100 LIVES-ը գումար է փոխանցել Նեպալի երկրաշարժից տուժածներին - Mediamax.am

9193 դիտում

100 LIVES-ը գումար է փոխանցել Նեպալի երկրաշարժից տուժածներին


Լուսանկարը` www.nbcnews.com


Երեւան: Մեդիամաքս: «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի 100 LIVES («100 Կյանք») նախագիծը $ 100 հազ. է փոխանցել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին (UNICEF)՝ Նեպալի ավերիչ երկրաշարժից տուժած երեխաներին օգնելու նպատակով:

Նվիրատվությունն իրականացվում է «Հայերը՝ Նեպալին» խորագրով մարդասիրական ակցիայի շրջանակում,  որով կոչ է արվում հայկական կազմակերպություններին միանալ նախաձեռնությանը  եւ աջակցել  երկրաշարժից տուժած երեխաներին օգնելու UNICEF-ի ջանքերին:

 

«Նեպալում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը զգալի վնաս է պատճառել հարուստ պատմություն ունեցող այդ երկրին: Մեր ցավակցությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր տուժել  են այդ ահավոր աղետից: 100 LIVES-ը նախաձեռնվել է որպես մարդասիրական նախագիծ, եւ մենք չենք կարող անտարբեր լինել,  երբ մարդիկ տառապում են: Հենց նման դեպքերում են դրսեւորվում մարդկային ոգու լավագույն  հատկությունները, եւ ես ողջ աշխարհի հայերին հորդորում եմ միանալ  նախաձեռնությանն ու իրենց աջակցությունը ցուցաբերել տուժածներին»,- ասել է IDeA հիմնադրամի եւ 100 LIVES-ի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

 

«Մեր ժողովուրդը  շատ լավ է ծանոթ նման աղետների պատճառած ցավին, եւ գիտի նաեւ գնահատել օգնության մեկնած ձեռքը: Մենք միշտ շնորհակալ ենք եղել բոլոր նրանց, ովքեր օգնեցին մեզ 1988թ. աղետալի երկրաշարժի ժամանակ: Ողջ աշխարհն է աջակցում Նեպալի ժողովրդին, եւ մենք նույնպես անմասն չենք կարող մնալ: Այդ իսկ պատճառով որոշեցինք գումարը փոխանցել UNICEF-ին, որն օգնում է երկրաշարժից տուժած երեխաներին»,- իր հերթին նշել է IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գեւորգյանը:

 

Նեպալի երկրաշարժից տուժածներին աջակցելու համար հնարավոր է ուղիղ նվիրատվություն կատարել՝ այցելելով այստեղ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին