Պատչ Ադամսի հրաշագործությունները Հայաստանում - Mediamax.am

exclusive
9327 դիտում

Պատչ Ադամսի հրաշագործությունները Հայաստանում


Լուսանկարը` IDeA հիմնադրամ

Լուսանկարը` IDeA հիմնադրամ

Լուսանկարը` IDeA հիմնադրամ

Լուսանկարը` IDeA հիմնադրամ

Լուսանկարը` IDeA հիմնադրամ

Լուսանկարը` IDeA հիմնադրամ

Լուսանկարը` IDeA հիմնադրամ

Լուսանկարը` IDeA հիմնադրամ

Լուսանկարը` IDeA հիմնադրամ

Լուսանկարը` IDeA հիմնադրամ

Լուսանկարը` IDeA հիմնադրամ

Լուսանկարը` IDeA հիմնադրամ

Լուսանկարը` IDeA հիմնադրամ

Լուսանկարը` IDeA հիմնադրամ

Լուսանկարը` IDeA հիմնադրամ

Լուսանկարը` IDeA հիմնադրամ


Բժիշկ, ծաղրածու, հիվանդանոցային ծաղրածուական արվեստի հիմնադիր Պատչ Ադամսի հայաստանյան այցից մոտ կես ամիս է անցել, սակայն նրա ու ծաղրածուական թիմի գործած հրաշագործությունների մասին շարունակում են խոսել մինչ օրս: Երեւանի, Գյումրիի, Վանաձորի եւ Դիլիջանի մանկատներում ու մանկական հիվանդանոցներում «Դոկտոր Ծիծաղի» մասին դեռ երկար կհիշեն:

 

Մեդիամաքսը փորձել է պարզել՝ ի՞նչ տվեց այդ այցն ու ի"նչ փոխեց հաստատություններում խնամք ստացող եւ աշխատող մարդկանց կյանքում:

 

Գայանե Բալասանյան, Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան արատաբան

 

Պատչ Ադամսի եւ նրա թիմի ծաղրածուների այցը մանկատուն շատ անսպասելի էր երեխաների համար: Նրանք զարմացած էին ու տպավորված: Աշխատողները խառնվել էին երեխաներին, մոռացել իրենց տարիքը: Լավ ժամանակ անցկացրեցինք: Երեխաները չէին ուզում, որ օրը վերջանա:

 

Մեր մանկատանը Պատչ Ադամսն այցելեց ամենածանր մտավոր եւ ֆիզիկական խնդիրներով երեխաներին: Իր մոտեցումը երեխաներին շատ հետաքրքիր էր, մեր աշխատողները համակ ուշադրությամբ հետեւում էին, թե ինչպես է աշխատում:

Լուսանկարը` IDeA հիմնադրամ

Սկզբում երեխաները շատ լարված էին, իսկ վերջում բավարարված ու հանգիստ վիճակի հասան: Այն երեխաները, որոնց օրվա մեջ նույնիսկ մի վայրկյան ժպտալիս կարող է չտեսնեինք, շատ խաղաղված էին: Խմբի աշխատողները հասկացան՝ անգամ այդ ծանր խմբերում կարելի է երեխաներին այնպիսի մոտեցում ցույց տալ, որ նրանք եւս առաջընթաց ունենան, հանգիստ վիճակի հասնեն: Երեխաներն այդ սիրո եւ ծիծաղի կարիքը շատ ունեն: 

 

Անահիտ Ամիրյան, Երեւանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի մեթոդիստ-համակարգող

 

Շատ հաճելի օր էր: Այդ երկու ժամը շատ ուրախ անցավ: Երեխաների համար մեծ զարմանք էր՝ խաղեր էին խաղում, երաժշտական գործիք էին բերել, նվագում էին, պարում: Մենք 6 խումբ ունենք, իրենք բաժանվեցին այդ խմբերում եւ զբաղեցրեցին երեխաներին:

Լուսանկարը` IDeA հիմնադրամ

Պատչ Ադամսն այցելեց շուրջօրյա խնամքի տակ գտնվող երեխաների խումբ: Մեր փոքրիկներից մեկի ոտքը կոտրված էր, երկար ժամանակ այդ երեխայի հետ անցկացրեց: Ամեն կերպ փորձում էին շեղել եւ ուրախություն պարգեւել մեր սաներին:

 

Երեխաների հետ աշխատելու իրենց ձեւը հատուկ մանկավարժություն է, որը մենք պետք է հաշվի առնենք եւ ներառենք մեր աշխատանքում:

 

Մարինե Դավթյան, Վանաձորի մանկատան տնօրեն

 

Երեխաների համար այդ այցը շատ անակնկալ էր, մենք նախապես իրենց չէինք ասել, որ ծաղրածուների խումբ է այցելելու: Շատ տպավորված ու ոգեւորված էին: «Ժպիտը» (Պատչ Ադամսին նկատի ունի-հեղ.) այցելեց տարբեր խմբեր, անհատական խաղեր խաղացին, պարեցին ու երգեցին: Ամբողջ մանկատունը՝ ե՛ւ երեխաները, ե՛ւ անձնակազմը, ներգրավվեցին դրանում: Այցը երկար չտեւեց, բայց այդ ընթացքում մենք սովորեցինք ավելի բարի լինել, երեխաներին ժպտալ սովորեցնել: Ժպիտի խորհրդանիշը ժպիտ բերեց երեխաներին:

Լուսանկարը` IDeA հիմնադրամ

Սիրանուշ Աբովյան, Վանաձորի մանկատան սան

 

Մենք շատ ուրախ էինք: Ամեն ինչ այնքան գեղեցիկ էր: Մեզ ծիծաղեցնում էր, խաղեր էին մեզ հետ խաղում: Ես սովորեցի, որ պիտի միշտ ժպտամ, բոլորին ուրախացնեմ ու շատ սիրեմ: Դժվար բաժանվեցինք իրենցից: Շատ կցանկանանք, որ նման այցերը հաճախ լինեն: Մենք կկարոտենք ժպտացող ծաղրածուներին:

 

Ռուզաննա Արզումանյան, «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Դիլիջանի Երեխայի խնամքի ցերեկային կենտրոնի տնօրեն

 

Մեր կենտրոնում խնամք են ստանում կյանքի դժվար իրավիճակներում հայտնված եւ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ: Թե՛ մենք, թե՛ երեխաները տպավորված էինք Պատչ Ադամսի այցով:

 

Այդ այցը շատ մեծ նվաճում ունեցավ: Կենտրոնում մանկական ուղեղային կաթվածով բալիկ ունենք, ով ձախ ձեռքը բացարձակ չի շարժում: Նելլին 12 տարեկան է: Պատչ Ադամսն ուղղակի հրաշք գործեց, ու երեխան բարձրացրեց ձախ ձեռքը: Նա պարզապես խաղում էր երեխայի հետ, ծիծաղեցնում նրան: Մեզ համար ձեռքբերում էր, կարողացանք տեսնել, որ երեխան ունի այդ հնարավորությունը, եւ հետագայում կկարողանանք մասնագետների միջոցով նրա մոտ այդ հմտությունը զարգացնել:

Լուսանկարը` IDeA հիմնադրամ

Ունեցանք նաեւ առանձին հանդիպում մանկական հոգեբանի ու ծնողների հետ: Իհարկե, ժամանակը կարճ էր, բայց ծնողները եւս շատ տպավորված էին:

 

Մենք Ադամսին հարցրեցինք, թե որն է իր գաղտնիքը, ինչպես կարող ենք մենք էլ անել այդ հրաշագործությունը: Նա միայն մեկ պատասխան տվեց. «Սիրեք իրար եւ սիրեք շրջապատող աշխարհը: Ծիծաղեք հնարավորինս շատ»: Բժշկական մոտեցման վերաբերյալ այլ բան նույնիսկ չփորձեցինք հարցնել: Մենք որոշեցինք, որ բացակա երեխաների համար եւս նման օր կազմակերպենք, պարբերաբար երեխաներին կներգրավենք այդպիսի իրավիճակներում, որպեսզի լիցքաթափվեն: 

 

Սոնա Սիմոնյան, Գյումրիի «Թռչունյան տուն» խնամքի գիշերային հաստատություն-կրթարանի տնօրեն

 

Հիացած ենք, նույնիսկ ցնցված: Այնպիսի երեխաներ ունենք, որ երբեւէ չեմ պատկերացրել, որ նրանք կծիծաղեն, գոնե մի պահ կկտրվեն դառը իրականությունից: Այդ երեխաները պարում էին, խաղում, ուրախանում: Այս տարիների ընթացքում ես նման բան երբեւէ չէի տեսել: Անձնակազմն ու երեխաները հրճվանքի մեջ էին, ամբողջ շենքում ծիծաղ եւ ուրախություն էր:

Լուսանկարը` IDeA հիմնադրամ

Շատ տոներ ու միջոցառումներ ենք ունեցել, բայց երբեք այդքան ուրախ չէին անցել: Շատ հետաքրքիր էր, թե որքան ճիշտ էին գտնում ամեն երեխային մոտենալու ձեւը: Իրենք հստակ գտնում էին այն, ինչի շնորհիվ կկարողանային երեխային հանել ծանր վիճակից: Արդյունքում վստահություն, անմիջականություն եւ մտերմություն էր ստացվում: Ապշեցուցիչ էր նաեւ այն, որ իրենք մի քանի ժամ շփվեցին երեխաների հետ, բայց ոչ մի վայրկյան չզգացվեց, որ տարբեր լեզուներով են խոսում ու չեն հասկանում միմյանց խոսքը: Այդ ընթացքում նրանք սիրո եւ ծիծաղի լեզվով էին խոսում իրար հետ: Ամեն մի երեխայի խնդիրն առանձնահատուկ է, եւ մենք այս այցից նրանց հետ աշխատելու նոր ձեւեր սովորեցինք:

 

Պատչ Ադամսն իր հայաստանյան այցն ամփոփել էր Մեդիամաքսին տված հարցազրույցում, որը կարող եք կարդալ այստեղ:

 

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին