IDeA եւ RVVZ բարեգործական հիմնադրամների համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը հունիսի 8-ին Երեւանում մեկնարկած Կանանց ձեռներեցության միջազգային համաժողովում հանդես է եկել ելույթով՝ պատմելով հիմնադրամների կողմից Հայաստանում իրականացվող կրթական նախաձեռնությունների եւ ժամանակակից կրթության ոլորտում կանանց դերի մասին:
Ելույթի առավել հետաքրքիր հատվածները ներկայացնում ենք ստորեւ:
Մեր հիմնադրամներում կանայք ներկայացված են բոլոր մակարդակներում: Մեր ծրագրերի իրականացնողների մեծ մասը կանայք են: Իրավիճակը Հայաստանում բավականին փոխվել է: 2000 թվականին, երբ նոր էի սկսում ծրագրեր իրականացնել Հայաստանում, երբեմն պատահում էր, որ Մոսկվա-Երեւան թռիչք իրականացնող ինքնաթիռում ես բացառիկ կին ուղեւորներից էի: Հիմա իրավիճակը շատ տարբեր է, եւ շատ կանայք են փորձում ակտիվ հանդես գալ բիզնեսում: Ես շատ եմ հարգում այն կանանց, որոնք դրդել են իրենց ամուսիներին, անգամ ազգությամբ ոչ հայ ամուսիններին, տեղափոխվել Հայաստան: Դա ինձ շատ զարմացնում է եւ հիացնում: Դա ցույց է տալիս, որ կանայք նոր դինամիկա են հաղորդում հասարակության զարգացմանը:
****
Ըստ ուսումնասիրությունների՝ Երեւանից դուրս բնակվող հայաստանյան ընտանիքների 80%-ն ապրում է առանց տղամարդկանց մշտական ներկայության: Դա նշանակում է, որ առօրյայում, կենցաղում որոշումներն արդեն իսկ ընդունվում եւ իրականացվում են կանանց կողմից: Կանայք, որոնք ավանդաբար զբաղված էին երեխաների, ընտանիքի անդամների խնամքով, սկսել են որոշումներ կայացնել նաեւ այն հարցերում, որոնց լուծումը սովորաբար տղամարդկանց պատասխանատվության ներքո էր:
****
Վերոնիկա ԶոնաբենդըԼուսանկարը` Մեդիամաքս
Մեր քոլեջ (UWC Dilijan–խմբ.) դիմող հայ երիտասարդների շրջանում մենք նկատել ենք հետեւյալ միտումը՝ աղջիկներն ավելի ակտիվ են, քան տղաները: Ընդհանուր առմամբ, տղաները պասիվ են, չեն ցանկանում ջանքեր գործադրել: Կարծում եմ՝ սրա պատճառները պետք է փնտրել ընտանիքներում ավանդական հարաբերությունների մեջ՝ ընտանիքներ, որտեղ տղաներին մեծացնում են որպես «ծառայություն իրականացնողներ», իսկ աղջիկներին՝ որպես հոր, ընտանիքի տղամարդու մասին հոգ տանող, խնամող: Դա հանգեցնում է այն երեւույթներին, որոնց ականատես ենք այսօր: Կանանց դերը՝ որպես ներկա եւ ապագա մայրեր, շատ կարեւոր է այս միտումը փոխելու համար: Իրականում, կանայք եւ աղջիկները ընտանիքից դուրս, հասարակական կյանքում ավելի ակտիվ լինելու, իրենց նախաձեռնություններն ու բիզնես-ծրագրերն իրականացնելու մեծ ներուժ ունեն:
****
Որպես կրթության ոլորտում ներգրավված անձնավորություն՝ ցանկանում եմ ասել, որ անհատի կրթությունն իրականացվում է ոչ միայն դպրոցում կամ բուհում: Մարդ կարող է կրթվել ամեն օր, իսկ թե ինչպիսի անհատ կձեւավորվի, ինչպիսի ապագա նա կունենա, կախված է ընտանիքից: Այս հարցում, հատկապես հայկական իրականության մեջ, մայրերն ավելի մեծ ազդեցություն ունեն երեխաների վրա, քան հայրերը: Կրթության համար կարեւոր է ոչ միայն ուսուցիչների դերը, այլեւ ընտանիքի մոր դերակատարությունը:
****
Մեր հիմնադրամներում եւ UWC Dilijan քոլեջում մենք փորձում ենք առաջ շարժվել ապագայի պահանջներին համապատասխան մոտեցումներով: Մենք ցանկանում ենք զարգացնել երեխաների մեջ ձեռնարկատիրական ոգին, ռիսկերին դիմելու ունակությունը, կարեկցող լինելու կարողությունը: Այս ամենը հիմնականում գալիս է կանանցից:
****
Ցանկացած նախաձեռնության մեջ, հատկապես կրթական ոլորտում, մենք փորձում ենք սովորեցնել, ցույց տալ, որ պետք է հավատալ եւ սիրել այն ամենը, ինչով զբաղվում ես, լինել խստապահանջ, բայց հավասարակշռված, առաջնորդվել երեխաների հետաքրքրությամբ եւ նրանց շահերը դասել ավելի բարձր, քան սեփականը: Կանայք, սովորաբար, իրենց երեխաների նկատմամբ հենց այդպես էլ վարվում են:
Գրի է առել Եկատերինա Պողոսյանը
Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի
















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: