Սփյուռքահայ պատմաբանները հյուրընկալվել են UWC Դիլիջան քոլեջում - Mediamax.am

6204 դիտում

Սփյուռքահայ պատմաբանները հյուրընկալվել են UWC Դիլիջան քոլեջում


Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA


Երեւան: Մեդիամաքս: UWC Դիլիջան քոլեջում շարունակվում է մարդասիրական թեմաներին վերաբերող դասախոսությունների շարքը՝ նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Մարտի 31-ի երեկոյան քոլեջի ուսանողական եւ դասախոսական կազմի առջեւ դասախոսությամբ հանդես եկան սփյուռքահայ հայտնի պատմաբաններ` Աշխարհաքաղաքական հետազոտությունների ֆրանսիական ինստիտուտի  (Institut Français de Géopolitique) ղեկավար, Փարիզի Սեն Դենիի համալսարանի պրոֆեսոր Ռայմոն Գեւորգյանը եւ Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանի դասախոս Ստեփան Աստուրյանը:

 

Նրանք անդրադարձան ցեղասպանություններին, դրանք ծնող պատճառներին, զուգահեռներ անցկացրեցին Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոսթի միջեւ: Նրանք խոսեցին նաեւ մարդասիրության մասին՝  ընդգծելով, որ տարբեր երկրների բարեգործական կազմակերպություններ օգնության ձեռք են մեկնել Հայոց ցեղասպանությունից փրկվածներին:

 

Դասախոսությունների շարքը կազմակերպվել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի եւ UWC Դիլիջան քոլեջի համատեղ նախաձեռնությամբ:

 

«Մեր քոլեջի կրթական գաղափարախոսության հիմնական խնդիրներից է՝  առավելագույնս տեղեկացված լինել այն ժողովուրդների պատմությանը եւ մշակույթին, որտեղ գտնվում է մեր քոլեջը ՝ միաժամանակ հաշվի առնելով ուսանողների միջազգային ներկայացվածությունն ու մտածողությունը: Այս տարի, երբ նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, մենք հրավիրում ենք հայտնի գիտնականների՝ քննարկելու ընդհանրապես ցեղասպանությանը եւ մասնավորապես Հայոց ցեղասպանությանն առնչվող հարցերը տարբեր տեսանկյուններից»,- ասել է քոլեջի տնօրեն Ջոն Փադըֆութը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին