, անհրաժեշտ միջոցառումների գնահատման համար, որոնք կապահովեն կենտրոնի հետագա բարեհաջող գործունեությունը: Նմանատիպ նախագիծ իրականացվել է Գորիսում, ստեղծվել է բավականին հետաքրքիր փորձ, որն օգտակար կլինի նաեւ Դիլիջանի կենտրոնի գործունեության համար:»,- ասել է Դիլիջանի զարգացման ծրագրի ներդրումների բաժնի ղեկավար Դավիթ Իսկանդարյանը:

 

Նախատեսվում է, որ կենտրոնի անդամ կանայք կվերապատրաստվեն, իսկ նրանց ձեռքի աշխատանքները կիրացվեն նաեւ որպես հուշանվերներ:

 

IDeA հիմնադրամի եւ UWC Դիլիջան քոլեջի նախաձեռնությամբ Դիլիջանում այսօր

մեկնարկել է մեկ այլ միջոցառում եւս. քաղաքի փոքրիկները դեկտեմբերի 19-ին, 21-ին եւ 22-ին հնարավորություն կունենան դիտելու Հենրիկ Մալյանի անվան թատրոնի ներկայացումները:

 

«IDeA հիմնադրամը, որը կարեւոր ծրագրեր է իրականացում քաղաքում, արդեն երկրորդ տարին է, որ Ամանորին նման կրթամշակութային միջոցառումներ է կազմակերպում քաղաքի փոքրիկների համար: Կարծում ենք, սա լավ նախաձեռնություն է, եւ երեխաները կարող են վայելել հետաքրքիր թատերական ներկայացումները»,- ասել է Դիլիջանի երիտասարդական կենտրոնի տնօրեն Արմինե Գրիգորյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին