Լոնդոնը բացատրել է Հայոց ցեղասպանությունը չճանաչելու պատճառը - Mediamax.am

4752 դիտում

Լոնդոնը բացատրել է Հայոց ցեղասպանությունը չճանաչելու պատճառը


Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգթոնը
Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգթոնը

Լուսանկարը` http://www.euractiv.com/


Երեւան: Մեդիամաքս: Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգթոնը Համայնքների պալատում Հայոց ցեղասպանության շուրջ անցնող քննարկումների ժամանակ հայտարարել է, որ Բրիտանիայի կառավարությունը որպես ցեղասպանություն ճանաչում է միայն այն դեպքերը, որոնք նման որակավորում են ստացել միջազգային դատարաններում:

«Իրար հաջորդող կառավարությունների քաղաքականությունն անփոփոխ է 1988-ից, երբ առաջացավ այս հարցը: Դա հանցագործություն է, եւ Մեծ Բրիտանիայի կառավարությունը որպես ցեղասպանություն է ճանաչում միայն այն դեպքերը, որոնք նման որակավորում են ստացել միջազգային դատարաններում, օրինակ՝ Հոլոքոստը, կամ Սրեբրենիցայում ու Ռուանդայում եղած ջարդերը: Մենք քաղաքական դատողություններ չենք անում՝ «ցեղասպանություն» տերմինը կիրառելով մի շարք իրադարձությունների դեպքում, լինի դա Հայաստանի դեպքում, Գոլոդոմորի ՝ Ուկրաինայում կամ 1998թ. Սադամ Հուսեյնի իրականացրած՝ քրդերի զանգվածային սպանությունների դեպքում»,- ասել է Դեյվիդ Լիդինգթոնը:

 

Իր ելույթում նա հայտնել է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին Երեւանում Մեծ Բրիտանիան կներկայացնեն հայ-բրիտանական խմբի ղեկավար Ջոն Ուիթինգդեյլը (John Whittingdale) եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը: Նախարարը նաեւ նշել է, որ Բրիտանիայի հայ համայնքի կողմից ապրիլի 24-ին եւ ամբողջ տարվա ընթացքում կազմակերպած միջոցառումները թույլ կտան պատմության այդ ժամանակաշրջանն ավելի լավ լուսաբանել բրիտանացիների համար, որոնցից շատերը գուցե առաջին անգամ լսեն այդ ամենի մասին:

 

Միաժամանակ՝ բրիտանացի նախարարը հայտարարել է, որ անցյալը ոգեկոչելով ու այդ մասին մտորելով՝ անհրաժեշտ է դեպի ապագա նայել: «Թուրքիայի եւ Հայաստանի ժողովուրդներն ու կառավարությունները պետք է հնարավորություն գտնեն առերեսելու սեփական պատմությանը եւ ստեղծելու նոր, ավելի կառուցողական հարաբերություններ: Բրիտանիայի դերի մի մասն էլ իր ձգտումն է՝ աջակցելու կողմերին այդ առաջընթացի ճանապարհին: Ես չեմ ձեւացնի, թե մենք կարող ենք Լոնդոնից ակնթարթային պատասխաններ առաջարկել, սակայն մենք անում ենք հնարավոր ամեն բան՝ խրախուսելու մարդկային շփումները ու կապերի փոխանակումը երկու երկրների միջեւ, որպեսզի վերանան խոչընդոտներն ու կարծրատիպերը: Օրինակ, վերջերս մենք մեծ հաջողությամբ ավարտեցինք Chevening ծրագրով թուրք եւ հայ ուսանողների փոխանակումը, որոնք առաջին անգամ փոխադարձ այցեր կատարեցին [Հայաստան եւ Թուրքիա]»,- ասել է Դեյվիդ Լիդինգթոնը:

 

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի Լեյբորիստական կուսակցության պատգամավոր Սթիվեն Փաունդը, իր հերթին, ընդգծել է. «Մենք հնարավորություն ունենք ճիշտ բան անելու՝ ոչ միայն Հայաստանի ու հայ ազգի, այլեւ ամբողջ մարդկության համար: Մարդկությունը իսկապես 1915թ. տեղի ունեցածի ճանաչման կարիք ունի: Քանի դեռ այն հերքվում է, այն կարող է կրկնվել: Քանի դեռ մենք ասում ենք «նման բան չի եղել», կարծես լսում ենք 1939թ. Հիտլերի սարսափելի խոսքերի արձագանքը, որ նա ասել էր Լեհաստանի վրա հարձակումն արդարացնելու համար. «Իսկ ո՞վ է հիմա հիշում հայերի ոչնչացման մասին»»,- նշել է խորհրդարանականը:

 

Սթիվեն Փաունդը ընդգծել է, որ «տեղի՞ է ունեցել արդյոք ցեղասպանություն» հարցադրումն իմաստ չունի՝ հիշեցնելով, որ հայերը ոչնչացվել են ոչ միայն 1915թ., այլեւ դրանից առաջ էլ, այդ թվում՝ 1894-1896 թթ. եւ Ադանայում՝ 1909թ.:

 

 

 

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին